Մարդիկ դուրս են գալու փողոց եւ չեն համակերպվելու այս ամենի հետ. Վահագն Չախալյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը շարունակում է պահանջել, որպեսզի Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիան վավերացրած Ազգային ժողովը լուծարվի, եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:
«ԵԹԵ ՈՒԶԵՆԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ, ՄԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՕՐԻՑ 30 ՕՐ ՀԵՏՈ ԿԼԻՆԵՆՔ ԱՅՆՏԵՂ»
– Պարոն Չախալյան, երբ «ԿԱՄՔ»-ը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք էր իրականացնում, հազարավոր մարդիկ միացան: Լանզարոտեի կոնվենցիան, ըստ էության, իր վտանգավորությամբ ոչնչով չի զիջում Ստամբուլյան կոնվենցիային, մանավանդ որ այս դեպքում թիրախում երեխաներն են: Ո՞ւր են այն մարդիկ, որոնք ստորագրում էին եւ վստահեցնում, որ պայքարելու են նման ապազգային երեւույթների դեմ:
– Հազարավոր ստորագրողներն իրենց տեղում են եւ ոչ մի տեղ չեն գնացել: Ուղղակի, «ԿԱՄՔ»-ը դեռեւս փողոց դուրս գալու կոչով հանդես չի եկել: Մենք հայտարարել ենք, որ արտակարգ դրության ավարտից հետո սկսելու ենք պայքարը, եւ ժողովուրդը միանշանակ դուրս կգա փողոց: Ավելի քան երբեք վստահ եմ, որ ժողովուրդը չի հանդուրժելու, եւ այս Ազգային ժողովը լուծարվելու է` հենց Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու պատճառով: Շատ մեծ դժգոհություն կա անգամ թունդ հեղափոխականների մոտ, ովքեր հավատավոր հեղափոխական են եղել եւ պայքարել են, որպեսզի այս հեղափոխությունը կայանա ու դրա համար իրենց կյանքն են դրել: Անգամ նրանց մոտ շատ մեծ հարցական կա, թե սեփական իշխանություններն ինչո՞ւ այսպես թիկունքից հարվածեցին իրենց: Քաղաքացիներն այսօր դուրս չեն գալիս պայքարելու երկու պատճառով: Նախ` արտակարգ դրություն է, տրանսպորտ չկա, եւ երկրորդ` մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում: Քաղաքացիների մեծամասնությունը շատ դժվար կացության մեջ է, մարդիկ խնդիրների մեջ են թաղված: Այս վերջին երեք ամիսը շատ ծանր է նստել ՀՀ քաղաքացիների վրա: Իշխող ուժը գուցե պարգեւավճարների հաշվին լավ է ապրում, բայց քաղաքացիներին 26-30 հազար փոխհատուցելը ոչինչ էր:
– Փաստորեն, «ԿԱՄՔ»-ը եւս գտնում է, որ ստեղծված իրավիճակից ելքը մի նոր իշխանափոխությո՞ւնն է:
– Մարդիկ կան, որ ասում են, թե «ԿԱՄՔ»-ը ուզում է իշխանության գալ: Ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ «ԿԱՄՔ»-ը երբեւիցե իշխանության չի գալու, այն վերքաղաքական ուժ է եւ միշտ մնալու է այդպիսին: Իհարկե, ԿԱՄՔ-ականներից միգուցե մարդիկ լինեն, որ ե՛ւ Ազգային ժողով գնան, ե՛ւ կառավարության անդամ դառնան, սա ժամանակը ցույց կտա: Անշուշտ, շատ լավ կադրեր ունի այսօր «ԿԱՄՔ»-ը, որոնք կարող են տարբեր տեղերում ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ի դեպ, անկեղծ ասում եմ` եթե մենք ուզենանք իշխանության գալ, մեր հայտարարած օրից 30 օր հետո կլինենք այնտեղ: Դրա համար էլ մեզնից վախենում են: Բայց իշխանության գալը ինքնանպատակ չէ, իշխանությունը գործիք է, միջոց, որը պետք է ծառայեցնել հզոր Հայաստանի կառուցման համար: Պարտադիր չէ «ԿԱՄՔ»-ը լինի իշխանությունում, որպեսզի կարողանանք հզոր Հայաստան կառուցել, այլ պետք է ունենալ ազգային ծրագիր մոտակա 10, 30, 50 եւ100 տարվա համար, եւ քաղաքական ուժերից, կուսակցություններից այսօր մեկը կլինի իշխանությունում, 10 տարի հետո` մյուսը, 25 տարի հետո` մեկ ուրիշը, բայց բոլորը պետք է ծառայեն այդ ծրագրի կյանքի կոչմանը:
«ԱՅՍՕՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԴՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ»
– Ո՞վ պետք է ազգային ծրագիր մշակի` այն էլ հիմա, երբ հանրությունը բաժանված է մի քանի մասերի, եթե չասենք` սեւերի ու սպիտակների:
– «ԿԱՄՔ»-ն աշխատում է այդ ծրագիրը մշակելու ուղղությամբ, բայց բոլորի ուժերով պետք է այն կյանքի կոչել, եթե իսկապես ցանկանում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում լինի գերհզոր պետություն: Մենք հավատում ենք, որ անգամ պատերազմի մեջ գտնվելով` այն հնարավոր է: Հայաստանը կա՛մ գոյություն չի ունենալու աշխարհաքաղաքական քարտեզի վրա, կա՛մ լինելու է հզոր: Առաջին տարբերակը բացառվում է, ուրեմն` Հայաստանը պետք է լինի գերհզոր երկիր: Ու դրա համար պարտադիր չէ, որ դու իշխանությունում լինես: Անշուշտ, իշխանությունը հավելյալ գործիք է, բայց ազգային ծրագիրը պետք է օր առաջ կազմվի` բոլոր շահագրգիռ ուժերի պոտենցիալը ներդնելով: Պետք է օր առաջ համահայկական կոնսենսուս ձեւավորվի, չպետք է լինի մերոնքական, ձերոնքական, նրանքական, ամեն մի հայի ռեսուրսը, ունեցած պոտենցիալը կարեւոր է ՀՀ հզորացման ծրագրի համար: Չեմ ասում, որ հանցագործներին պետք է ներել, իհարկե, պետք է պատժվեն: Բայց ի՞նչ ենք տեսնում հիմա, որ կաշառակերության դեմ պայքարելու անվան տակ եկել են իշխանության մարդիկ, ու այսօր կաշառակերությունը խեղդում է երկիրը: Չգիտեմ` Փաշինյա՞նն է մեղավոր, թե` ոչ, բայց սա փաստ է:
– Բայց չէ՞ որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա:
– Շատ բան կարող են ասել, բայց ասելը մի բան է, իրականությունը` այլ բան: Նոր իշխանության սխալներից մեկը հենց այն է, որ կաշառակերությունն առօրյա երեւույթ է դարձել: Գուցե, Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցում, եւ տեղյակ չէ այդ մասին, սա այլ հարց է, բայց այսօր կաշառակերություն կա եւ գրեթե բոլոր արատավոր երեւույթները, ինչ նախկինում կար, այսօր էլ կա: Միգուցե, մի քիչ տրանսֆորմացվել է ձեւը, բայց միանշանակ կա` թե՛ անարդարությունը, թե՛ մեր ու ձեր անելը, թե՛արտոնյալներ լինելը, ինչի՞ մասին է խոսքը:
«ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԱՅՐ ԴՆԵՆ, ԵՎ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԻ»
– Օրինակ` կան քաղաքական գործիչներ, որոնք գտնում են, թե անցնցում լուծումն իրավիճակից այն կլինի, որ իշխող թիմը հենց իր ներսում գտնի Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինողի: Ի՞նչ կասեք այս մասին:
– Աբսուրդ է, «Իմ քայլ»-ում ո՞վ կա, որ փոխարինի: ԱԺ իշխող խմբակցության 88 պատգամավորներից կան մարդիկ, որոնք անհատականություն են, բայց մատների վրա կարելի է նրանց հաշվել, մնացածը Նիկոլ Փաշինյանի շուքի տակ են եկել իշխանության: Ի՞նչ է նշանակում իրենց մեջից փոխարինող գտնեն Փաշինյանին: Իրենք պետք է վայր դնեն մանդատները եւ գնան տուն, ու նոր ընտրություններ պետք է լինի: Տեսեք, նախկինները գոնե բալանսավորել էին, ԱԺ-ում ե՛ւ ազատականներ կային, ե՛ւ պահպանողականներ: Իսկ այս Ազգային ժողովում բոլորն ազատական են, պատկերացրեք, որ այսօր ամենապահպանողականը ԲՀԿ-ն է: Ամեն ինչ այքան հապշտապ եղավ, որ իշխող ուժն ինքն էլ անակնկալի եկավ իր հաղթանակից եւ թիմ ձեւավորեց` ամենակարեւոր բալանսավորումը բաց թողնելով: Եթե ԱԺ-ում այսօր լինեին ազգային ուժեր, պահպանողականներ, ամեն ինչ բալանսավորված կլիներ, եւ դրանից միայն կշահեր իշխանությունը: Բայց այսօր նման բան գոյություն չունի` ե՛ւ իշխող «Իմ քայլը», ե՛ւ «Լուսավոր Հայաստանը» ազատականներ են: Ընդգծեմ նաեւ, որ այնպես չէ, թե մենք ազատականությանը թշնամանքով ենք վերաբերվում: Հակառակը` ովքեր իսկապես գաղափարապես ազատական են, հարգում ենք իրենց տեսակետը: Բայց իրեն ազատական հորջորջող քաղաքական մեծամասնությունն այսօր բացարձակապես ազատականության հետ էլ կապ չունի: Այդ գաղափարները շահարկելով` փողեր է փախցնում դրսից, եւ մի հատ էլ այդ փողերով մեր երկրին վնաս են տալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

