«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ
Արխիվ 16-20Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը 7» վերջին ուղիղ եթերով, կարելի է ասել, Նիկոլի քաղաքական ապագայի «յոթն ու քառսունքը» տվեց: Ծխախոտի եւ ադամանդի մաքսանենգությանն ավելացան վարչախմբի կողմից զենքի մաքսանենգ առեւտրի դրվագներ: Ընդ որում` ռուսական զենքի վաճառք երրորդ երկրին, որն այդ զենքը փոխանցել է չորրորդ կողմին: Այդպիսի խաղերն անմարսելի են անգամ բավականին խոշոր երկրների համար, իսկ մեր դեպքում հղի են աֆրիկյան կարգի իզգոյ պետություն դառնալու ռիսկերով: Եվ ահա այդ ֆոնի վրա Նիկոլը հայտարարում է, որ ամբողջ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով:
ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Իհարկե, նաեւ ողջամիտ կասկածներ են հնչել, որ Նիկոլը կրկին խաբում է: Այսպես, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը հարցադրում է. «Եթե կար կորոնավիրուսի կասկած, եւ ընտանյոք հանդերձ թեստավորվել էին, ապա ինչո՞ւ էին ընտանյոք հանդերձ զվռնում երկրով մեկ այս երկու օրը: Ի՞նչ գործ ունեին Նիկոլի աղջիկները Ենոքավանում, ի՞նչ գործ ունեին Կենդանաբանական այգում: Իրե՞նք չեն օրնիբուն ասում, որ զգոնություն է պետք, ու եթե ունեք կասկածներ, ինքնամեկուսացեք: Հերիք չէ` երկրով մեկ զվռնում են, մի հատ էլ աներձագին են հյուրընկալում իրենց տանը: Դե, էն, որ երեկվա դարակազմիկ լայվն էր նկարել զենքի թեմայով ու, իհարկե, փառահեղ եզություններ էր դուրս տալիս: Լավ, աներձագին հյուրընկալել է, լավ է արել, բա էդ մալին էլ ո՞ւր են ուղարկում էսօր ԱԺ, եթե իրենց մոտ կորոնավիրուս է հաստատվել: Որտե՞ղ է տրամաբանությունը»:
Իսկ տրամաբանական հարցադրումներից դուրս կա նաեւ ճակատագրի հեգնանք: Անգամ այն եզակի պողոսները, որ մինչ օրս պաշտում են «վոժդին», չեն հավատացել, որ մեծն առաջնորդը վարակված է: Նիկոլն իր էջում հայտնում է, որ վարակված է, ի պատասխան ստանում է մեկնաբանություններ` «Շնորհավո՛ր»: Լավ, առաջնորդվենք կանխավարկածով, որ Նիկոլն իր եւ ընտանիքի առողջության թեմայով չի ստում: Եվ կարող ենք արձանագրել, որ տվյալ դեպքում գործ ունենք հոգեբաններին քաջածանոթ երեւույթի դեմ, որը կոչվում է «փախուստ դեպի հիվանդություն»:
Այն է` ծանր, անելանելիության աստիճանի պրոբլեմներից փախչելու ձգտող անձի օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ իջնում է, եւ նա հիվանդանում է: Օրգանիզմն ուղեղին «փախցնում» է իրական կյանքից դեպի հիվանդի կարգավիճակ, որպեսզի գոնե ժամանակավորապես ազատի անտանելի սթրեսից: Եվ այսպես, կորոնավիրուսը Նիկոլին «փախցրեց» կոռուպցիոն ծանրագույն սկանդալներից, «փախցրեց» Արցախի հարցը փուլային տարբերակով լուծելու խոստումից, վերջապես` «փախցրեց» համավարակի դեմ պայքարը հիմնարար տապալելու իրողությունից: Իրողություն, որի պատճառով ՀՀ քաղաքացիները դարձել են հրեշավոր գիտափորձի ակամա մասնակիցներ` ի՞նչ կլինի, եթե բազում անհայտ հատկություններ ունեցող այդ վիրուսը ազատորեն շրջի երկրով մեկ...
Բայց այդ «փախուստը» Նիկոլին չի ազատի պատասխանատվությունից, լավագույն դեպքում դա կհետաձգի մոտ 20-25 օրով: Միգուցե «լավատեսական» սցենար ունի` վերջնական փախուստ արտերկրում բուժվելու պատճառաբանությամբ: Լավ, բա հետո՞: Բա որ «կիրթ» Ալիեւը որոշի այդ ընթացքում պատերազմ սանձազերծել: Բա որ արեւի առատությունը, այնուամենայնիվ, չազդի վիրուսի տարածման տեմպերի վրա, եւ ունենանք «օպտիմալացված», այսինքն` հերն անիծած առողջապահական համակարգի կոլապս...
Ճիշտ է, Աննա Հակոբյանը, անելով վարակի հարցով «խոստովանություն մեղաց», սխալների մեղքը արդեն դրեց պարետի եւ Արսեն Թորոսյանի վրա, բայց քայլասերված թիմի կործանման ժամացույցն արդեն միացված է: Եվ առնետավազքի երեւույթն արդեն տեսանելի է:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԵՎ ՋՂԱՁԻԳ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ
Տրամաբանական կլիներ, որ հիվանդացած վարչապետն իր պարտականությունները կատարող ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր, ասենք` փոխվարչապետերից մեկին: Թեկուզ Տիգրան Ավինյանին: Սակայն դա Նիկոլի համար այլեւս չվերադառնալու ճանապարհ է: Այսպես, հունիսի 13-ին լրանում է արակարգ դրության ժամկետը: Այն երկարաձգելը օրինականության տեսակետից գրեթե անլուծելի խնդիր է, համ էլ նույն Ավինյանը, եւ իշխանությունը վերցնելու ընդհանրապես բոլոր հավակնորդները պատճառ չունեն այլեւս պահպանելու ցույցերի եւ հանրահավաքների արգելքը: Իսկ փողոցները գազազած քաղաքացիներով անխուսափելիորեն հեղեղվելուց հետո Նիկոլի` իշխանության մնալն անհնարին է: Եվ այդ առումով Աննա Հակոբյանի հնչեցրած երազանքը` վերադառնալ իրենց նախկին բնակարան, մեղմ ասած, անիրագործելիության աստիճանի լավատեսական է: Քանզի բավականին շուտով իրենք կերազեն, որ իրենց դատի դատարանը, այլ ոչ թե... Մանավանդ որ քաղաքացիներին կարծես դիտմամբ գազազեցնեն` է՛լ դիմակաձեռնոցային ոստիկանական պարանոյան, է՛լ գույքահարկի քառապատկման օրենքը, է՛լ պղծությունն օրինականացնող իրավական ակտերի ընդունում, է՛լ Արսեն Թորոսյանի` վախ ու տագնապ տարածող ցինիկ նեկրոֆիլ հայտարարությունները...
Սակայն Նիկոլն անում է այն, ինչ չի արել եւ ոչ մի վարակված վարչապետ: Պաշտոնակատար նշանակելու փոխարեն անձամբ մասնակցում է պարետատան բրիֆինգին, ուր մասնակիցները ոչ թե հատուկ բժշկական հանդերձանքով են, այլ սովորական դիմակ-ձեռնոցով: Երեւի այնքան է վախենում լիազորություններ պատվիրակելուց, որ վաղը միգուցե վարակված հալով կառավարության նիստ էլ վարի, կամ հայտնվի ԱԺ-ում: Իսկ քարոզչական դաշտում ձեռքը գցել է փրփուրներից: ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով. «Կա մի այսպիսի կոմունիկացիոն հնարք` downgrading. երբ ուզում ես արհեստական կերպով դիմացինիդ խոսքի արժեքը նվազեցնել (հաճախ դա արվում է, երբ բովանդակային պատասխան չես ունենում)` քո թիմից ընտրում ես դիմացինից պաշտոնով/մակարդակով/ազդեցությամբ անհամեմատ ցածր մարդու եւ պատասխանդ տալիս ես նրա միջոցով: Հենց այս մարտավարությունը ընտրեց Փաշինյանը` Միքայել Մինասյանի հնչեցրած փաստերի պատասխանը տալով Հրաչյա Հակոբյանի տեսաուղերձով (ժամանակին այս նույն հնարքն արվեց Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան ձեւաչափով): Ես շատ երկար կարող եմ թվարկել Հակոբյանի ելույթի խոցելի/սխալ/աբսուրդային կետերը (Վիգեն Սարգսյանի բարեփոխումներով գլուխ գովալը, «Սու»-երի գործարքի մանրամասները, չնայած մոնտաժին` բազմաթիվ վրիպակները եւ այլն), բայց ուզում եմ, որ Փաշինյանի թիմը հասկանա...»:
Չի հասկանա, հարգելի քաղաքագետ: Եթե հասկանար` քայլասերված պատգամավորները թույլ չէին տա, որ վարակվելու ռիսկի ներքո իրենց անվերջ բանեցնեն հերթական այլանդակ օրենքներն ընդունելու վրա... Լավ, հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկեցին, է՞լ ինչ է ուզում «քաջ նազարը»: Ամպայման պետք է սպառի՞ այլանդակ եւ հակասահմանադրական քայլերի օրակարգը եւ ԱԺ-ն ամառային արձակուրդ չուղարկի՞: Դրանով Նիկոլը ցույց է տալիս, որ իր իսկ պատգամավորներին գնահատում է ոչ ավելին, քան շարքային պողոսներին: Եվ իր խուճապահար ուղեղի ջղակծկումներով կարող է նրանցից շատերին դարձնել Արսեն Թորոսյանի «վիրուսնոցների» պացիենտ, իսկ այնտեղ արդեն ծանր հիվանդների համար տեղ չի մնացել, արդեն կիրառում են ֆաշիզմին վայել «սորտավորումը»: Շատ վտանգավոր է համավարակի հետ «ղումար» խաղալը, դա իրեն թույլ չի տա ամենավերջին խաղամոլը: Բայց սրանք դա անում են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

