«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում
Արխիվ 16-20Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում է համաճարակին հաղթահարելու նպատակով սահմանված կանոնների խախտմանը վերաբերող պատկերներ: Դրանք վարչապետի կողմից հայտարարված «Հանրային վերահսկողության» ֆլեշմոբի շրջանակներում արձանագրվում եւ վարչապետին են տրամադրվում քաղաքացիների միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գրում է. «Անկախ նրանից, թե ինչ նպատակի է ծառայում իրականացվող պրոցեսը եւ որքան արդար ու կարեւոր է հետապնդած նպատակը լուրջ կասկած կա այն մասին, որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
Իհարկե հանրային վայրերում լուսանկարում կամ նկարահանում իրականացնելն օրենքով արգելված չէ, սակայն իրավիճակը փոխվում է եթե դա կատարվում է «հսկում» իրականացնելու նպատակով, որի հետ կապված օրենքները կարգավորում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու դրա հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը»: Նույն ուղեցույցի համաձայն, «Տեսահսկման համակարգը տարածքի, միջոցառման, գործունեության կամ անձի տեսա/ձայնահսկումն է էլեկտրոնային սարքավորման միջոցով»: Քաղաքացիների կողմից լուսանկարումը կամ պատկերահանումն իրականացվում է բջջային հեռախոսի միջոցով ինչը համարվում է «էլեկտրոնային սարքավորում»: Միեւնույն ժամանակ վարչապետի կողմից պրոցեսին տրվել է «վերահսկողության» ձեւակերպումը: Հիմք ընդունելով ուղեցույցում տեղ գտած բացատրությունն ու նաեւ վարչապետի ձեւակերպումն այն ինչը, որ իրականացվում է քաղաքացիների կողմից համարվում է «Տեսահսկում» եւ ենթակա է այդ կապակցությամբ օրենքին եւ ուղեցույցին:
Ըստ վերը հիշատակված օրենքի եւ համապատասխան ուղեցույցի արձանագրված պատկերը կարող է անձնական տվյալ համարվել եթե «հնարավոր է նույնականացնել տեսագրության մեջ երեւացող անձի դեմքը (ուղղակի նույնականացում) կամ անհնար է նույնականացնել անձի դիմային առանձնահատկությունները, բայց տեսանկարահանված անձի ֆիզիկական կամ վարքագծային առանձնահատկություններն այլ տվյալի հետ համեմատելով՝ հնարավոր է նույնականացնել անձին (անուղղակի նույնականացում)»: Հետեւելով վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատկերներին կարելի է հաստատել, որ դրանց խոշոր մասը տեղավորվում է հիշյալ բացատրության շրջանակներում եւ համարվում է անձնական տվյալ, ինչը նշանակում է դրանց մշակման ու հրապարակման կարգը նույնպես պիտի տեղավորվի հիշյալ օրենքի եւ ուղեցույցի շրջագծում:
Նույն օրենքը տեսահսկման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքում, երբ «այլ եղանակներով անհնար է հասնել հետապնդվող նպատակին կամ պահանջվում է անհամաչափ ջանքեր»։ Հարց է ծագում, թե արդյո՞ք կառավարությունը սպառել է ժողովրդին կարգի հրավիրելու իր բոլոր հնարավորությունները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուրն ունի իր անձնական տվյալների մշակման մասին տեղեկություն ստանալու իրավունք: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի ստանալ տեղեկություն իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի եւ նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի եւ տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին, ինչպես նաեւ այն անձանց շրջանակը, որոնց կարող է փոխանցվել իր տեսագրությունը։ Նույն կապակցությամբ «Տեսահսկման ուղեցույց»-ում նույնպես «Բարեխղճության սկզբունք» գլխի տակ ընդգծված է «Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին»: Կասկածից վեր է, որ վերջին օրերին իրականացվող հասարակական վերահսկման դեպքում չեն հարգվել օրենքի պահանջները:
Միեւնույն ժամանակ, «Տեսահսկողը պարտավոր է տեսանկարները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար»: Օրենքի հիշյալ պահանջը նույնպես խախտվել է երբ դրանք սկսել են հրապարակվել վարչապետի ֆեյսբուքյան էջում, որին հետեւում է 820 հազար մարդ եւ պատկերներից որոշներն ունենում են ավելի քան տասնյակ հազարավոր դիտումներ: Վերջում հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ անտեսելով Արդարադատության նախարարության համապատասխան գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը բացատրելով անձնական տվյալը դա համարում է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Հետեւաբար հրապարակված պատկերներն առանց որեւէ առարկության համարվում են անձնական տվյալներ եւ պաշտպանված են օրենքով»:

