ԵԿԵԼ Է ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արխիվ 16-20Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ ՀՀ-ում ամենակարեւոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: Ի՞նչ վիճակում էր մեր տնտեսությունը մինչ կորոնավիրուսը եւ այսօր` արդեն կորոնավիրուսի հետեւանքների արդյունքում: Հարցի հետ կապված դիմեցինք ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:
- Մինչ համավարակի Հայաստան ներթափանցելը, բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ այն տնտեսական մոդելը, որը ներդրվել եւ մինչ օրս շարունակվում է, իրեն սպառել է: Հայաստանը պետք է որդեգրի ներառական տնտեսական կարգ, առավել ազգային սոցիալիստական գաղափարական ուղղություն: Ինչո՞ւ, քանի որ նեոլիբերալ տնտեսական մոդելը չէր արդարացնում եւ չէր էլ կարող. կյանքը դա արդեն ապացուցել է: Գլոբալ իմաստով ասածս հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող արդյունքը կամ դրա ավելացմանն ուղղված գործողությունները բավարար չեն, պետք է ներդրվեն այդ արդյունքի արդարացի բաշխման մեխանիզմներ: Եթե դրանք բացակայում են, ապա ներառական տնտեսության մասին խոսելն ավելորդ է: Հետեւաբար, իշխանությունները շեղվել են իրենց թեզերից ու ծրագրերից: 2019 թվականին երբ քննարկվում էր Բյուջե 2020-ը, իշխանական ներկայացուցիչները թմբկահարում էին, որ 4,9 տոկոս տնտեսական աճը հեղափոխական է, եւ ուր որ է՝ տնտեսությունը թռիչքային աճ է գրանցելու: Բայց եկավ համավարակը եւ զրկեց իշխանություններին՝ ապացուցելու իրենց թռիչքային աճի տեսության ճշմարտացիությունը: Հիմա բոլորովին այլ վիճակ է, այսօր տնտեսությունը կաթվածահար է, կան ոլորտներ, որոնք ուղղակի անդառնալիորեն վնասներ են կրել: Պաշտոնական հրապարակմամբ, արդեն պարզ է, որ չենք ունենա տնտեսական աճ, փոխարենը կունենանք 2 տոկոս անկում: Բայց իրականում մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կտրուկ փոփոխության կենթարկվի՝ ի վնաս մեր պետության: Հակաճգնաժամային կառավարման ճշգրիտ սխեմաների ներդրումը կարող էր վիճակը թեթեւացնել, բայց իշխանությունները այդ ժամանակը բաց թողեցին՝ ապացուցելով սեփական անկարողությունը:
- Ստեղծված իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն է պայքարում տնտեսությունը կայուն պահելու համար, ինչպե՞ս եք գնահատում հայաստանյան իշխանությունների քայլերը:
- Անհրաժեշտ է ուղղակի աջակցության ծրագրերի իրականցում: Հիմա նույնպես հայտնի չէ, թե ինչպիսի զարգացում դեռեւս կունենա եւ ինչ սցենարով կգնա այս համավարակը: Անհրաժեշտ է օր առաջ լուծել պարենային անվտանգության խնդիրը, հետեւաբար գյուղատնտեսության աջակցության գործիքը պետք է լիներ ուղիղ: Փողը պետք է տրվեր, սերմացուն, բուժանյութն ու թունաքիմիկատները պետք է տրվեին, եւ պատվեր իջացվեր, թե ինչ արտադրանքից եւ նվազագույնը որքան պետք է արտադրեն մեր գյուղերը: Իսկ դրա համար անհրաժեշտ է կոորդինացնող մարմին՝ գյուղատնտեսության նախարարություն, որը չկա: Իշխանությունները գնացին վարկերի տոկոսների սուբսիդավորման ճանապարհով, իսկ խնդիրները մնացին առանց լուծումների: Արդյունքում բազմաթիվ մարդիկ, ովքեր արդեն վարկեր ունեին, չկարողացան օգտվել պետական ծրագրերից, քանի որ բանկերը նրանց ռիսկային գոտում են պահում: Իսկ օգտվողները ուղղակի պարտքերի մեջ խրվեցին: Բիզնեսին փող են տալիս աշխատավարձ եւ հարկ վճարելու համար: Աջակցության ծրագրերից օգտվեցին մարդիկ, ովքեր դրա կարիքը չունեին՝ սկսած կոմունալների վճարումներից` վերջացրած երեխաներին տրվող միանվագ գումարներից: Չկային եւ հիմա էլ չկան գնահատումներ, թե ովքեր են շահառուներն ու թիրախները:
- Եթե այս տեմպերով շարունակվի, ի՞նչ պատկեր կունենանք տարեվերջին:
- Պաշտոնական վիճակագրությամբ` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկման աննախադեպ ցուցանիշ՝ 1,7 տոկոս: Միաժամանակ, ամեն եկող ամիս ավելի վատ ցուցանիշներ է արձանագրում, քանի նախորդը: Այսպիսի տեմպերով դժվար թե գրանցենք ֆինանսների նախարարի կողմից հրապարակված 2 տոկոս անկումը: Կունենանք ավելի վատ պատկեր: Անհրաժեշտ եւ նախանշված եկամուտներ չանկնկալող կառավարությունը պետք է նաեւ վերանայի իր ծախսային հոդվածները, դադարեցնի այն ծրագրերի ֆինանասավորումը, որոնք չի բխում ճգնաժամային կառավարման տրամաբանությունից: Պետք է սկսի բանակցությունները պարտադիր կուտակային ֆոնդերի հետ եւ դադարեցնի մասհանումները, ինչը տարեկան ավելի քան 75 մլրդ դրամ է, եւ տարեցտարի աճելու է: Դադարեցնի բարձր վարձրատրությունները, պարգեւավճարները: Եկել է գոտիները ձգելու ժամանակը:
- Պարոն Գրիգորյան, Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ՝ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա: Սա ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր շուկայի վրա:
- Lինելով պրոգրեսիվ հարկման ջատագով` պետք է նշեմ, որ բարձրաժեք գույքի սեփականատերը պետք է ավելի բարձր վճարի: Սա նշում եմ իբրեւ մոտեցում, ինչը նաեւ պնդում էի եկամտային հարկի համահարթեցման ժամանակ: Իշխանությունները ընտրեցին ավելի հետադիմական մոտեցում եւ համահարթեցրին եկամտային հարկը: Երկու դեպքում էլ մոտեցման հիմքը պետք է լինի գործիքի կիրառման սոցիալական գնահատականը: Եկամտային հարկի դեպքում հարկը կա, եկամուտը՝ չկա, հետեւաբար հարկման բազա նույնպես չկա: Գույքահարկի դեպքում նույն պատկերը չէ: Գույքը, տվյալ դեպքում բնակարանը, որտեղ ապրում են մարդիկ, առկա է, հետեւաբար հարկը միշտ կա: Սակայն կախված նրանից, թե ինչպիսի սոցիալական պայմաններում են գտնվում տվյալ բնակարանի ապրողները, մոտեցումը պետք է լինի տարբերակված: Ինչպես եկամտային հարկի պարագայում, այնպես էլ գույքահարկի պարագայում նույնպես առկա է մեկ այլ կարեւոր պնդում. այն է՝ ունենալ նվազագույն չհարկվող շեմ: Գույքահարկի այս փոփոխությամբ այդ շեմը հանված է: Այս ամենը կստեղծի՞ բարդություններ աղքատության բարձր տոկոս ունեցող երկրում: Քաղաքացին, ով չունի եկամուտներ կամ չի կարողանում ապահովել իր ու իր ընտանիքի բարեկեցությունը, չպետք է լրացուցիչ հարկային բեռի տակ մտնի: Քանի որ այս նախագիծը վերաբերում է ամբողջ հասարակությանը, կոչ եմ անում նման նուրբ հարցի համար կազմակերպել հանրային լսումներ:
ԶՐՈՒՅՑԸ` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

