ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Արխիվ 16-20Արցախի նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ` այն համարելով ի պաշտոնե իր առաջին որոշումը: Նա հորդորել է այսուհետ նախագահի լուսանկարի փոխարեն` պաշտոնատար անձանց աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրել իրենց զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին: Նա նաեւ հավելել է. «Արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին ենք հասցնելու: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունը առանձնահատուկ տեղ է ունենալու մեր կյանքում եւ գործունեության մեջ»: Թերեւս հենց այստեղ է, որ հայաստանյան իշխանությունները, կարդալով վերոնշյալը, լեզուները մի պահ պետք է կծեն: Հիշեցնենք, որ հայաստանյան նոր իշխանության առաջին որոշումներից մեկը եւս վերաբերում էր ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Միայն թե, իրենք արեցին ճիշտ հակառակը: Նախ` ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը հետ կանչեց` հայտարարելով, որ նման վերնագրով հայեցակարգեր չպետք է լինեն, ապա` անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ միշտ շատ վատ է վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

