Գազանանոցի տարածքում ապրող ընտանիքներին դեռ չեն վտարել
Արխիվ 16-20«Իրավունք»-ը 2014 թ-ին անդրադարձել էր կենդանաբանական այգու ետնամասում բնակվող Գյուրջյան փողոցի բնակիչների խնդրին:
Հիշեցնենք` Գյուրջյան փողոցի բնակիչ Սյուզան Մարգարյանը մեր թղթակցին հայտնել էր, որ կենդանաբանական այգին փակել է դեպի իրենց կացարաններ ու հողատարածքներ տանող ելքն ու մուտքը, որի պատճառով մոտ վեց ընտանիք դիմել է դատարան: Ավելին` կենդանաբանական այգու ղեկավարությունը քաղաքապետարանի թույլտվութամբ պահանջել է բնակիչներից ազատել տարածքը, քանի որ քաղաքապետարանի թույլտվությամբ այգու ընդլայնման ծրագիր է իրականացվելու:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին հարցրինք` ի վերջո, ինրով ավարտվեց Գյուրջյան փողոցի բնակիչների եւ կենդաբանական այգու ղեկավարության միջեւ առաջացած խնդիրը: «Նրանք այգիներ էին հիմնել կենդանաբանակ այգու տարածքում, որը խոչընդոտում է կենդաբանական այգու ընդլայնմանը: Մենք չէինք պահանջել այգիների տերերին հեռանալ, այլ կենդաբանական այգու ռեժիմին չխանգարող գործունեություն ծավալել: Մասնավորապես, չջրել այգիները կոյուղաջրերով: Չհամաձայնողները դիմեցին դատարան, որը մերժեց նրանց հայցը` հօգուտ այգու: Մենք այսօր իրավունք ունենք նրանց հեռացնելու, սակայն դա դեռ չենք արել»,- ասաց տնօրենը:
Տնօրենի խոսքով` Գյուրջյան փողոցի ոչ բոլոր բնակիներն են բողոքել: Ռ. Խաչատրյանը հավաստիացնում է `կենդանաբանական այգու հետ համաձայնության եկածներին դրամական խրախուսանք է տրվում` խնամելու իրենց այգիները, բայց դրանք չոռոգելու կեղտաջրերով:
Խաչատրյանը հավաստիացնում է` Գյուրջյանի շինությունները հիմնականում ամառանոցներ են եղել սեփանականատերերի համար, ոչ թե հիմնական կացարան: «Մշտապես բնակվողներին քաղաքապետարանը փոխհատուցել է: Դրանից հետո միայն քանդեցինք վագրերի ազատավանդակի գլխին կախված շինությունը»,-եզրափակեց այգու տնօրենը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

