Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ
Արխիվ 16-20Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում է արտակարգ դրության ավարտից հետո` կառավարության կազմում փոփոխությունները: Եվ մինչ անգամ Աժ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհություն հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, պարզվում է` վերին օղակներում կա սցենար, թե ինչպես անել, որպեսզի ե՛ւ քայլական պատգամավորները գոհ լինեն, ե՛ւ քայլած Արայիկը չմնա ձեռնունայն: Ըստ շրջանառվող խոսակցությունների, չի բացառվում, որ պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ փոխվարչապետի պաշտոնում փոխարինի Ա. Հարությունյանը: Այս միտքը հաճելիորեն ուրախացրել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, որ վերջապես կազատվեն ոչ մի փոխնախարարի հետ «յոլա» չգնացող Ա. Հարությունյանից, շատերը նույնիսկ կարծում են, որ սա կլինի միանգամից 4 ոլորտի փրկություն: Սակայն, Ա. Հարությունյանը հնարավոր է, որ լինի 4 ոլորտ միանգամից համակարգած, ավելի ճիշտ` այդպես էլ չհամակարգած, վերջին սուպերնախարարը, որովհետեւ չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարան բերվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոփոխության եւ նրանից որոշ ոլորտներ տարանջատելու մասին օրենքի նախագիծ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

