Առողջապահական համակարգը ստեղծված իրավիճակի տակից չի կարողանում դուրս գալ. Սրբուհի Գրիգորյան
Արխիվ 16-20Չնայած նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր ամենքի հայտարարեց, որ ընտանյոք հանդերձ վարակված են կորոնավիրուսով, այդուհանդերձ, նա շարունակում է պաշտոնավարել, ավելին` պարետատան նիստն անցկացրեց կառավարական ամառանոցից` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ընկերակցությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԼՀԿ-ական պատգամավոր ՍՐԲՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
– Տիկին Գրիգորյան, ինչպե՞ս հասկանալ այն, որ երբ հասարակ քաղաքացին է վարակվում կորոնավիրուսով ինքնամեկուսացվում է կամ մեկուսացվում, այդ թվում նաեւ` նրա հետ շփվածների շրջանակը: Մինչդեռ ՀՀ վարչապետը պարետատան նիստն անցկացնում էր նախարարի ու պարետի հետ միասին, իսկ նրա հետ շփվածներից որեւէ մեկը, կարծես թե, չի ինքնամեկուսացվել:
– Կարծում եմ` Ձեր նշած դեպքում կոնկրետ սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանված էր: Բայց պարոն վարչապետը պետք է սկսի օնլայն աշխատել, որպեսզի չվարակի նաեւ կառավարության մյուս անդամներին, ովքեր նաեւ պարբերաբար գալու են Ազգային ժողով, որովհետեւ առաջիկայում` հունիսի 5-ից, մեծ ինտեսիվությամբ խորհրդարանում սկսելու են քննարկվել բյուջեները` ըստ ոլորտների: Հետեւաբար վտանգ կա, որ կառավարության անդամները կարող են վարակված լինել, հետո էլ խորհրդարան գան եւ ԱԺ պատգամավորներին վարակեն, նրանք էլ իրենց շրջապատին եւ վարակվածների շրջանակն ավելի մեծանա: Հետեւաբար, կառավարության անդամներն իրենց շփումներում պետք է շատ զգուշավոր լինեն:
– ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւս վարակվել էր կորոնավիրուսով, եւ հենց նույն օրն ականատես եղանք, որ Ռուսաստանում նշանակվեց վարչապետի պաշտոնակատար: Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակի ելքը վարչապետի պաշտոնակատար գտնելն է:
– Վարչապետի պաշտոնակատարի անհրաժեշտություն չեմ տեսնում: Պարոն Փաշինյանը կարող է օնլայն աշխատել, հիմա բոլոր հնարավորությունները կան դրա համար, մանավանդ, որ ախտանիշներ չունի, ջերմություն չունի, եւ վտանգ իրենից չի ներկայացնում իր աշխատանքը: Այնպես որ, պարոն վարչապետի հեռավար աշխատանքը հիմա ավելի նպատակահարմար է:
– ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում պատրաստվո՞ւմ եք քննարկման առարկա դարձնել ստեղծված իրավիճակը: Այդ թվում` օրինակ, այն, որ ՌԴ-ից վերադարձած քաղաքացիները չեն թեստավորվում, մինչդեռ շաբաթը մեկ թեստավորվում են որոշ պաշտոնյաներ:
– Որքան գիտեմ` դրսից եկողները որոշակի շրջանում ինքնամեկուսանում են:
– Այո, բայց թեստ չեն հանձնում:
– Որովհետեւ դրա անհրաժեշտությունը գուցե չի լինում: Ովքեր ջերմություն են ունենում, նրանց են թեստավորում:
– Ըստ Նիկոլ Փաշինյանի` ինքն էլ ջերմություն չուներ, բայց թեստավորվելուց հետո պարզվել է, որ պատասխանը դրական է:
– Պարոն վարչապետը պարզ ասաց, որ պետք է գնար բանակի հետ շփվեր եւ շատ ճիշտ է արել, որ թեստավորվել է, որովհետեւ եթե չթեստավորվեր, պատկերացնո՞ւմ եք ինչ կարող էր տեղի ունենալ:
– Վտանգ տեսնո՞ւմ եք, որ այսօր էլ խորհրդարանում եւ ամենուր կարող են լինել մի շարք անձինք, որոնք վարակված են, բայց չգիտեն այդ մասին, քանի որ չեն թեստավորվել:
– Վտանգը հիմնականում այն ցուցանիշներն են, որոնք ահագնացող տեմպերով աճում են: Եթե մենք նայում ենք կատարվող թեստերին եւ դրական եզրակացություններին, սարսափելի մեծ թվեր են եւ, ինչպես տեսնում եք, առողջապահական համակարգը դրա տակից չի կարողանում դուրս գալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

