ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱ±Ն
Արխիվ 16-20Ուշագրավ հայտարարությամբ նախօրեին հանդես եկավ «Գազպրոմ Արմենիան»: Ըստ այդմ, երեկվանից 96 ժամով դադարեցվեց Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի եւ Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ԳԱԶԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Հետաքրքիրը հենց Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարն է, որտեղ, ինչպես նաեւ նույն հայտարարության մեջ է ասվում, 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի «զննման եւ անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել»: Այդ դեպքում, ինչպե՞ս հնարավոր եղավ, որ հիմա ոչ թե «զննման եւ սպասարկման», այլ նույնիսկ «նորոգման» աշխատանքներ հնարավոր եղավ իրականացնել: Հայտարարության մեջ այս բացատրությունն է տրված. «Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների արդյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ»: Նման բացատրությունից միանգամից մի քանի հարց է առաջ գալիս: Ինչո՞ւ էր պետք միջկառավարական պայմանավորվածություն, եթե Կարմիր կամրջից այս կողմ Հայաստանի տարածքն է, եւ կարելի էր նորոգում անել սեփական հայեցողությամբ: Կամ ինչո՞ւ էին դրա համար 28 տարի սպասում, ինչ է, վրացիներն այսքան ժամանակ պայմանավորվել չէի՞ն ցանկանում: Բայց նախ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Կարմիր կամուրջ կոչվածը, ինչպես հայտնի է, Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատվածն է: Այնտեղից Սեւքար-Բերդ ուղղությամբ մագիստրալային գազամուղ կառուցվեց 1992թ.-ին, երբ Ադրբեջանից դադարեցվեց Հայաստանի գազամատակարարումն ու անհրաժեշտություն առաջացավ անցնել վրացական ուղղությանը: Բայց ահա, կառուցվելուց հետո, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիան» է փաստում, այն գործնականում չի շահագործվել, ավելին, անգամ զննման եւ տեխնիկական աշխատանքներ չեն տարվել: Իհարկե, այստեղ նախ այն հարցը կա, թե այդ դեպքում ինչո՞ւ էին 1992թ. խիստ սուղ վիճակում ծախսեր անում այն կառուցելու համար, եւ այդ հարցերի թիրախն այն ժամանակվա ղեկավարությունն է: Սակայն սա այլ, ավելի շուտ՝ քրեական ուղղվածության հարց է:Այլ բան, թե ինչո՞ւ այն չէր շահագործվում եւ հանկարծ հիմա այդ մասին հիշեցին: Չնայած ոչ, այս մասին խոսակցություններ կային դեռ 2017թ.-ից, եւ այդ տարվա վերջերին էլ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Թադեւոսյանը հայտարարեց, որ առաջիկա երեք տարիներին ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է Վրաստանի տարածքում գտնվող գազատարների տեղափոխում ՀՀ տարածք: «Նոր մայրուղային գազատարների կառուցումն իրականացվում է անվտանգության նկատառումներով: Խոսքը գնում է 700 մմ եւ 1000 մմ տրամագծով գազատարների մասին, որոնք գտնվում են Վրաստանի տարածքում: Մենք, որպեսզի կարողանանք իրականացնել «Գազպրոմ Արմենիային» հասանելիք գործառույթները, պարտադիր դրանք պետք է տեղափոխենք ՀՀ տարածք, որի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում»: Խոսքը Կարմիր կամուրջ-Ալավերդի եւ Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ գազատարների մասին էր, որոնք, ըստ Թադեւոսյանի՝ «Գտնվում են սահմանին մոտ ականապատված տարածքում, որոնց շահագործումը բարդ է»: Այսինքն, տվյալ հատվածներում պետք է կառուցվեին նոր մայրուղային գազատարներ, որոնք ներառված էին ընկերության ներդրումային ծրագրերում՝ մոտ 8.4 միլիարդ դրամ արժեքով: Հասկանալի է, այդ ծախսերը եւս պետք է ներառվեին գազի ներքին սակագնում, այսինքն` հերթական անգամ ծանրացնեին հայաստանյան շարքային քաղաքացու բեռը: Ու տարօրինակ չէ՞, որ հենց այն պահին, երբ սակագնային ամեն մի դրամը պետք է ուշադրության կենտրոնում լիներ: Բայց այս պահին խնդիրն այլ է: Կրկնենք, նախատեսված էր «նոր մայրուղային գազատարների կառուցում», ինչպես եւ նշված է ընկերության հաստատված ներդրումային ծրագրում: Բայց ահա, հիմա խոսում են միայն «մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ» իրականացնելու մասին: Ի՞նչ է, այն արդեն «սահմանին մոտ» չէ՞, թե «ականապատված տարածքները» ականազերծել են: Եվս մեկ ուշագրավ դրվագ. «Գազպրոմ Արմենիան» ունի նաեւ «Ղազախ-Երեւան-ԳՍՊԿ գազատարի Dպ700 լուպինգի կառուցում» 24.5 միլիոն դրամանոց ներդրումային ծրագիր, եւ այդ գումարն ուղղվում է «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում» տողով: Այսինքն, եթե միայն նախագծային աշխատանքներն են այդքան, կարելի է ենթադրել, որ խոսքը շատ խոշոր ծրագրի մասին է: Բայց չէ՞ որ, եթե չենք սխալվում, Ղազախը դեռ ադրբեջանական քաղաք է: Այս ի՞նչ է, Ադրբեջանից եկող գազատարի մասի՞ն ենք խոսում:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Սահմանային գազատարների հարցը հետաքրքիր է, հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որն առիթ էինք ունեցել ներկայացնել մոտ մեկ ամիս առաջ: Համաձայն դրա. «Մեր ստուգվող տեղեկություններով, ռուսական համապատասխան կառույցները արդեն սկսել են մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների վերականգնման, ինժեներական նախագծերը` դրանք քննարկելով այդ երկրների կառավարությունների հետ: Մասնավորապես` քննարկվում են երկաթգծերի, ավտոճանապարհների եւ գազատարների վերականգնման հնարավորությունները»:
Բնականաբար, հայաստանյան համապատասխան ընկերությունները հերքեցին այդ լուրը: Մինչդեռ այն, որ չգիտես ինչու հիշեցին 28 տարի չշահագործվող սահմանամերձ գազատարի մասին, արդեն իսկ մտորումների տեղիք տալիս է: Ընդ որում, մեր հիշատակված տեղեկատվության մեջ կար նաեւ այն նյուանսը, որ այդ գլոբալ «հաշտեցման ծրագրով» նախատեսվում է նաեւ Նախիջեւանի հետ կոմունիկացիաների, այդ թվում՝ երկաթուղու եւ գազամատակարարման վերականգնման հարցը: Սակայն դրա համար նախ գազի համապատասխան ծավալներ են պետք, որը հնարավոր է ապահովել հենց Ղազախի ուղղությունից: Այսպիսով, կարող ենք ամենաքիչը արձանագրել հետեւյալը. կատարվում են աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած պահի սկսել գործնական ծրագրեր առնվազն Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան գազի տեղափոխման ուղղությամբ: Մինչդեռ չմոռանանք, որ Մինսկի խմբի հայտնի վեցկետանոց ծրագրով, որի մասին, ի դեպ, թեեւ տերմիններ չհնչեցնելով, սակայն փաստացի խոսեց նաեւ Ալիեւը, նախատեսված է քայլերի նման հերթականություն: Փաստաթղթի ստորագրում, որոշ տարածքների վերադարձ, այնտեղ խաղաղարարների տեղակայում եւ կոմունիկացիաների վերագործարկում: Սակայն կոմունիկացիաների հարցը մեկ օրվա լուծելիք խնդիր չէ. այն ենթադրում է երկարատեւ նախապատրաստական շրջան, եւ մեր մեկամսյա վաղեմության տեղեկատվությունն էլ հենց այդ մասին էր՝ այդ նախապատրաստական փուլը սկսված է: Իսկ գազամատակարարման հարցը ընդամենը դրվագ է՝ «խաղաղության նախապատրաստման» միջոցառումների ցանկում:
ԻՍԿ ԱՀԱ ԱՐՑԱԽՈՒՄ...
Այսպիսով, որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդում են, թե ոչ մի առարկայական բանակցություն, օրակարգ դրված կարգավորման մեխանիզմ էլ չկա, հասկանալի է, եւ երեւի պատահական չէր, որ ՀՀ ԱԳՆ-ն գոնե երեկվա դրությամբ այդպես էլ որեւէ կերպ չմեկնաբանեց Ալիեւի այն պնդումները, որ իրոք, օրակարգում է փուլային տարբերակը: Այս իրավիճակում բավականին տարօրինակ է դարձել նաեւ արցախյան նոր իշխանություննների գործունեությունը: Խոսքը` կադրային նշանակումների մասին է, ավելի կոնկրետ՝ Մայիլյանի եւ Բաբայանի: Արցախյան իշխանություններն այդ նշանակումները բացատրում են, թե Մայիլյանն ընտրություններում երկրորդ տեղն էր զբաղեցրել, Բաբայանն էլ խորհրդարանում է մեծ թվով ձայներ ստացել, եւ որ այդ նշանակումներն արվել են ներքին համերաշխության համար: Միգուցե: Բայց չմոռանանք, որ հատկապես Մայիլյանը, ըստ հայտնի լուրերի, չունի ՌԴ մուտքի իրավունք: Այսինքն, եթե Արցախում կա ԱԳ նախարար, ով ՄԽ համանախագահ երկրներից մեկը մեկնելու հնարավորություն չունի, դա առնվազն չի կարող նպաստել Արցախի արտաքին դիրքերի ամրապնդմանը: Կամ միգուցե այն հաշվա՞րկը կա, որ մեկ է, Արցախի ԱԳ նախարարից ոչինչ կախված չէ, այսինքն` ով էլ նա լինի, բան չի կարող փոխվել: Բայց ահա փոխարենը կան նաեւ խոսակցություններ, որ նման նշանակումը լրջորեն նյարդայնացրել է Մոսկվային: Եթե իրոք այդպես է, ապա կնշանակի, որ նման բացասական վերաբերմունքը կտարածվի նաեւ նոր նախագահ Արայիկ Հարությունյանի ուղղությամբ եւս, հաշվի առնելով, որ հենց նա էր Մայիլյանին նշանակողը: Ինչ է, դա է՞լ էական չէ: Մի խոսքով, մի կողմից` արցախյան ուղղությամբ մտահոգությունները գնալով միայն սրվում են, մյուս կողմից՝ հայկական պաշտոնյաների կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով նկատվում է այնպիսի ռեակցիա, որի պարագայում ոչ միայն չեն կարող ծանր հարցեր լուծվել, այլ մի բան էլ՝ արհեստականորեն ծանրացնում են իրավիճակը: Ինչ է, մտածում են, թե ամեն ինչ լուծված-պրծած է՝ ինչ քայլեր էլ որ անե՞ն: Այդ դեպքում արդեն հաստատ վատագույն կանխատեսումներն են իրականանալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

