«Գունավոր հեղափոխությունների» ալիքը հասավ ԱՄՆ
Արխիվ 16-20Իհարկե, դեռ ընդամենը հաշված տարիներ առաջ ենթադրելը, թե ԱՄՆ-ն կարող է ինքը հայտնվել այն փոսում, որը փորեց բազում երկրների համար, ֆանտաստիկ կթվար: Սակայն միեւնույնն է, դժվար է Նահանգներում տեղի ունեցողին այլ անուն տալ, քան՝ «գունավոր հեղափոխություն»: Ամեն դեպքում, ոստիկանի կողմից հերթական սեւամորթ քաղաքացու սպանության հետ կապված բողոքի ցույցերի տեսանելի տպավորությունը նույնն է, ինչը տարիներով, որպես «հեղափոխական բրենդ», ի հայտ էր գալիս «դեմոկրատացման» ենթակա երկրներում: Անգամ սցենարային դետալներն են նման. դիմակավորված ցուցարարներ, որոնց մեջ մեծ թիվ է կազմում երիտասարդությունը: Ագրեսիվ պահվածք, ջարդարարություն, հրկիզումներ, թալան: Ու կարծես թե իրավիճակը հասել է այն փուլին, երբ մասսաներին ուղղորդում են իրավապահների հետ բախումների, պետական հաստատությունների վրա գրոհների, երբ ի հայտ են գալիս զոհեր, ինչն էլ ավելի է շիկացնում իրավիճակը: Վաշինգտոնում ցուցարարներին արդեն գրոհի են տանում Սպիտակ տան դեմ, ինչը «գունավոր հեղափոխությունների» համար սովորաբար նշանակում է, որ լարվածությունը հասնում է գագաթնակետին:
Մի խոսքով, ակնհայտ է, որ ԱՄՆ-ում նույն սցենարն է գործում, ինչ մինչ այս տեսել ենք բազում երկրներում։ Իսկ դա նշանակում է, որ նույնն են նաեւ սցենարիստները: Իսկ թե ովքեր են մինչ այս հանդիսացել «գունավոր հեղափոխությունների» սցենարիստները, դա էլ նոր բան չէ. տարաբնույթ սորոսները: Ավելի ստույգ, առաջին պլանում երեւացող այդ սորոսների ուլտրալիբերալ տերերը, ովքեր ժամանակին Սպիտակ տանն էին գտնվում, իսկ հիմա ունեն այնտեղ վերադառնալու խնդիր: Հակառակ դեպքում, ինչպես դեռ անցած տարվանից սկսեց ամենաբարձր մակարդակներով անգամ ակնարկվել, ուլտրալիբերալիզմը, որպես, այսպես ասենք, աշխարհի կառավարման երբեմնի համակարգ, կարող է պարզապես պատմության աղբանոցում հայտնվել՝ իր բոլոր տարրերով հանդերձ՝ ԼԳԲՏ-ներով ու այլասերվածությունների տարածմամբ, աղանդներով, մարդկությանը չիպավորելու, ավանդական արժեհամակարգի ոչնչացման փորձերով. որ մեկն ասես:
Այն, որ Թրամփի ընտրվելուն պես սկիզբ առած ներամերիկյան այս ներքաղաքական բախումները նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ պետք է ստանային ամենակատաղի ընթացք, իհարկե սպասելի էր: Ընդ որում, այստեղ կա նաեւ այն հարցը, թե պատահակա՞ն էր, որ հենց ԱՄՆ-ն դարձավ համաշխարհային կորոնավիրուսային առաջատարը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող Բրազիլիայի հանդեպ ունենալով մոտ 3.5 անգամ առավելություն վարակվածների թվով, թե՞ այս ողջ կորոնավիրուսային պատմությունը եւս պետք է համարել ներամերիկյան այդ պայքարի բաղադրիչ: Չէ՞ որ, վերջին հաշվով, նման կասկածների լուրջ հիմքեր կան, այն, որ կորոնավիրուսի ծագման հիմքերում գտնվելու մասին ծանրակշեռ մեղադրանքներ են ուղղվել այնպիսի ուլտրալիբերալ գործիչների հետ կապված, ինչպիսիք են Սորոսն ու Գեյթսը: Ընդ որում` նկատենք. չնայած վարակվածության մոտ 1.8 միլիոնանոց ցուցանիշին, Թրամփին, այնուամենայնիվ, հաջողվեց երկիրը զերծ պահել սոցիալ-տնտեսական մեծ պայթյունից: Կորուստներ, իհարկե, եղան, ինչպես բոլորի մոտ: Բայց ոչ պայթյունային: Դրա հետ մեկտեղ էլ մայիսի սկզբներից սկսած ԱՄՆ-ն մտել էր վարակի հանդարտեցման փուլ: Այսինքն, եթե մինչ այդ պիկային օրերին օրական վարակվածության ցուցանիշը հասնում էր 35 հազար մարդու եւ ավելի, ապա մայիսին նվազեց նախ 25-27 հազարի սահմանագիծ, իսկ վերջին օրերին 20 հազարից էլ պակաս: Ընդ որում, տարբեր հեղինակավոր սոցհարցումներ ցույց էին տալիս, որ դրան զուգահեռ, վերսկսել էր աճել Թրամփի վարկանիշը: Կային նաեւ կանխատեսումներ, որ հունիս-հուլիսին նրան կհաջողվեր հայտարարել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին, եւ այդ դեպքում նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփին հաղթելու խնդիրը ուլտրալիբերալների համար նորից դառնում էր գրեթե անհաղթահարելի, ինչպես որ կար մինչ կորոնավիրուսը:
Սրան էլ գումարվեց աշնանը ԱՄՆ-ում կայանալիք G-7 գագաթաժողովին Վլադիմիր Պուտինին հրավիրելու Թրամփի պարզ ակնարկը, որն արդեն իսկ ուլտրալիբերալների համար վատթարագույն սցենարներից մեկն է: Առավել եւս, որ կարծես թե չի հաջողվում նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Պեկինի կատարածու ներկայացնելու միջոցով չին-ամերիկյան բախումների հասնելու սցենարը. Թրամփը սկսել է հետ կանգնել կորոնավիրուսի ծագումնաբանությունը չինացիների հետ կապելու հայտնի հիստերիայից, եւ հիմա պարզապես գնում է ուլտրալիբերալիզմի գործիքներից մեկը՝ ԱՀԿ-ն քանդելու ուղղությամբ:Այսպիսով, ԱՄՆ-ում եւս մեկ ցնցումային իրավիճակ առաջացնելը ուլտրալիբերալների համար Թրամփին տապալելու միակ շանսն էր, եւ առիթը դարձավ սեւամորթի սպանությունը: Այլ հարց է, թե որքանո՞վ են մեծ հաջողության շանսերը․․․
Ամբողջական տարբերակը՝ «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում։
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱ

