ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՇԵՄԻՆ
Արխիվ 16-20Մեծ աղմուկ եւ մեղադրանքներ առաջ բերած արցախյան խայտառակ ուտուշ-խմուշներից հետո, որտեղ Նիկոլը կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր նորմերը խախտեց, բացատրությունների փոխարեն նա վերսկսեց դիմակ կրելու քարոզները: Անգամ դիմեց «ընտանեկան օրինակին»՝ նախօրեին ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով կնոջ եւ երեխաների դիմակներով լուսանկարը` նման գրառմամբ. «Հայաստանի Հանրապետությունում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, բաց տարածքներում՝ խիստ ցանկալի: Հ.Գ. Եթե չեք կարող դիմակ գնել, պատրաստեք տանը եւ կրեք ամենուր»:
Երեւի միայն Նիկոլը կարող է հաջողացնել՝ ընդամենը երկու կարճ նախադասության մեջ միանգամից երեք կոպիտ սխալ թույլ տալ: Այսպես.
1. Ի՞նչ ասել է՝ «խիստ ցանկալի»: Բաց տարածքներում, եթե չկան մարդկային կուտակումներ, առանց դիմակ գտնվելը, կա՛մ վարակվելու սպառնալիք պարունակում է, կա՛մ՝ ոչ: Եթե պարունակում է, իսկ դիմակ կրելը դա կանխում է, ապա, ինչպես փակ տարածքներում, այստեղ էլ պետք է պարտադիր լինի եւ ոչ թե «խիստ ցանկալի»:
2. Ավելի ստույգ, բաց տարածքներում, եթե մենակ ես կամ այնպիսի անձանց հետո, որոնք ողջ օրը կողքիդ են (այդ թվում` ընտանիքի անդամներով), դիմակ կրելը, ինչպես վստահեցնում են բազում մասնագետներ, ոչ միայն «խիստ ցանկալի» չէ, այլ՝ վնասակար. ընդամենը ավելորդ տեղը ծանրացնում է մարդու շնչառությունը՝ հետեւանքներով հանդերձ:
3. Տանը պատրաստված դիմակը չի կարող որեւէ օգուտ տալ: Բժշկական դիմակի իմաստը ոչ թե ինչ-որ բանով քիթ-բերանը փակելն է, այլ այն հատուկ նյութը, որից պատրաստված է: Ինչ է, Նիկոլը մտածում է, թե բոլորը տանն այդ հատուկ կտորի՞ց ունեն, որ պահանջվող որակի դիմակ կարեն: Չնայած` չմոռանանք, որ նիկոլյան չինովնիկներն անգամ, սովորական թաշկինակով դեմքը փակելն են համարում ընդունելի:
Բայց ամենակարեւորը: «Եթե չեք կարող դիմակ գնել...»,- գրում է Նիկոլն ու դրանով հաստատում, որ իր ղեկավարած երկրում կան բազում մարդիկ, ովքեր անգամ ժամանակին կոպեկանոց դիմակ գնելու հնարավորություն ներկայումս չունեն: Միայն սրանով Նիկոլն ակամա հիմնավորեց, թե ինչ մուրացիկ վիճակի է հասցրել երկիրը, ավելին, որ դա ինքն էլ շատ լավ գիտակցում է: Սակայն այս ողջ «մասկի շոուին» նայեք այս տեսանկյունից եւս: Բացի «դիմակ դրեքից»,կարո՞ղ են ասել, ուրիշ ի՞նչ ռեալ աշխատանք են արել, որ կորոնավիրուսի տարածումը երկրում կանխեն: Ավելին, եթե անգամ ողջ երկիրը պարտաճանաչորեն դիմակ կրի, մեր իշխանությունների որոշ քայլեր պարզապես բացառում են, որ կորոնավիրուսային այս իրավիճակը կարգավորվի: Ավելին, միայն այն փաստը,որ որոշեցին առանց ախտանիշների կամ հիվանդությունը թեթեւ տանող վարակվածներին տուն ուղարկել, արդեն իսկ հուշում է, որ դիմակ կրել-չկրելը ոչինչ չի տալու: Այսպես, նախօրեին առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը հաստատեց կորոնավիրուսով հիվանդների արտահիվանդանոցային բուժօգնության կարգը (https://iravunk.com/news/112601): Երկար-բարակ ցուցումներից հետո, թե ինչպես պետք է տեղամասային բժիշկները վարվեն կորոնավիրուսով վարակվածների հետ, Թորոսյանն այդպես էլ չտվեց մեկ պարզ հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ պետք է անեն վարակվածի ընտանիքի անդամները, հարեւանները, նույն շքամուտքի բնակիչները եւ այլն: Հասկանալի է, հենց նրանք էլ վարակվեն, կհայտնվեն նույն կարգի գործունեության տիրույթում: Մինչդեռ փաստն այն է, որ եթե բժիշկը, ըստ այդ կարգի, պետք է այդ բնակարան մտնի լիովին հանդերձավորված, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ այնտեղ բնակվողները ոչ մի կերպ չեն կարող խուսափել վարակվելուց: Իսկ իրավական տեսանկյունից ասվածը կհնչի այսպես. Առողջապահության նախարարությունը վարակված անձի բնակարան մտնելու համար բժշկի համար սահմանելով ամբողջական հանդերձանք, հիմնականում մեկանգամյա օգտագործման, որն այցից հետո պետք է անմիջապես մեկուսացվի, դրանով արդեն իսկ պարզ հուշում է, որ այդ բնակարանն անպաշտպան մարդկանց համար վարակվելու խիստ բարձր ռիսկայնության գոտի է: Դա գիտակցելով եւ, այնուամենայնիվ, ստեղծելով իրավիճակ, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող այդ տան մյուս բնակիչները պարզապես պարտադրված են այդ ռիսկային գոտում գտնվել, նշանակում է մեկ պարզ բան՝ Արսեն Թորոսյանը, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանը (պարետ Ավինյանին չմոռանանք) գործնականում երկրի ողջ բնակչությանը դատապարտում են մահացու վտանգավոր վարակով վարակվելու գերբարձր ռիսկի: Ընդ որում, երեկ եւս Նիկոլը համառորեն նույն բանն էր կրկնում՝ դիմակ, ձեռնոց, սոցիալական հեռավորություն, եւ էլի ժողովրդին ներկայացնելով, որպես վարակի տարածման մեղավոր: Այդ դեպքում միգուցե կասի՞, թե վարակվածներին տուն ուղարկելու դեպում, ընտանիքի անդամները ողջ օրն ինչպե՞ս են դիմակ ու ձեռնոցներ կրելու: Եթե անգամ կրեն, մեկ է, վարակվելուց հազիվ թե խուսափեն, էլ չասած, թե նման էքստրեմալ միջոցները հարակից հիվանդությունների ինչ աճ կարող են առաջ բերել: Ոմանց միգուցե երջանիկ պատահականությամբ հաջողվի խուսափել վարակվելուց, բայց որ մարդկանց հիմնական մասը կվարակվի, նրանց մի զգալի մասն էլ կմահանա, դա հաստատ է: Միաժամանակ, նույն քաղաքականությամբ վարակվածների ողջ պատասխանատվությունը դնում են ԱԱՊ (առողջապահության առաջնային պահպանման), այսինքն՝ շարքային բժիշկների վրա: Բժիշկները, որոնք վիրուսոլոգներ չեն, չեն անցել այն հստակ մասնագիտական պատրաստվածությունը, որը նրանց հնարավորություն կտար իրենց առավելագույնս ճիշտ դրսեւորել վարակված միջավայրում: Հաշվի առնելով, որ բավական է աննշան սխալը, որ վարակվես: Իսկ երբ ոչ վիրուսոլոգ բժիշկները ստիպված լինեն օրական շփվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր վարակակիրների հետ, գտնվել այդ քանակությամբ վարակված բնակարաններում, դժվար չէ ենթադրելը, որ ամենաշատը մի քանի օրում նրանք բոլորն էլ նման սխալ կարող են թույլ տալ՝ հավանականությունն առավել քան մեծ է: Այսինքն, իշխանությունների այդ որոշմամբ առաջին հերթին հենց բժշկական կազմն է ծանր ռիսկի ենթարկվում, որի հետեւանքները կարող են շատ ավելի սարսափելի լինել, քան կորոնավիրուսի վտանգներն են. երկիրը պարզապես կարող է կորցնել առողջապահության առաջնային պահպանման համակարգը: Նաեւ չմոռանանք, որ մյուս հիվանդներին սպասարկելու պարտականությունը ԱԱՊ-ի բժիշկների վրայից չի հանվում: Այսինքն, եթե բժիշկը վարակվի, մինչ այդ մասին տեղեկանալը քանի՞ այլ հիվանդի կհասցնի վարակել: Եվ ահա, սկսել են տարածվել խոսակցություններ, որ այդ համակարգում արդեն իսկ կան լուրջ դժգոհություններ, ու շատերը պարզապես կարող են աշխատանքից դուրս գալ՝ խուսափելով նման ռիսկից: Եվ սա այն դեպքում, երբ, ելնելով պաշտոնական տվյալներից, կորոնավիրուսի տարածումն առանց այդ՝ վարակվածներին տուն ուղարկելու քաղաքականության էլ դարձել է լիովին անվերահսկելի: Այսպես, բազում երկրներում, որտեղ կորոնավիրուսը մուտք է գործել մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ Հայաստանում, արդեն ապրիլի կեսերից կամ վերջերից ունեին օրական վարակվածների ցուցանիշների էական անկում: Իսկ ահա Հայաստանում ռեկորդը ռեկորդի հետեւից է արձանագրվում ¥տե՛ս գրաֆիկը¤: Այսինքն, եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ օրական 200-ի կարգի նոր վարակվածը համարվում էր արտառոց ցուցանիշ, եւ վարակվածությունը հիմնականում 150-ից պակաս էր, հիմա արդեն նորմ է դառնում օրական 400 վարակվածը, իսկ երեկ արդեն նաեւ 450-ը. երկու օրում ունենք ավելի շատ վարակված, քան Վրաստանը ողջ համաճարակի ընթացքում: Իսկ որ վարակվածներին տուն ուղարկելն այս ցուցանիշները կբազմապատկի, գրեթե կասկած չի հարուցում: Ու սրանից հետո ինչ են կպել դիմակից, ուզում են ցույց տալ, թե ինչ-որ բա՞ն են անում: Կամ որ հետո մեղադրեն ժողովրդի՞ն, թե դիմակ չդրեցիք, ու այսպես եղավ:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

