ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ Է ՊԱՐԵՏԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԴԵՄ ՀԱՆՈՒՄ
Արխիվ 16-20Ինչքան էլ որ ամիսներով արտակարգ դրություն է պահպանվում, սակայն իշխանություններին այդպես էլ չի հաջողվում բողոքի ակցիաները լիովին արգելել: Հերթական նման ակցիան երեկ տեղի ունեցավ «Մեյմանդարի» շուկայում եւ, ինչպես միշտ, իշխանությունների բացահայտ մեղավորությամբ:
Այսպես, պատկան չինովնիկները հանկարծ որոշել էին, թե շուկայում պետք է դիզինֆեկցիա անել, եւ ոստիկաններին գործուղել են Մեյմանդար: Այն դեպքում, երբ շուկայում վաճառվում է շուտ փչացող ապրանք՝ գյուղմթերք: Այն արտադրող-վաճառողները ճռռում են վարկերի տակ, պետք է նաեւ ընտանիքներին կերակրեն: Եվ ահա ոստիկանները գալիս են, թե՝ ապրանքներդ հավաքեք ու գնացեք: Այն, որ նման որոշումը մարդկանց համար նշանակում է ծանրագույն ֆինանսական կորուստներ, քանի որ պարզապես պետք է թափեն ոչ միայն շուկա բերած, այլ՝ հավաքած եւ շուկա բերելու պատրաստած բերքը, դժվար չէ հասկանալ:
«Բերքը պահեստներում լցված է, ավտոների վրա խաշվում է: Մարդիկ միլիոնների վարկի տակ են, ու հիմա ասում են՝ էտ ապրանքը տարեք, թափեք: Մարդկանց նախօրոք, մի քանի օր առաջ պետք է տեղեկացնեին, որ նման բան են անելու, որ պատրաստվեին: Ի՞նչ է արել էսօրվա կառավարությունը, ոնց դրել ենք, էդպես էլ կհանենք: Եթե մարդկանց ստիպում են դուրս գալ, ուրեմն դուրս կգանք եւ կպայքարենք...»,- բողոք-սպառնալիք հնչեցրեց առեւտրականներից մեկը: Մյուսն էլ ավելացրեց. «Հենց հիմա իմ ապրանքը՝ վարունգը քաղել եմ, որ բերեմ շուկա: Չեն թողնում: Վաղը վարկերս եմ փակելու, ինչո՞վ»: Եվ անմիջապես էլ բացատրեց, թե «մեյմանդարցիները» ինչն են համարում շուկան փակելու որոշման պատճառը. «Մայիսի 30-ին հենց Արտաշատի բազարը բացվեց, հենց էդ օրվանից որոշեցին, որ կորոնավիրուս կա, պետք է փակեն: Թող դրանից 15 օր առաջ փակեին, հենց հիմա՞ պետք է որոշեին, թե այստեղ կորոնավիրուս կա...»: «Որովհետեւ այն մի բազարատերերն իրանց մարդիկ են, դրա համար էլ ուզում են այստեղ փակել»,- մանրամասնեց մեկ այլ առեւտրական: Իհարկե, այստեղ կա մեկ գլխավոր հարց՝ շուկայում առկա՞ է վարակի վտանգ: Օրերս նման խոսակցություն տարածվեց, թե «Մեյմանդարում» կորոնավիրուս կա: Իրոք այդպե՞ս է, եթե այո, վարակակիրը շուկայի աշխատակի՞ց էր, թե՞ պատահական այցելու. պաշտոնապես այս հարցերի պատասխաններն այդպես էլ չկան: Ընդ որում` չմոռանանք. «Մեյմանդարի» շուկայի հաշվին սնվում են հազարավոր գյուղացիներ եւ առեւտրականներ: Ավելին, այդ շուկան նաեւ մայրաքաղաքում պտուղ-բանջարեղենի համեմատաբար կայուն գների պահպանմանը նպաստող գործոն է: Այսինքն, մինչ փակելու որոշումը, պատկան չինովնիկները նախ պարտավոր էին գոնե պատշաճ ուսումնասիրություններ անցկացնել, հստակ ֆիքսել՝ շուկան վարակի տարածման միջավայ՞ր է, թե՝ ոչ, ապա նոր միայն որոշում կայացնեին: Սա չի արվել, ինչն էլ միանգամայն հավանական է դարձնում առեւտրականների պնդումը, որ իրականում խնդիրը ոչ թե կորոնավիրուսն է, այլ կորոնավիրուսի անվան տակ յուրայինների համար մրցակցային առավելություններ ապահովելը, ինչը, ի դեպ, հանցագործություն է: Լավ, ենթադրենք շուկայի աշխատակիցները սխալվում են: Բայց միայն այն, որ առավոտ վաղ ոստիկանը կանգնում է առեւտրականի գլխին, թե՝ ապրանքդ տար, թափիր, ոչ այլ ինչ է, քան մարդկանց մի մեծ մասսայի ահաբեկել: Բայց հանուն ինչի՞, որ ցույց տաք, թե տեսեք, կորոնավիրուսի դե՞մ ենք պայքարում: Կորոնավիրուսի դեմ պայքարող էիք, երկիրն էս վիճակին չհասցնեիք: Իսկ այսպես, պարզապես հարյուրավոր առեւտրականներ ու նրանց ընտանիքի անդամները եւս մեկ անգամ «բարի խոսքով» հիշեցին Նիկոլին: Իսկ միգուցե հենց դա՞ էր շուկան փակելու հրաման տված պարետի ուզածը: Կամ կմնա մտածել, որ ամենահասարակ հարցերում էլ պատկերացում անգամ չունեն, թե ինչ են անում:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

