«ԿԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ»,- ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է, արտակարգ դրության պատճառաբանությամբ, հրաժարվելով Սահմանադրական դատարանի խնդիրը հանրաքվեով լուծելու մեխանիզմից, իշխող ուժը որոշել է հարցը լուծել Աժ-ում: Կա՞ն արդյոք դրա համար մեխանիզմներ, փորձեցինք պարզել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ:
- Ասում են, որ որոշել եք ՍԴ-ի հարցը լուծել ԱԺ-ում: Այդպե՞ս է:
- Այ՛ո, ավելին, այդ խոսակցությունները չէին լինի, եթե Սահմանադրությունը այդպիսի տարբերակ չնախանշեր: Որովհետեւ, ինչպես գիտեք, Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել միայն ու միայն հանրաքվեի միջոցով, եւ կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել նաեւ ԱԺ-ի կողմից՝ համապատասխան ընթացակարգով: Եվ այդ հոդվածների թվին է պատկանում նաեւ 213 հոդվածը, որն էլ դրվել էր հանրաքվեի փոփոխության:
- Եթե ԱԺ-ի միջոցով հնարավոր էր ՍԴ-ի ներկայիս կազմից ազատվել, ուրեմն էլ ինչի՞ էիք հանրաքվե ուզում անել:
- Իհարկե, հնարավոր էր, բայց հաշվի առնելով այդ հարցի քաղաքական բաղկացուցիչ մասը, որը շատ կարեւոր էր եւ էական ինչպես միջազգային կազմակերպությունների նկատմամբ ունեցած մեր պարտավորվածությունների, համագործակցությունների չափանիշները, այնպես էլ հասարակության կարծիքը:
- Փաստորեն, հիմա էլ հասարակության կարծիքը կարեւոր չի՞:
- Ոչ թե չի կարեւորվելու, այլ այս պահին, կորոնավիրուսով պայմանավորված, այս տարբերակն է քննարկվում, դրանք դեռ խոսակցություններ են: Այս թեմայով այսքանը:
- Պարոն Աղազարյան, Դուք մեկն էիք այն պատգամավորներից, ով կողմ քվեարկեց «Լանզարոտեի» հայտնի կոնվենցիայի վավերացմանը: Ձեզ համար, փաստորեն, միեւնո՞ւյնն է այն, որ մեր տարրական դասարանների երեխաներին սեռական դաստիարակություն է դասավանդվելու:
- Եթե Դուք երդվեք, որ կարդացել եք կոնվենցիան ամբողջությամբ, ոչ թե կետ առ կետ, ես կպատասխանեմ Ձեր հարցերին, եթե ոչ, ուրեմն չեմ պատասխանի Ձեր հարցերին:
- Կարեւորը, որ Դուք կարդացած լինեք:
- Ես կարդացել եմ, իհարկե:
- Ու ոչ մի խնդրահարույց կետ չե՞ք գտել:
- Ոչ մի:
- Փաստորեն, որ 9-12 տարեկան երեխան կարող է սեռական հարաբերություն ունենալ, եւ եթե դա լինի փոխադարձ համաձայնությամբ, այլեւս քրեորեն պատժելի չէ՞:
- Հա, եթե փոխհամաձայնությամբ` 15-16 տարեկանների միջեւ, ուրեմն օրենքով պատժելի չէ: Հետո, Դուք լավ չեք հիշում երեւի, որ այդ կոնվենցիան ստորագրվել է 2010 թվականին:
- Ես շատ լավ հիշում եմ, պարոն Աղազարյան...
- Իսկ մյուսները հիշո՞ւմ են, որ էսօր դրել-խոսում են:
- Բայց հենց Դուք այդքան հրատապ, առանց քննարկումների վավերացրիք:
- Դե դա բոլորը վավերացրել են, բացի Իռլանդիայից եւ Հայաստանից: Հիմա մենք էլ պետք է էդ հարցին անդրադառնայինք. հո չէի՞նք կարող առկախված թողնել:
- Բայց ո՞րն էր շտապողականության պատճառը:
- Արդեն պատասխանեցի, վերջ:
- Ի դեպ, կոնվենցիայի վավերացմանը նախորդել էր պատգամավորների հայտնի ծեծկռտուքը: Դրա՞ն ինչպես եք վերաբերվում:
- Դա վատ բան է, բնականաբար, բայց դա սարսափելի չէ, որովհետեւ բոլորն էլ մարդ են, բոլորն էլ կարող են դուրս գալ հունից:
- Բայց ԱԺ-ին ինչքանո՞վ էր հարիր նման տեսարանը:
- Աշխարհի բոլոր պառլամենտներում էլ նման բաներ լինում են, սա պետք է չի ողբերգություն սարքել: Մարդ են, էմոցիաներն են տեղիք տվել:
- Ո՞վ էր մեղավոր, ըստ Ձեզ:
- Իմ կարծիքով, հրահրեց պարոն Մարուքյանը, ինքը սառնասիրտ հաշվարկով դա արեց: Սասուն Միքայելյանը նպատակ չուներ վիրավորելու Էդմոն Մարուքյանին, բայց պարոն Մարուքյանը տեսաք, թե ինչ արեց:
- Ի դեպ, Մարուքյանն ասաց, որ նա է եկող իշխող ուժը: Դուք տեսնո՞ւմ եք նրանց` որպես եկող իշխանություն:
- Տեսականորեն, իհարկե, տեսնում եմ, ինչու ոչ, բավականին լավ թիմ ունեն, պատրաստված, մաքուր անցյալով մարդիկ են:
- Բա Ձեր թիմակիցներն ասում են, որ Մարուքյանը հեչ էլ մաքուր անցյալ չունի:
- Հիմա ես չասացի, որ կոնկրետ Մարուքյանը մաքուր անցյալ ունի: Ասացի, որ ունի լավ թիմ, եւ մեծ մասը մաքուր անցյալով է:
- Իսկ Մարուքյանը, փաստորեն, ո՞չ:
- Դե հիմա չեմ կոնկրետացնում, թե ով ոնց:
- Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, որ ինքը կգնա միայն ժողովրդի պահանջով: Փաստորեն, ինքն է՞լ է զգում, որ պետք է հեռանա:
- Այդպիսի բան տեսանելի ապագայում չի լինելու: Որովհետեւ Փաշինյանը կատարել է բոլոր այն խոստումները, որոնք որ տվել է ժողովրդին, մի բան էլ ավել:
- Կկոնկրետացնե՞ք, օրինակ, ո՞ր խոստումներն է կատարել:
- Բոլորը` ասացի:
- Օրինակ, պարոն Փաշինյանը ասում էր, որ պետք է արագաչափերը հանել, կարմիր գծերը վերացնել եւ էլի շատ ու շատ բաներ:
- Դա Դուք կարող եք հարցնել քաղաքացի եւ այն ժամանակվա պատգամավոր Փաշինյանին: Երբ ինքը այդ միտքը արտահայտել էր, դա չի նշանակում, որ դա ընդունելի էր ժողովրդի կողմից: Այնպես որ, պետք չի դրանով ենթադրություններ անել:
- Դրանք ենթադրություններ չեն, այլ կոնկրետ խոստումներ:
- Ասացի, այդ հարցը պետք էր տալ պատգամավոր Փաշինյանին:
- Բայց պատգամավոր Փաշինյանի կողքին էիք, չէ՞:
- Պետք չի սաղ խառնել իրար, վերջ, էլ չեմ պատասխանելու:
- Լավ, իսկ ի՞նչ կասեք պարոն Փաշինյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ` «ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ» եւ այլն: Դրանք ատելությանը նպաստող արտահայտություններ չե՞ն:
- Եթե Դուք, որպես փորձառու ժուռնալիստ, այդ խոսքերը բառի ուղիղ իմաստով եք հասկանում, այդ դեպքում ես ցավում եմ:
- Բա ի՞նչ իմաստով է ասում, պարո՛ն Աղազարյան:
- Փոխաբերական իմաստով: Օրինակ` «ասֆալտին փռել» նշանակում է խստագույնս պատասխանատվության կենթարկենք: Կամ որ ասում է. «Պադյեզդներից կհանենք, ասֆալտին կփռենք», դա նշանակում է, որ թաքստոցներից կհանենք ու խստ պատասխանատվության կենթարկենք:
- Պարոն Փաշինյանի ընտանիքին մեղադրում են մաքսանենգ ծխախոտների բիզնեսում ներգրավված լինելու մեջ...
- Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ Հրաչ Հակոբյանը որեւէ մասնակցություն ունի այդ սխեմաներին, ես կհրաժարվեմ իմ մանդատից: Բայց դա չի լինի:
- Իսկ եթե հանկարծ պարզվի, որ պարոն Փաշինյանն էլ այդ մասին իմացե՞լ է:
- Կինքնահրկիզվեմ, բայց համոզված եմ, որ դա երբեք չի լինի:
- Որտե՞ղ կինքնահրկիզվեք:
- Մի տեսանելի տեղ:
- Օրինա՞կ:
- Այդ օրը չի գա ախր, Նիկոլ Փաշինյանը այդ բաների մեջ չի մտնի երբեք:
- Այնուամենայնիվ, որտեղ եք պատրաստվում ինքնահրկիզվել:
- Ասենք` հրապարակում, բայց ասում եմ այդ օրը չի գալու: Իզուր լրատվամիջոցները թող չանհանգստանան:
- Պարոն Աղազարյան, բա ինչո՞ւ ԿԸՀ-ի Տիգրան Մուկուչյանից չեն ազատվում ներկայիս իշխանությունները: Չէ՞ որ ինքն էլ էր, պարոն Փաշինյանի խոսքերով, թվեր նկարում:
- ԿԸՀ նախագահը երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին, մնացածը հանձնաժողովներն են նկարել:
- Այսինքն, Մուկուչյանը լրիվ արդա՞ր մարդ է:
- Բայց ես ո՞նց կարող եմ նման դատողություններ անել: Ես նկարելու մասին եմ ասում:
- Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք են թվեր նկարել:
- Բա իհարկե, բայց էդ թեմայով վերջ:
- Բա գլխավոր դատախազի մասին ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ ասաց` «Քուանշ, պարոն դատախազ»:
- Դե հանելու մեխանիզմները չկան: Եթե լինեին, դատախազին էլ հանելու խնդիր կարող է լիներ:
- Դե ՍԴ-ին էլ չկար, բայց փնտրում եք:
- Չէ, կարծեմ դատախազության դեպքում լրիվ ուրիշ մեխանիզմներ են: Համ էլ ՍԴ-ն լրիվ ուրիշ հարց է, ՍԴ-ն լրիվ իր իրավասությունների շրջանակից դուրս է եկել: Վերջ, էլ չեմ դիմանում հարցերիդ: Սպանեցիր խաչաձեւ հարցերով, վերջ...
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

