ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՏՐԵՑԻՆ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ
Արխիվ 16-20Այն, որ այս օրերին հայաստանյան իրավապահների «սուրբ պարտականությունն է»՝ հիմնական աշխատանքը թողած հետեւել, որ անցնող-դարձող ավտոմեքենաներում մարդիկ դիմակավորված լինեն, բոլորիս աչքի առաջ է: Ընդ որում, անգամ այն դեպքում, երբ ավտոմեքենայում բացառապես ընտանիքի անդամներ են, ովքեր ողջ օրը միասին են, այսինքն՝ հաստատ հասցրել են մեկը մյուսին վարակել, եթե, իհարկե, մեկը վարակված է: Բայց չէ, ոստիկանների համար դա էլ արդարացում չէ. պետք է տուգանել, եւ վերջ: Թե ինչու, որ տրամաբանությամբ, փորձեցինք պարզել՝ գնալով փոքրիկ պրովոկացիայի: Այսպես, ընտանիքի անդամի հետ, ունենալով հարազատության բոլոր հիմնավորումները, առանց դիմակի մոտեցանք առաջին ոստիկանական կետին: Նախ նշենք՝ դժվարությամբ. իրենց այդ ստուգումներով ոստիկաններին հաջողվել է այնպիսի խցանումներ սարքել, որը կորոնավիրուսային շատ ավելի մեծ վտանգ կարող է դառնալ, քան դիմակ չկրելը: Ինչեւէ, աչալուրջ օրենքի պաշտպանները, իհարկե՝ նկատեցին եւ կանգնեցրին մեքենան: «Խախտում եք անում»,- մեզ դիմեց կապիտանը: Բայց չհասցրեց տուգանել, քանի որ մեր հակադիր պարզ հարցը մտածելու տեղիք տվեց: «Ի՞նչ ենք խախտել, եթե ընտանիքի անդամներ ենք: Հարգելի ոստիկան, կարո՞ղ եք բացատրել Ձեր մեղադրանքի տրամաբանությունը»: Կապիտանը մի փոքր մտածելով` գտավ պատասխանը. «Ինչ տրամաբանություն, պարետի որոշում կա»: Բայց կարծես հաջորդ հարցին անպատրաստ էր. «Բայց չէ՞ որ ամեն որոշում պետք է տրամաբանության վրա հիմնված լինի: Եթե տրամաբանությունը չեք տեսնում, ապա ուզում եք ասել, որ պարետն անտրամաբանական որոշո՞ւմ է կայացրել»: Ինչ ասեր խեղճ ոստիկանը: Համաձայնվեր, սեփական վերադասին էր մեղադրելու: Չհամաձայնվեր, պետք է ընդուներ, որ «մատից ծծված» մեղադրանքով մարդկանց է տուգանում: Այս ոճի մեջ մի քանի այլ հարցուպատասխանից հետո կապիտանը չդիմացավ. «Ախպեր ջան, մենք ի՞նչ անենք, հրամայել են, մենք էլ էստեղ ենք»: Բայց չէ, անգամ մտերմիկ տոնը բան չփոխեց. «Պարոն ոստիկան, որեւէ տրամաբանություն չունեցող հրամաննե՞ր եք կատարում»: Այստեղ արդեն կապիտանը չդիմացավ՝ «հավուր պատշաճի» հիշելով հրաման տվողին էլ, որոշում ընդունողին էլ: Շարժվեցինք առաջ, դեպի հաջորդ ոստիկանական կետը: Այս անգամ կանգնեցնողը մայոր էր, բավականին հասակավոր, հարգարժան տեսքով ոստիկան: Զրույցը նույն ոճով էր, դետալները չկրկնենք: Այս անգամ վերջաբանն էր ավելի հետաքրքիր. ի տարբերություն երիտասարդ եւ քիչ փորձ ունեցող կապիտանի, բազմափորձ մայորը «բոլոր մանրամասներով» չհիշեց հրաման տվողներին, փորձեց հարցը տեղափոխել բարոյական դաշտ. «Եղբայր, վարակ է, ձեր համար ենք ասում»: Բայց հաջորդ հարցն էր դժվարը. «Հասկանում ենք, պարո՛ն մայոր: Պատրաստ ենք անգամ բոլոր խելքին մոտ դեպքերում հավուր պատշաճի դիմակ կրել: Խոսքն այս դեպքի մասին է, երբ ընտանիքի անդամի հետ ենք, վարակելու կամ վարակվելու որեւէ խնդիր չկա: Ո՞րն է դիմակ կրելու իմաստը»: Մայորը չդիմացավ. «Ինչ ասեմ, մենք էլ ենք տուն պահում»: «Այսպե՞ս»,- ուղղեցինք վերջին հարցը: «Ավելի լավ տարբերակ չկա»:
Երրորդ կետում պատկերը նույնն էր, բայց արդեն անհետաքրքիր: Ու այդպես էլ օրենքի ոչ մի պաշտպան չբացատրեց՝ ո՞րն է ընտանիքի անդամի հետ մեքենայում նստած դիմակ կրելու իմաստը: Կամ եթե պարտադիր է, նշանակում է տանը եւս բոլորը պետք է դիմա՞կ կրեն: Նման հրաման չկա, երեւի չեն պատկերացնում, թե ինչպես են վերահսկելու: Իսկ եթե մեքենայում կարող են վերահսկել, ուրեմն պետք է նման աբսուրդի՞ գնան: Ինչեւէ, հարցի պատասխանը ստանալու համար ստիպված ենք դիմել պարետին: Բայց այնտեղից, ինչպես միշտ, խնդրեցին միայն գրավոր հարցում: Այն դեպքում, երբ հարցը հրատապ է. քանիսի՞ կհասցնեն տուգանել, մինչ հստակեցում կլինի:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

