Պետք չէ մեկը մեզ «կռիշ» լինի, բավական է միասնություն լինի. Արթուր Վարդանյան
Արխիվ 16-20«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր նորաստեղծ «Բեւեռների միացումե ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Ինչո՞ւ «Նորք-Մարաշ» հայտնի խմբի ղեկավարը որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, եւ ի՞նչ նպատակ է այն հետապնդում, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅ ԱԶԳԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»
– Պարոն Վարդանյան, ի՞նչ բեւեռներ եք փորձելու միացնել այս նախաձեռնությամբ:
– «Բեւեռների միացումը» բոլոր այն ազգային ուժերի, ազգայնական դաշտի միացումն է, ովքեր ամբողջ աշխարհով մեկ տարածված են: Այսինքն` այն մարդկանց միացումն է մեկ կենտրոնում, ովքեր ցանկություն ունեն իրենց լուման ներդնել` հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի, հանուն ազգային արժեքների պաշտպանության:
– Ովքե՞ր են արդեն ընդգրկվել այս նախաձեռնության մեջ:
– Մեր շարքերում կան բավականին շատ ե՛ւ մտավորականներ, ե՛ւ տնտեսագետներ, ե՛ւ ինժեներներ, բժիշկներ, ե՛ւ հասարակ մարդիկ, ովքեր իսկապես ցանկություն ունեն ինչ-որ մի բան անելու: Հիմա շատ է խոսվում քաղաքական դաշտի մասին, կուսակցություններ, կազմակերպություններ են ստեղծվում, բայց այն, ինչ մենք ենք ստեղծել, նախադեպը չունի: Իսկապես, սա շատ յուրօրինակ նախաձեռնություն է, որովհետեւ ամբողջ աշխարհի մեր հայրենակիցները կարող են միանալ մեկ գաղափարի շուրջ: Այս «Բեւեռների միացումը» հիմնվել է մի սկզբունքով` բոլորս մասն ենք այս նախաձեռնության, ու ամեն մեկս մեր լուման ենք ներդնում` ըստ մեր մասնագիտության, ըստ գործունեության եւ հնարավորության:
«ՈՎՔԵՐ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆ ՀԱՅ ԱԶԳԻՆ»
– Կարելի՞ է ասել, որ այս նախաձեռնությամբ քաղաքական հայտ եք ներկայացնում հայաստանյան ներքաղաքական կյանքում:
– Քաղաքական հայտ չենք ներկայացնում, մենք քաղաքական դաշտ չենք մտնում, այլ հայտ ենք ներկայացրել, որպեսզի դառնանք հասարակական կազմակերպություն եւ այդ ուղղությամբ մեր գործունեությունն իրականացնենք: Փորձում ենք ծրագրեր իրականացնել` համագործակցելով Սփյուռքի հետ: Այդքան, որ քաղաքական դաշտում ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը խոսում են ներգաղթի մասին, փորձում ենք խոսելու փոխարեն` իրականացնել: Նաեւ փորձում ենք ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության, իրավունքի պաշտպանության ոլորտում: Շատ ազատամարտիկներ ունենք, որոնց փորձում ենք հնարավորինս օգտակար լինել: Մեր գործունեությունը հիմնված է զուտ անհատական մարդկանց միացման վրա: Ներկա պահին ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքական, հասարական իրավիճակը այնքան բարդ է, որ մարդիկ, իսկապես, լույս են փնտրում մթության մեջ: Այնպես որ, մենք չենք փորձում մտնել քաղաքական դաշտ, դառնալ ընդդիմադիր, ինչպես ներկա պահին շատերն են փորձում անել, քավ լիցի: Մենք մի սկզբունք ունենք` եթե մենք` որպես ազգ, տերն ենք մեր երկրի, մեր հայրենիքի, յուրաքանչյուր ուժ` լինի հասարակական կազմակերպություն, թե քաղաքական կուսակցություն, եթե ապազգային գործունեություն է իրականացնում, ինքնըստինքյան դառնում է ընդդիմադիր հայ ազգին: Հետեւաբար, ընդդիմադիրն իրենք են, ոչ թե` մենք:
– Երբ մի նոր ուժ է ի հայտ գալիս, միանգամից հարց է առաջանում` որտեղի՞ց է ֆինանսավորվում, ո՞վ է կանգնած դրա թիկունքին եւ, ի վերջո, քաղաքական «կռիշ» ունե՞ք:
– Սկսել ենք 5 հազար դրամով, նույնիսկ կտրոններն ունեմ: Այս ամբողջ գործընթացի ժամանակ, ինչ մենք իրականացրել ենք, մեր բյուջեն կազմել է մոտ 450 հազար դրամ, որը ստացել ենք մեր նախաձեռնության հիմնադիրների կողմից, եւ նաեւ ես եմ իմ գրպանից ներդրում կատարել: Փորձում ենք մի գործունեություն իրականացնել, որը հիմնված է ոչ թե «կռիշի», գրանտների հիման վրա կամ համակարգի տված ֆինանսների, այլ ուզում ենք ամեն ինչ անել մեր ուժերով եւ ապացուցել, որ իսկապես ուզում ենք ազգային գործունեություն իրականացնել: Հետեւաբար, պետք չէ մեկը մեզ «կռիշ» լինի, բավական է միասնություն լինի, եւ համատեղ, միասնական, գաղափարական գործ կատարենք, այլ ոչ թե միայն խոսենք: Այսօր սոցցանցերում շատերն են խոսում ազգային քաղաքականությունից, ազգային դաշտից, ժողովրդավարությունից, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելուց, բայց ոչ ոք գործ չի անում: Ավելի շատ գումար են ծախսում խոսքի վրա, քան թե գործի: Մենք հակառակն ենք անում:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅԴ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԼԻՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ «ՔՑԵԼ» ՋՈՐՋ ՍՈՐՈՍԻՆ»
– Վերջերս «Սասնա ծռերի» կողմից էլ ստեղծվել է «Ազգային ժողովրդավարական բեւեռ» նախաձեռնությունը: Մրցակից համարո՞ւմ եք նրանց:
– Իրենց մրցակից չեմ համարում, բայց «բեւեռ» բառն օգտագործելը ճիշտ չէր իրենց կողմից: Ինչ վերաբերում է այդ նախաձեռնությանը, ժողովրդավարական գործունեություն իրականացնող շատ կազմակերպություններ եւ կուսակցություններ կան, բայց ես չեմ կարողանում ընկալել իրենց ուղղությունը: Դժվար է կողմնորոշվել, երբ նայում ես այդ մարդկանց բնութագիրը. լինել դաշնակցական, հետո լինել լեւոնական, ապա լինել ծայրահեղական ընդդիմություն, այնուհետեւ` ընդդիմադիր, հետո` իշխանամետ, ապա` նորից ընդդիմադիր, չգիտեմ` նպատակը ո՞րն է, համենայնդեպս, այդ նախաձեռնությունն ազգային չեմ կարող համարել: Միգուցե, այնտեղ կան ազգային գաղափարախոսություն կրող մարդիկ, ազգայնական անձնավորություններ, որոնք իսկապես մտահոգ են: Ամեն դեպքում, ողջունում եմ, յուրաքանչյուր մարդու, ով փորձի ազգանվեր գործ իրականացնել:
– Այդ նախաձեռնության շարքերում կան մարդիկ, ովքեր հայտնի են իրենց ապազգային գործունեությամբ: Սա մտահոգիչ չէ՞:
– Շատ տարօրինակ, օդից կախված լուրերն են պտտվում: Շատերն եմ մտահոգված, նույնիսկ մի նյութ կարդացի, որտեղ ասված էր, թե սորոսական ինչ-որ գրանտներ է ներդրված այդ ամենի մեջ: Ավելին` ասում են, թե պետք է օգտագործենք Սորոսի գումարները, որպեսզի ազգային դաշտը ոտքի կանգնեցնենք: Սա ես իհարկե չեմ հասկանում, քանի որ շատ ուշադիր հետեւում եմ քաղաքական դաշտին: Ի դեպ, այնքան ասացին` Սորոս, ես էլ փորձեցի հասկանալ, թե ով է: Մի տեսանյութ կա հրապարակված, որտեղ Ջորջ Սորոսն է խոսում եւ ասում, որ ինքն անձամբ հրեաներին ծախել է ֆաշիստներին, քանի որ այդպես է թելադրել այն ժամանակվա իրավիճակը: Փաստացի նա ընդունում է, որ իր կարողությունը հիմնված է պետությունները կործանելով: Այդպես նա ներդրում է կատարել եւ շահ ստացել: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է այդպիսի մարդու ներդրած գումարները օգտագործվել ազգային շահերի համար: Ու չեմ կարծում, որ այդ նախաձեռնության մեջ կլինեն մարդիկ, որոնք կարող են շրջանցել կամ, կներեք բառիս համար, «քցել» այնպիսի մարդու, ինչպիսին Ջորջ Սորոսն է, որը Հայաստանից 100 անգամ ավելի մեծ պետություններ է 180 աստիճանով շուռ տվել:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
– Վերջին երկու տարում իշխանության թեթեւ ձեռքով ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բաժանվեց, այսպես ասած, սեւերի եւ սպիտակների: Այս երկու թեւերից ովքե՞ր կարող են տեղ գտնել «Բեւեռների միացման» մեջ:
– Յուրաքանչյուր մարդ, ով սիրում է իր ազգը եւ իր հայրենիքը, մենք գրկաբաց պատրաստ ենք նրան ընդունել: Մեզ համար սեւ ու սպիտակ գոյություն չունի, բոլորն էլ կարող են սխալված լինել: Մեզ համար գոյությունի ունի միայն եռագույնը: Մենք հայ ենք, եւ յուրաքանչյուրը, ով սրտի ցավով եւ գիտակցաբար կցանկանա, կարող են մեզ միանալ: 2018 թվականին, համոզված եմ, որ մեր ազգը ուրախացավ, բայց ընտրություն չկատարեց: Մենք դեռ ինքներս պետք է ընտրություն կատարենք, եւ այդ ընտրությունը դեռ առջեւում է: Եթե մենք միասնաբար չկարողանանք կողմնորոշվել, ինքներս մեր իսկ ուժերով մեր հնարավորությունը ստեղծել, պետություն կկորցնենք: Հիմա ես բոլորին եմ հարց տալիս` դուք պատրա՞ստ եք հայրենիք կորցնելու:
– Կարծում եք` այդ վտանգը կա՞...
– Վստահ եմ, նաեւ վստահ եմ, որ Արցախը վտանգված է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

