ԲՈԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ԿԳՄՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԵՐԵՍ-ԲԵՐԵՍԸ ԱՆԳԱՄ ՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻ ՄՆԱՑ
Արխիվ 16-20ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ պետք է քննարկվեր ԲՈԿ-ի նախագահ ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆԻ հրաժարականի եւ գրագողության առկա խնդիրների հարցը: Համենայնդեպս, այդպես էր ասված հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, մինչդեռ իրականում տեղի ունեցավ ԲՈԿ նախագահի եւ ԿԳՄՍ փոխնախարար ԳՐԻՇԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ երես-բերեսը հանձնաժողովի նիստի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների` վերջիններիս միջեւ տեղի էր ունեցել միջադեպ: Ավելին` նույնիսկ բանը հասել էր նրան, որ մեկը մյուսի վրա մարդ էր բերել: Եվ քանի որ ո՛չ կրթական ոլորտի, ո՛չ էլ ոլորտի ներկայացուցիչների «բազարները» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կաբինետում չեն լուծվում, ըստ էության, միջադեպի «իտոգն էլ» որոշել էր տալ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Սակայն ի՞նչ տեղի ունեցավ հանձնաժողովի նիստին, այդպես էլ մնաց անհայտ, որովհետեւ առանց որեւէ հիմնավորման, հանձնաժողովի անդամների քվեարկությամբ, որոշվեց նիստը փակ անցկացնել: Հատկանշական էր այն, որ դրան կողմնակից էին նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Եվ մինչ լրագրողները պատրաստվում էին լքել դահլիճը` պարզվեց, որ հանձնաժողովի թեժ նիստին «թամաշայի» էին եկել ոչ հանձնաժողովի անդամ մի քանի պատգամավորներ, որոնց թվում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանը, Արտակ Մանուկյանը, Գոռ Գեւորգյանը: Նիստը վարող Մ. Հայրապետյանը ստիպված եղավ նրանց անվանական դուրս հրավիրել: Սրտնեղած իմքայլական պատգամավորները հեռացան, կես ճանապարհից հետ դարձավ նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Պատգամավորները նույնիսկ դեպք հիշեցին, որ անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին ոչ հանձնաժողովի անդամ պատգամավորներ ներկա են եղել, մինչդեռ Մ. Հայրապետյանը «ռազմական գաղտնիք» դարձրեց Գոգյան-Թամրազյան, այսպես ասած, «առերեսումը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

