«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԼԻՔԸ ՀԱՍԱՎ ԱՄՆ
Արխիվ 16-20Ռուս հայտնի ռազմական լրագրող Եվգենի Պոդդուբնին նախօրեին նման հեգնական մեկնաբանություն էր տվել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին. «Ես կարծում եմ, որ միանգամայն անթույլատրելի է ուժ կիրառել ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների դեմ: Կառավարությունն անհապաղ պետք է երկխոսություն սկսի հասարակության հետ` Չինաստանի, Վենեսուելայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջնորդությամբ: Այդ երկրների ներկայացուցիչները պետք է դառնան ԱՄՆ-ում հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդներ եւ երաշխավորներ, ուղարկեն իրենց դիտորդներին, կազմակերպեն փոխգործակցություն ժողովրդական շարժումների հետ: ԱՄՆ կառավարությունը պարտավոր է ենթարկվել քաղաքակիրթ աշխարհի կամքին»: Հասկանալի է, ռուս լրագրողը պարզապես կրկնում է այն, ինչ մշտապես ասել է Սպիտակ տունը՝ այս կամ այն երկրում «հեղափոխություն» սարքելով: Ավելի ճիշտ, այդ հեգնանքի տակ պարզ երեւում է ակնարկ, որ ամերիկյան այս իրադարձություններին պետք է նայել` որպես «գունավոր հեղափոխության»:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՆՑՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»
Իհարկե, դեռ ընդամենը հաշված տարիներ առաջ ենթադրելը, թե ԱՄՆ-ն կարող է ինքը հայտնվել այն փոսում, որը փորեց բազում երկրների համար, ֆանտաստիկ կթվար: Սակայն միեւնույնն է, դժվար է Նահանգներում տեղի ունեցողին այլ անուն տալ, քան՝ «գունավոր հեղափոխություն»: Ամեն դեպքում, ոստիկանի կողմից հերթական սեւամորթ քաղաքացու սպանության հետ կապված բողոքի ցույցերի տեսանելի տպավորությունը նույնն է, ինչը տարիներով, որպես «հեղափոխական բրենդ», ի հայտ էր գալիս «դեմոկրատացման» ենթակա երկրներում: Անգամ սցենարային դետալներն են նման. դիմակավորված ցուցարարներ, որոնց մեջ մեծ թիվ է կազմում երիտասարդությունը: Ագրեսիվ պահվածք, ջարդարարություն, հրկիզումներ, թալան: Ու կարծես թե իրավիճակը հասել է այն փուլին, երբ մասսաներին ուղղորդում են իրավապահների հետ բախումների, պետական հաստատությունների վրա գրոհների, երբ ի հայտ են գալիս զոհեր, ինչն էլ ավելի է շիկացնում իրավիճակը: Վաշինգտոնում ցուցարարներին արդեն գրոհի են տանում Սպիտակ տան դեմ, ինչը «գունավոր հեղափոխությունների» համար սովորաբար նշանակում է, որ լարվածությունը հասնում է գագաթնակետին: Մի խոսքով, ռուս լրագրողը չի սխալվում՝ ամերիկյան իրադարձությունները նմանեցնելով «գունավոր հեղափոխության» հետ. ակնհայտ է, որ նույն սցենարն է, ինչը նշանակում է, որ նույնն են նաեւ սցենարիստները: Իսկ թե ովքեր են մինչ այս հանդիսացել «գունավոր հեղափոխությունների» սցենարիստները, դա էլ նոր բան չէ. տարաբնույթ սորոսները: Ավելի ստույգ, առաջին պլանում երեւացող այդ սորոսների ուլտրալիբերալ տերերը, ովքեր ժամանակին Սպիտակ տանն էին գտնվում, իսկ հիմա ունեն այնտեղ վերադառնալու խնդիր: Հակառակ դեպքում, ինչպես դեռ անցած տարվանից սկսեց ամենաբարձր մակարդակներով անգամ ակնարկվել, ուլտրալիբերալիզմը, որպես, այսպես ասենք, աշխարհի կառավարման երբեմնի համակարգ, կարող է պարզապես պատմության աղբանոցում հայտնվել՝ իր բոլոր տարրերով հանդերձ՝ ԼԳԲՏ-ներով ու այլասերվածությունների տարածմամբ, աղանդներով, մարդկությանը չիպավորելու, ավանդական արժեհամակարգի ոչնչացման փորձերով. որ մեկն ասես: Այն, որ Թրամփի ընտրվելուն պես սկիզբ առած ներամերիկյան այս ներքաղաքական բախումները նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ պետք է ստանային ամենակատաղի ընթացք, իհարկե սպասելի էր: Ընդ որում, այստեղ կա նաեւ այն հարցը, թե պատահակա՞ն էր, որ հենց ԱՄՆ-ն դարձավ համաշխարհային կորոնավիրուսային առաջատարը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող Բրազիլիայի հանդեպ ունենալով մոտ 3.5 անգամ առավելություն վարակվածների թվով, թե՞ այս ողջ կորոնավիրուսային պատմությունը եւս պետք է համարել ներամերիկյան այդ պայքարի բաղադրիչ: Չէ՞ որ, վերջին հաշվով, նման կասկածների լուրջ հիմքեր կան, այն, որ կորոնավիրուսի ծագման հիմքերում գտնվելու մասին ծանրակշեռ մեղադրանքներ են ուղղվել այնպիսի ուլտրալիբերալ գործիչների հետ կապված, ինչպիսիք են Սորոսն ու Գեյթսը: Ընդ որում` նկատենք. չնայած վարակվածության մոտ 1.8 միլիոնանոց ցուցանիշին, Թրամփին, այնուամենայնիվ, հաջողվեց երկիրը զերծ պահել սոցիալ-տնտեսական մեծ պայթյունից: Կորուստներ, իհարկե, եղան, ինչպես բոլորի մոտ: Բայց ոչ պայթյունային: Դրա հետ մեկտեղ էլ մայիսի սկզբներից սկսած ԱՄՆ-ն մտել էր վարակի հանդարտեցման փուլ: Այսինքն, եթե մինչ այդ պիկային օրերին օրական վարակվածության ցուցանիշը հասնում էր 35 հազար մարդու եւ ավելի, ապա մայիսին նվազեց նախ 25-27 հազարի սահմանագիծ, իսկ վերջին օրերին 20 հազարից էլ պակաս: Ընդ որում, տարբեր հեղինակավոր սոցհարցումներ ցույց էին տալիս, որ դրան զուգահեռ, վերսկսել էր աճել Թրամփի վարկանիշը: Կային նաեւ կանխատեսումներ, որ հունիս-հուլիսին նրան կհաջողվեր հայտարարել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին, եւ այդ դեպքում նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփին հաղթելու խնդիրը ուլտրալիբերալների համար նորից դառնում էր գրեթե անհաղթահարելի, ինչպես որ կար մինչ կորոնավիրուսը: Սրան էլ գումարվեց աշնանը ԱՄՆ-ում կայանալիք G-7 գագաթաժողովին Վլադիմիր Պուտինին հրավիրելու Թրամփի պարզ ակնարկը, որն արդեն իսկ ուլտրալիբերալների համար վատթարագույն սցենարներից մեկն է: Առավել եւս, որ կարծես թե չի հաջողվում նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ¥ԱՀԿ¤ Պեկինի կատարածու ներկայացնելու միջոցով չին-ամերիկյան բախումների հասնելու սցենարը. Թրամփը սկսել է հետ կանգնել կորոնավիրուսի ծագումնաբանությունը չինացիների հետ կապելու հայտնի հիստերիայից, եւ հիմա պարզապես գնում է ուլտրալիբերալիզմի գործիքներից մեկը՝ ԱՀԿ-ն քանդելու ուղղությամբ:
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Այսպիսով, ԱՄՆ-ում եւս մեկ ցնցումային իրավիճակ առաջացնելը ուլտրալիբերալների համար Թրամփին տապալելու միակ շանսն էր, եւ առիթը դարձավ սեւամորթի սպանությունը: Այլ հարց է, թե որքանո՞վ են մեծ հաջողության շանսերը: Իհարկե, վերջին մեկ-երկու տարիներին գնալով հաճախակիացան ամերիկյան քաղաքացիական պատերազմի եւ երկրի մասնատման հնարավորության մասին խոսակցությունները: Եվ եթե հաջողվի այս ցնցումներին տալ քաղաքացիական պատերազմի բնույթ, ապա դա կարող է դառնալ Թրամփի համար վատագույն սցենարը: Իհարկե, նկատվեցին դեպքեր, երբ հարվածներ հասցվեցին ուլտրալիբերալ լրատվամիջոցների գրասենյակներին: Իսկ դա նշանակում է, որ Թրամփին աջակցող ուժերն էլ այս օրերին պարապ նստած չեն: Սակայն դեռ քաղաքացիների զանգվածային բախումների մասին խոսք անգամ չկա, այսինքն, ամեն ինչ դեռ մարդկային փոքր խմբերի եւ ուժայինների բախումների շրջանակներում է: Ընդ որում, հուզումների նախնական օրերին պարզ նկատվեց, որ այն քաղաքներում եւ նահանգներում, որոնք կառավարվում են դեմոկրատների կողմից, ցուցարարներն իրենց միանգամայն ազատ էին զգում: Սակայն եղավ նախազգուշացում Թրամփից՝ այդպես շարունակելու դեպքում նա բանակի օգնությամբ իրավիճակն իր ձեռքը կվերցնի: Եվ վերջին մեկ-երկու օրերին, երբ ուժային համակարգը սկսել է շատ ավելի ագրեսիվ գործել, նկատելիորեն նվազում են ողջ երկրով մեկ մասշտաբային բախումների հասնելու հնարավորությունը: Այսպիսով, ամեն ինչ կախված է մոտակա օրերի զարգացումներից: Ուժայիններին կհաջողվի՞ իրավիճակը ամբողջական վերահսկողության տակ առնել, ուրեմն ամերիկյան «հեղափոխությունը» կտապալվի: Եվ հակառակ կողմից՝ ուլտրալիբերալներին կհաջողվի՞ հասնել քաղաքացիական բախումների, այս դեպքում արդեն կարող են ամենաանսպասելի սցենարներն անգամ, այդ թվում՝ ներկայիս տեսքով ԱՄՆ-ի լինել-չլինելու հարցն օրակարգում հայտնվել: Սակայն այս պահին երկրորդ տարբերակի հավանականությունը բավականին փոքր է: Բայց միայն այն, որ օրակարգ է եկել «ամերիկյան հեղափոխություն» տերմինը, արդեն իսկ ցույց է տալիս, թե աշխարհն ինչքան է փոխվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

