ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ
Արխիվ 16-20«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով օր օրի կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թվի աճին, առողջապահության նախկին նախարար ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ նման գնահատական ներկայացրեց.
- Կորոնավիրուսի տարածվածության առումով Հայաստանը հասել է մաքսիմիալ պիկին: Մենք դեռ կունենանք օրական 300-400 վարակակիրներ: Այստեղ խնդիրը ծանր հիվանդներին հնարավորինս ժամանակին եւ լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պետք է լինենք մեծահասակների եւ հարակից հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ: Ուստի` պետք է, ինչպես երբեւէ, ավելի զգոն լինենք: Իսկ այսօր ի՞նչ ենք տեսնում... Տեսնում ենք, որ հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է: Սրճարաններում երիտասարդները նստած են իրար քիթ մտած, իրար գիրկ նստած, սեղանները մոտ-մոտ դրած: Երիտասարդները չեն մտածում, որ եթե իրենք վարակը գուցե թեթեւ էլ տանեն, բայց իրենց տանը եղած քրոնիկ հիվանդություններով ծնողների, տատիկ-պապիկների համար վիրուսը կարող է ճակատագրական լինել: Մտահոգիչ են նաեւ Երեւան քաղաքի տարածքում գործող ցայտաղբյուրները. դրանք եւս վտանգ են ներկայացնում: Մեկը մյուսի հետեւից խմում են այդ ջուրը, լվացվում են: Համաճարակի ժամանակ պետք չէր վերագործարկել ցայտաղբյուրները: Մենք Ձեզ հետ նախորդ զրույցում զգուշացրինք, որ հանրային սննդի ոլորտի աշխատանքները վերսկսելը ժամանակավրեպ է, պետք է սպասել: Չընդունվեց մեր առաջարկը, բացվեցին: Դրա համար 10 օր հետո մենք ունեցանք հիվանդացության աճ: Հիմա մենք այդ բացվելու պտուղներն ենք քաղում: Գիտեք, առհասարակ տարրական խնդիր կա. մերոնք անցումներում սոցիալական հեռավորություն պահպանելու մշակույթ չունեն: Գոնե ցուցանակներ դնեն, մայթի վրա գծեն. տարրական բաներ են, որոնք չեն արվում: Պետք է ցուցանակների միջոցով մշակույթ սովորեցնել: Բացի այդ, նորից եմ կրկնում, հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

