Հանցագործություն ողջ ժողովրդի նկատմամբ
Արխիվ 16-20Ցնցող բացատրություն է տվել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը, կապված համակարգին ուղղված հրապարակային այն մեղադրանքների հետ, որ կորոնավիրուսով վարակված եւ հիվանդության համեմատաբար թեթեւ ընթացք ունեցողներով որեւէ մեկը չի հետաքրքրվում, չկա որեւէ հաշվառում, համակարգում տեղյակ էլ չեն նրանց մասին եւ չեն էլ ուզում տեղեկանալ։ Այսպես, ըստ Թորոսյանի խոսնակի․ «Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց: Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել: Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ: Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը․․․»:
«Անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ»,- ասում է խոսնակը։ Սակայն ամբողջ խնդիրը հետեւյալն է՝ մարդիկ ինչպե՞ս պետք է տեղյակ լինեն, որ ունեն կորոնավիրուսի վարակ։ Օրինակ բերենք փաստաբան Ինեսսա Պետրոսյանի պատմությունը։ Նրա հրապարակային պնդմամբ, որը ոչ մեկը չի հերքել, իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ընդ որում, ոչ ոք չի էլ կասկածել, որ վարակված է եւ հրաժարվել են թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել, ու միայն մոտ երկու շաբաթ անց՝ մայիսի 20-ին, երբ ջերմություն է ունեցել, սեփական նախաձեռնությամբ թեստավորում է անցել: «Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»: Սակայն անգամ հաստատված դրական թեստավորումից երկու օր հետո առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել: «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»: Նախարարի խոսնակի ասած այդ նույն պոլիկլինիկաներից միայն մի քանի օրից Ինեսսային կանչել են՝ անալիզներ հանձնելու համար»: Բայց գիտակցելով, որ այնտեղ մարդկանց աջ ու ձախ վարակելու է, հրաժարվել է գնալ։
Պարզ հարց․ իսկ մինչ սեփական նախաձեռնությամբ թեստավորվելը նա քանի՞ մարդու է վարակել։ Հաջորդը, իսկ քանի-քանի նման անձնք կան, ովքեր պատկերացում անգամ չունեն, որ վարակակիր են, կամ կասկածում են, բայց սեփական նախաձեռնությամբ թեստավորվելու ոչ մի հնարավորություն չունեն։
Իսկ ի՞նչ կարող են անել պոլիկլինիկաները։ Նախարարի համապատասխան հանձնարարականով տեղամասային բժիշկը պետք է այցելի հիվանդներին, բայց ամեն այցից հետո փոխի հանդերձանքը։ Եվ կարո՞ղ է նախարարությունն ասել, համակարգին ապահովե՞լ է համապատասխան քանակով պաշտպանիչ պարագաներով։ Զրուցել ենք բազում տեղամասային բժիշկների հետ։ Պատասխանելով հանդերձավորման հարցին, նրանք հիմնականում լավագույն դեպքում տխուր ձեռքերն են թափահարում, իսկ հիմնական մասն ամենավերջին խոսքերով էր հիշում սեփական համակարգի ղեկավարությանը։ Միայն մեկ-երկուսն ասացին, որ լրացուցիչ բժշկական խալաթ ստացել են․․․ մեկը։ Մինչդեռ ամեն այցից հետո նրանից պահանջում են նորը հագնել։ Ելքը մեկն է՝ կորոնավիրուսի ամեն մի կասկած պարզապես անտեսել։ Իսկ նման վիճակում այդ ինչպե՞ս են մարդիկ իմանալու, որ «դրական դեպքեր» են, որ կարողաման «կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ»։
Թե այս իրավիճակում ինչ է իրականում սպասվում ժողովրդին, դժվար չէ հասկանալ։
Ս․Աբրամյան

