Գունավոր հեղաշրջման 2 տարին

Արխիվ 16-20

Լրացավ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գունավոր հեղաշրջման երկրորդ տարին: Այդ ժամանակահատվածում շատ ջրեր են հոսել, սակայն էական է այն, որ հեղաշրջման տերերին և նրանց դրածոներին հաջողվել է կապիտալիզացնել իրենց հաջողությունը և ստեղծել որոշակի ամուր հիմք հետագա գործողություններին անցնելու համար:

Արդեն գրեթե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, և նրա հետագա պաշտոնավարմանը վտանգ է սպառնում: Սակայն Փաշինյանի միանձնյա հեռացումը վարչապետի պաշտոնից դեռևս չի նշանակում, այսպես կոչված, «հեղափոխության» անկում և նրան իշխանության բերած 5-րդ և 6-րդ շարասյուների տապալում:

Հետզհետե խորտակվող իշխանության շուրջ տեղի ունեցող գործընթացները փաստում են, որ իրադարձությունները ենթարկվում են ճգնաժամային կառավարման` հեղաշրջման արտաքին տերերի կողմից: Գրեթե ակնհայտ է, որ փորձ է արվում խաղարկել գործողությունների այլընտրանքային տարբերակ կամ, ինչպես միշտ կատարվում է գունավոր հեղաշրջումների դեպքում, գործարկել «Պլան Բ»-ն:

Կարևոր է մատնանշել, որ Հայաստանում իրականացված գունավոր հեղաշրջումը խնդիր ուներ՝ ավանդական արժեհամակարգի վերաձևումից զատ, առաջին հերթին՝ փոխել մեր երկրի գեոքաղաքական ուղղությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների քայքայումը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների դուրսբերումը հանդիսանում է «հեղափոխականների» ցանկալի վերջնակետը: Այդ է պատճառը, որ գունավոր հեղաշրջումների թիրախ են դառնում հենց Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երկրները, քանի որ դրանք հեղափոխության տերերին հետաքրքիր են զուտ Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնելու տեսանկյունից: Այս իմաստով՝ թավշյա իշխանության հովանավորներին այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչպես են լուծվելու ՀՀ ռազմական անվտանգության խնդիրները նման հեռանկարի պարագայում:

Հենց այս համատեքստում էլ շարունակվում է քաղաքական հետապնդման ենթարկվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ղեկավարությամբ կանխվել են հնարավոր գունավոր հեղափոխության սցենարները մեկ երկրում` ինչպես 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին, այնպես էլ՝ 2008թ.-ի մարտի 1-ին:  Իսկ արդեն Սերժ Սարգսյանի օրոք  կանխվեցին հնարավոր գունավոր հեղաշրջման սցենարները 2013-ին՝ նախագահական ընտրությունների, և 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Այդուհանդերձ, տարիների ընթացքում հնարավոր եղավ արտաքին 5-րդ և 6-րդ շարասյուների ներթափանցումը իշխանության օղակներ, որոնք էլ ամեն կերպ աղտոտեցին գործող հանրապետական իշխանության վարկանիշը՝ պարարտ հող ստեղծելով 2018թ.-ի գործընթացների համար:

Պետք է փաստել, որ Փաշինյանն աշխատում է իրեն իշխանության բերած «գործատուների» մոտ, և հենց այդ հանգամանքն է նրան թևեր տալիս, որպեսզի ԱԺ ամբիոնից կարողանա մատ թափ տալ պատգամավորների վրա, իսկ իր անբովանդակ «live»-երում ժողովրդին դիմելիս՝ ասել, որ ինքը բնավ չի կաշկանդվում հասարակության շրջանում իր մասին ձևավորվող պատկերացումներից:

Այսպիսով, վերջին երկու տարում Նիկոլ Փաշինյանը «հեղափոխության լիարժեք հաղթանակի» համար գրանցել է հետևյալ արդյունքները.

– Ավանդական արժեքների խաթարում: Ամեն կերպ Փաշինյանը և իր թավշյա թիմը վարել են այլասերության քարոզ: Մշակվել և քայլ առ քայլ ձևավորվել են պղծությունը շրջանառության մեջ դնելու օրենսդրական հիմքեր: Որպես վառ ապացույց՝ վերջերս Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումն ԱԺ-ում և ստորագրումը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

– Հիմնարար ինստիտուտների թուլացում: Հարձակումները եկեղեցու, կրթության, բանակի, ընտանիքի վրա եղել է և կա թավշականների աշխատանքային ձեռագիրը: Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ գործողությունները բոլորս ենք հիշում, բայց քչերը գիտեն, որ կրթության և պաշտպանության ոլորտի ծառայողներն այն եզակիներն են, որոնք դուրս են մնացել պարգևավճարների հատկացումներից:

– Հետապնդվում են Արցախի հերոսները և պետական առանցքային գործիչները: Սերժ Սարգսյանի վրա հարուցված է անհեթեթ քրեական գործ, Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է առողջական ծանրագույն վիճակում: Հետապնդվում են նաև այլ ռազմաքաղաքական գործիչներ ևս` Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան և այլք:

– Նիկոլ Փաշինյանը հասցրել է երկրի կառավարման էական պաշտոններում նշանակել հակառուսական տրամադրություններով աչքի ընկնող մարդկանց: Երևանում ՌԴ դեսպանության դիմաց ցույցեր անող և ռուսական դրոշն այրող պլեադան այսօր զբաղեցնում է հիմնարար և բարձրագույն պաշտոններ: Օրինակ` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը, սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյանը: Այդ համատեքստում է նաև այն, որ վերջերս ԱԱԾ պետի տեղակալ նշանակվեց 28-ամյա երիտասարդ, ինչը ոչ միանշանակ է ընկալվել անվտանգության համակարգում:

– Կարելի է վստահորեն ասել, որ Փաշինյանը թուլացրել է հայկական կողմի դիրքերն Արցախի շուրջ բանակցային գործընթացում, ինչը հանգեցրեց նրան, որ համանախագահների հայտարարություններից սկսեց դուրս մնալ հղումն ուղղված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքին: Արդյունքում՝ Փաշինյանը ցինիկորեն հայտարարում է, որ ինքն «ինչ պետք է՝ այն էլ բանակցում է»:

– Փաշինյանը տապալել է երկրի արտաքին քաղաքականությունը: Նախկինների նկատմամբ անբարյացակամությունը գործադրվում է նաև արտաքին հարաբերություններում իրեն ժառանգություն թողնված բավականին կայացած փաթեթի վրա ևս: Բացի հայ-ռուսական հարաբերությունները թունավորելուց, նա խաթարել է նաև նախկին իշխանության ջանքերով կառուցված ՀՀ-ԵՄ օրակարգը: Անհասկանալի են նաև հարաբերություններն Իրանի և Չինաստանի հետ:

Ստացվում է, որ Հայաստանը մեկուսացված է արտաքին հիմնական գործընկերներից և ղեկավարվում է 2018թ.-ի գունավոր հեղաշրջման արտաքին տերերի կողմից: Բնականաբար, նման պայմաններում արդեն կարելի է անցնել գործողությունների հաջորդ փուլին:

Անդրադառնանք «Պլան Բ»-ին: Դեռևս սույն թվականի մարտին խիստ արևմտամետ «Սասնա Ծռեր»-ը հայտարարություն էր տարածել, որում «դատապարտում էր ՀՀ ինքնիշխանության դեմ Կրեմլի ոտնձգությունների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կրավորականությունը»: Նման դեպքերը խոսում են այն մասին, որ արդեն բացահայտ տրվում են ազդանշաններ Փաշինյանի հեռացման վերաբերյալ, ինչի արդյունքում կսկսվի «Նիկոլ Փաշինյան-2» սցենարի ակտիվացումը:

Քիչ թե շատ լուրջ քաղաքական ուժերը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռացող է, և առկա են դրա մի քանի սցենարներ.

  1. Ժողովրդով եկավ, ժողովրդով գնաց:
  2. Ներքին դիմադրություն և նոր ուժի ձևավորում:
  3. Պալատական հեղաշրջում:

Առաջին տարբերակը, թերևս, հարուստ հնարավորություններ ունի` համաճարակի ավերածությունների ֆոնին, սակայն քիչ հավանական է: Առանց լուրջ լոկոմոտիվի, որն արտաքին ուժերի կողմից ներմուծվեց 2018թ.-ին, ժողովրդական զանգվածները որևէ հաջողություն չեն ունենա: Արդեն իսկ կարելի է վստահաբար փաստել, որ թավշյա հեղաշրջման գործընթացներում լոկոմոտիվի դեր էին տանում արտաքին դրամաշնորհներով սնված ՀԿ-ները, աղանդավորական կազմակերպությունները` ի դեմս «Կյանքի խոսք»-ի, ԼԳԲՏ համայնքը, նախկին իշխանության մեջ ծվարած 6-րդ շարասյունը: Այդ ուժերն իրենցից ներկայացնում են ցանցային կազմավորումներ և արտաքին զորահրամանատարի կոչով շատ արագ կոնսոլիդացվում են` անցնելով բանակային կարգապահության:

Երկրորդ տարբերակի դեպքում Փաշինյանը չի կարողանում վերահսկել ստեղծված իրավիճակը, նրանից սկսում են պոկվել արբանյակ, բայց ինքնուրույն ուժեր, և ձևավորում են նոր բևեռ, որին կարող են մաս կազմել նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ ուժի ճնշմամբ Փաշինյանը հեռանում է, և ժամանակավոր կառավարության հաստատումից հետո կատարվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Երրորդ տարբերակը ենթադրում է հեղափոխության արտաքին տերերի կողմից Փաշինյանի տեղակալում՝ կառավարելի կամ պայմանավորված հեղաշրջմամբ: Այդպիսով հնարավոր կլինի պահպանել 2018թ.-ին օկուպացված իշխանությունը և սկսել հակառուսական գործողությունների հիմնական ալիքը: (Փաստենք, որ նույն սցենարը խաղարկվեց հարևան Վրաստանում, երբ իշխանության գալով՝ Սահակաշվիլին նախ՝ լուծեց Աջարիայի խնդիրը, Ախալքալաքից դուրս բերեց ռուսական ռազմակայանը, և ապա՝ լուրջ առճակատման մեջ մտավ հյուսիսային հարևանի հետ): Այս դեպքում խաղի մեջ է ներգրավվելու պահեստայիններից որևէ մեկը, ով օժտված է «հեղափոխականների» վրա բավականաչափ ազդեցությամբ և կարող է առաջնորդել գործընթացը: Այդ տրամաբանության մեջ էր ՀՀ 1-ին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը: Դրանում հատուկ շեշտադրմամբ կարևորված էին Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը: Բնականաբար, 1-ին նախագահի մասշտաբի գործչի կողմից նման պաշտոնյաներից ֆավորիտներ կերտելու փորձը խորքային պատճառներ ունի:

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության ֆիկտիվ ճնշման ներքո հրաժարական է տալիս և լքում ՀՀ տարածքը: Այդպիսով նա դառնում է Սահակաշվիլիի նման միջազգային գործիչ և շարունակում ծառայել իր արտաքին մեցենատներին: Բացառված չէ, որ մի օր Փաշինյանը կարող է հայտնվել, օրինակ, միջինասիական որևէ երկրում՝ որպես հաջողված գունավոր հեղափոխությունների գծով փորձագետ և խժդժություններ հրահրել:

Գաղտնիք չէ, որ 2018թ.-ի ներհայաստանյան գործընթացներում էական դերակատարում ունի անգլոսաքսոնյան թևը, որը, թերևս, ներկայացված է՝ ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի: Միամտություն է կարծել, որ Արմեն Սարգսյանի նման կարողությունների և միջազգային կապերի տեր անձնավորությունը կարող է զուտ գործընթացներին պասիվ հետևող լիել: Պետք է փաստել, որ Արմեն Սարգսյանն ակտիվ հանդիպումներ է ունենում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, պաշտոնական այցերով շրջում մարզերում, հանդիպում նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ: Խոսակցությունները, որ նա աշխատում է չխառնվել ներքին գործընթացներին, ուղղակի անհեթեթություն են: Վկա, թեկուզ, նրա ոչ անհայտ խորհրդականի վերջին հարցազրույցը:

Ներկայացված երրորդ տարբերակի դեպքում Փաշինյանը լքում է իշխանությունը հենց նախագահ Արմեն Սարգսյանի գործակցությամբ, վերջինիս՝ որպես «ներքին համախմբիչ և հաշտարար» հանդես գալու պայմաններում: Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կարող է վերածվել 2018թ.-ի գունավոր հեղաշրջման 2-րդ առաջնորդի, ով էլ, ըստ ամենայնի, կփորձի նրբորեն իրականացնել Հայաստանի դուրսբերումը ռուսական ուղեծրից:

Փաշինյանի իշխանությունից, բնականաբար, դժգոհ է ռուսական կողմը. դրա մասին են վկայում ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտնի հայտարարությունները և փաշինյանական մաքսանենգ ինքնաթիռների առգրավումը: Սերգեյ Լավրովն իր ասուլիսի ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ հայկական կողմը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հիշում է միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է գազի գնին: Առանձնահատուկ տհաճ էր փաստը, որով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ հեռախոսազրույց տեղի չունեցավ ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև, այն դեպքում, երբ Վ. Պուտինը հասցրել էր արդեն հեռախոսակապով շնորհավորել Փաշինյանի «կիրթ» գործընկերոջը` Ալիևին: Արդյունքում՝ Փաշինյանը կարող է հեռացվել հենց ռուսական ուժային կենտրոնի ճնշման ներքո: Եվ այս դեպքում Ա. Սարգսյանին միգուցե հաջողվի լեզու գտնել նաև ռուսական կողմի հետ:

Վերոնշյալ տարբերակներից որևէ մեկի գործադրմամբ՝ ինչ կարող է լինել, թերևս, միայն Աստծուն է հայտնի. ինչպես ասում են՝ մարդը որոշում է, իսկ Աստված տնօրինում: Բայց կա նաև Նասիմ Թալեբի Սև կարապի տեսությունը, և որոշ հետազոտողներ կարծում են, որ այդ անկանխատեսելի «սև կարապն» այսօր կորոնավիրուսն է…

Վահե Հայկունի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում