Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա
Արխիվ 16-20Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին տեսահրապարակման մեջ սկանդալային փաստեր ներկայացրեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ 14 հազար 875 կիլոգրամ ծխախոտ արտահանվել Աբխազիա: Մի երկիր, որը պաշտոնական Թբիլիսին համարում է ՌԴ-ի կողմից օկուպացված, պաշտոնական Մոսկվան` անկախ երկիր, իսկ Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ` եթե նույնիսկ պատկերացնենք, որ ծխախոտը Փաշինյաններն Աբխազիա չեն արտահանել, այլ արել է ինչ-որ մեկը, միեւնույնն է, այն դիվանագիտական սկանդալի պատճառ է, քանի որ չէր կարող ՊԵԿ-ը թույլ տալ ծխախոտի ինչ-որ արտահանողի այն վաճառքի համար ՌԴ-ի տարածքով արտահանել մի երկիր, որը Երեւանի կողմից ճանաչված չէ: Ավելին` քանի որ Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածքը, ապա ստացվում է, որ Աբխազիա ծխախոտ ներմուծող հայ առեւտրականները մաքսանենգ ճանապարհով այն տեղափոխել են ՌԴ-ից Վրաստանի տարածք` խախտելով Վրաստանի բազմաթիվ օրենքներ: Եվ դեռ թեժացող սկանդալը չմարած` «կրակի վրա բենզին լցրեց» ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հակավրացական ելույթով: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:
ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ՞
– Պարոն Թորոսյան, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչպես կարող էր Հայաստանից Աբխազիա ծխախոտ ներմուծվել, եթե այդ երկիրը մեր կողմից անգամ ճանաչված չէ:
– Նախ` այս երեւույթի մեջ դեռ չեմ խորացել, ընդամենը մամուլի հաղորդագրություններին եմ հետեւել: Եվ երկրորդ` չեմ կարող այն որեւէ սկանդալ դիտարկել, որովհետեւ եթե հայկական ծագման ապրանք է հայտնվում Աբխազիայում, սա Հայաստանի խնդիրը չէ, այլ բիզնեսմենի, ներկրողի, արտահանողի խնդիրն է: Ընդհանրապես, միշտ կողմնակից եմ առեւտրին, ապրանքաշրջանառությանը, սահմանների բաց լինելուն, բարեկամությանը, լարվածության մեղմացմանը, եւ էլի եմ ասում` այդտեղ որեւէ սկանդալ չեմ դիտարկում:
– Ասում եք` եթե հայկական ծագման ապրանք է հայտնվում Աբխազիայում, Հայաստանի խնդիրը չէ: Ըստ Ձեզ` ՀՀ Պետեկամուտների կոմիտեն այս հարցում անելիք չունե՞ր:
– ՊԵԿ-ը հայտարարությամբ հանդես է եկել` կապված ծխախոտային այդ հրապարակման հետ եւ նշել է, որ փաստաթղթային տեսանկյունից որեւէ խնդիր չկա: Մնացածն արդեն բոլորովին այլ դաշտ է, եւ այն չգիտեմ` ինչով ու ինչպես է կարգավորվում կամ ինքնակարգավորվում:
«ՆՈՒՅՆ ՄԻՏՔԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՈՉ ԹԵ ԲԺՇԿԱԳԻՏՈՐԵՆ ԱՍԵԼ, ԱՅԼ` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ»
– ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անհեռատես ելույթ ունեցավ եւ կասկածի տակ դրեց հարեւան Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը, որին արդեն տարբեր մակարդակներով եւ բավական կոշտ արձագանքում են Թբիլիսիից: Ըստ էության, հայ-վրացական հարաբերությունները վերջին օրերին բավականին վայրիվերումների ենթարկվեցին: Ինչպե՞ս ենք խնդիրը կարգավորելու, հայկական կողմից եղած միջնորդվորված ներողությունները բավարար կլինե՞ն:
– Շատ եք բարդացնում, իրականում որեւէ լուրջ թեմա չկա` հարաբերությունների վայրիվերում կամ խաթարում անվանելու: Չկա այդպիսի բան եւ չի կարող լինել, որովհետեւ նախ թեման այն թեման չէ, որն իրապես կազդի հարաբերությունների վրա: Ընդամենը կա՛մ սխալ ըմբռնված, կա՛մ փոքր-ինչ ոչ դիվանագիտական լեզվով արտահայտված միտք է հնչել, որը կարելի էր ուղղակի ոչ թե բժշկագիտորեն ասել, այլ` դիվանագիտորեն: Չեմ կարծում, որ այստեղ որեւէ խնդիր կա: Բացարձակապես այն չի կարող հարաբերությունների վրա ազդել, որովհետեւ մեր պետությունների միջեւ բնականոն, նորմալ հարաբերություններ կան: Այլ խնդիր կլիներ, եթե ծայրաստիճան լարված, պայթյունավտանգ հարաբերություններ լինեին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, ու ինչ-որ մի կայծը, ժողովրդի լեզվով ասած, «մահանա» դառնար:
– Էլ ի՞նչ պետք է լիներ, երբ տարբեր մակարդակներով Վրաստանից հնչում է քննադատություն` ուղղված ՀՀ առողջապահության նախարարին: Չե՞ք կարծում, որ ավելի ուղիղ պարզաբանման, Արսեն Թորոսյանի կողմից հպարակային ներողության կարիք կա:
– Կրկնում եմ` որեւէ խնդիր չեմ տեսնում, նախարարությունը արձագանքել է, Վրաստանից եղել են դրա հետ կապված դրական արձագանքներ: Հայաստանն ու Վրաստանն այսօր շատ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, քան այդ կարգի խոսակցությունները, որը երբեք չի կարող ազդել միջպետական հարաբերությունների վրա: Միտք է, ասվել է, եւ նաեւ նախարարությունը պատասխանել է քննադատություններին, Վրաստանում էլ նորմալ է ընկալվել: Ես հետեւել եմ ամբողջ գործընթացին, չեմ տեսնում որեւէ խնդիր եւ չեմ էլ տեսնում անհրաժեշտություն` այն փորփրելու, որովհետեւ ստացվում է, որ մենք էլ մեր կողմից նպաստում ենք ինչ-որ բան ավելի բորբոքելուն, որն իրականում գոյություն չունի:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆԸ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ԵՐԿԻՐ Է` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌՈՒՄՈՎ»
– Իրականում Վրաստանում կա՞ կորոնավիրուսի դեմ պայքարում դրական դինամիկա, թե՞ համակարծիք եք Արսեն Թորոսյանի հետ, եւ Դուք էլ եք կասկածում իրենց վիճակագրության հավաստիությանը:
– Նայած` ով ինչ մեթոդով է իրականացնում պայքարը համավարակի դեմ եւ չափումներն ու հաշվարկները ինչ մեթոդոլոգիայով է արվում: Տնտեսագիտության մեջ էլ մենք այդ խնդիրները ունենք, իրավագիտության մեջ էլ, բնականաբար, առողջապահական համակարգում էլ կլինեն խնդիրներ` կապված մեթոդոլոգիայի հետ: Տնտեսագիտության մեջ մեկը հաշվում է ՀՆԱ-ն մի չափորոշիչներով, մյուսը` այլ, եւ թվերն իրար հետ չեն համընկնում: Այսպես բոլոր մասնագիտական ոլորտներում էլ կարող են տարբերություններ եւ խնդիրներ լինել: Ամեն դեպքում, մենք պետք է ուրախությամբ արձանագրենք, որ Վրաստանում ցածր են կորոնավիրուսով վարակվածների ու մահացության թվերը, որովհետեւ այնտեղ նախ մեծաքանակ հայ համայնք կա, եւ երկրորդ` Վրաստանը մեր բարեկամ, գործընկեր երկիրն է: Վրաստանի տնտեսության զգալի հատվածը զբոսաշրջությունն է, եւ եթե ցածր են համավարակի թվերը, նշանակում է, որ զբոսաշրջությունը առաջիկայում կարող է զարգանալ: Հուլիսի 1-ից իրենք բացում են սեզոնը, եւ Վրաստանն ինչքան անցնցում հաղթահարի համավարակը, ինչքան տնտեսապես քիչ խոցելի լինի, այնքան, կարծում եմ, ե՛ւ վրացահայության, ե՛ւ Հայաստանի համար շահեկան վիճակ կլինի:
– Ինչո՞ւ համավարակի դեմ պայքարում վրացական փորձը Հայաստանը չորդեգրեց, որպեսզի չունենայինք այսօր վարակվածների ու մահացության սարսափեցնող թվեր:
– Չեմ կարծում, որ Վրաստանն էտալոնային երկիր է` կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, ինչի համար այդ պրակտիկան ամբողջ աշխարհը պետք է որդեգրի: Մենք ականատես ենք եղել, որ համավարակի դեմ պայքարում մոլորակի վրա եղած ավելի քան 200 երկրներն ամենատարբեր մոտեցումներն են ունեցել: Օրինակ` թեկուզ դիմակը պարտադիր կրելու հարցում: Եթե չեմ սխալվում, 37-38 երկիր է դիմակ կրելու պարտադիր նորմը կիրառում: Շվեդիան, Բելառուսն ընդհանրապես` որոշեցին համավարակի դեմ ոչ մի պայքար չմղել, թողնել ինքնահոսի: Իսկ որոշ երկրներ շատ խիստ մոտեցումներ, դրսեւորումներ ունեցան համավարակի դեմ պայքարում, որոշները` ավելի լիբերալ գտնվեցին: Փաստն այն է, որ աշխարհի հզորագույն երկրները, որոնց առողջապահական համակարգը ամենակայունն է, դիմադրողականության եւ ֆինանսական, նյութատեխնիկական, լոգիստիկ հնարավորությունների ու ռեսուրսների առումով անգերազանցելի են, նրանք ամենաշատն են այսօր մխրճված կորոնավիրուսի հետեւանքների մեջ: Ե՛վ ամերիկյան, ե՛ւ եվրոպական, ե՛ւ ասիական աշխարհամասում առաջնային զարգացած երկրներն են թիրախավորված այսօր վիրուսի դեմ անհաջող պայքարում:
«ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ ՉԻ ԿՊՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՎԻՐՈՒՍ»
– Ո՞րն էր Ջավախքի ֆենոմենը, որ մինչեւ այսօր վարակակիրներ չունեն: Հետեւել են Նիկոլ Փաշինյանի հորդորին ու «կորոնավիրուսը պինցետով հանել են եւ տնական արաղով դեզինֆեկցիա՞ արել»:
– Կորոնավիրուսը, ճիշտ եք, ըստ երեւույթին, տարածում չգտավ Ջավախքում: Մենք նույնիսկ կատակով ասում ենք, որ ջավախքցիներին չի կպնում որեւէ վիրուս:
– Ինչպես Գագիկ Ծառուկյանը կասեր, որովհետեւ բարի՞ են...
– Այո, ջավախքցիներիս չի կպնում կորոնավիրուսը, որովհետեւ բարի մարդիկ ենք: Իհարկե, սա կատակ, բայց Վրաստանում կա երկու-երեք ռեգիոն, որտեղ կորոնավիրուսի տարածում կա՛մ չի դիտարկվել, կա՛մ չնչին մակարդակով է դիտարկվել, եւ սա մեզ միայն ուրախացնում է: Շատ լավ է, որ չկա պանիկա, չկա վիրուսի վտանգ:
– Ջավախքցիներն ունե՞ն բաղադրատոմս` կորոնավիրուսի դեմ պայքարելու, թե՞ զուտ իմունիտետի հարց է:
– Իհարկե, բաղադրատոմս, որպես այդպիսին, եթե լիներ, ապա ամբողջ աշխարհը, կարծում եմ, արդեն կիրառելիս կլիներ: Պարզապես, վիրուսի տարածումը համընկավ ոչ աշխատանքային ժամանակաշրջանի հետ, կեսկատակ-կեսլուրջ ասեմ, որ մարդիկ հավանաբար, ավելի շատ ալկոհոլ են օգտագործում եւ այդպես պաշտպանում են իրենց օրգանիզմը: Եվ հետո բնակլիմայական պայմանները գուցե եւս նշանակություն ունեն, մեզ մոտ էկոլոգիան, սնունդը շատ մաքուր է: Սա կարող է կապ ունենալ եւ կարող է եւ չունենալ, բայց փաստը ուրախացուցիչ է, որ տարածում չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

