«Կինքնահրկիզվեմ, բայց դա երբեք չի լինի»,- ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է, արտակարգ դրության պատճառաբանությամբ, հրաժարվելով Սահմանադրական դատարանի խնդիրը հանրաքվեով լուծելու մեխանիզմից, իշխող ուժը որոշել է հարցը լուծել Աժ-ում: Կա՞ն արդյոք դրա համար մեխանիզմներ, փորձեցինք պարզել ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՑ:
- Ասում են, որ որոշել եք ՍԴ-ի հարցը լուծել ԱԺ-ում: Այդպե՞ս է:
- Այ՛ո, ավելին, այդ խոսակցությունները չէին լինի, եթե Սահմանադրությունը այդպիսի տարբերակ չնախանշեր: Որովհետեւ, ինչպես գիտեք, Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել միայն ու միայն հանրաքվեի միջոցով, եւ կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել նաեւ ԱԺ-ի կողմից` համապատասխան ընթացակարգով: Եվ այդ հոդվածների թվին է պատկանում նաեւ 213 հոդվածը, որն էլ դրվել էր հանրաքվեի փոփոխության:
- Եթե ԱԺ-ի միջոցով հնարավոր էր ՍԴ-ի ներկայիս կազմից ազատվել, ուրեմն էլ ինչի՞ էիք հանրաքվե ուզում անել:
- Իհարկե, հնարավոր էր, բայց հաշվի առնելով այդ հարցի քաղաքական բաղկացուցիչ մասը, որը շատ կարեւոր էր եւ էական ինչպես միջազգային կազմակերպությունների նկատմամբ ունեցած մեր պարտավորվածությունների, համագործակցությունների չափանիշները, այնպես էլ հասարակության կարծիքը:
- Փաստորեն, հիմա էլ հասարակության կարծիքը կարեւոր չի՞:
- Ոչ թե չի կարեւորվելու, այլ այս պահին, կորոնավիրուսով պայմանավորված, այս տարբերակն է քննարկվում, դրանք դեռ խոսակցություններ են: Այս թեմայով այսքանը:
- Պարոն Աղազարյան, Դուք մեկն էիք այն պատգամավորներից, ով կողմ քվեարկեց  "Լանզարոտեի" հայտնի կոնվենցիայի վավերացմանը: Ձեզ համար, փաստորեն, միեւնո՞ւյնն է այն, որ մեր տարրական դասարանների երեխաներին սեռական դաստիարակություն է դասավանդվելու:
- Եթե Դուք երդվեք, որ կարդացել եք կոնվենցիան ամբողջությամբ, ոչ թե կետ առ կետ, ես կպատասխանեմ Ձեր հարցերին, եթե ոչ, ուրեմն չեմ պատասխանի Ձեր հարցերին:
- Կարեւորը, որ Դուք կարդացած լինեք:
- Ես կարդացել եմ, իհարկե:
- Ու ոչ մի խնդրահարույց կետ չե՞ք գտել:
- Ոչ մի:
- Փաստորեն, որ 9-12 տարեկան երեխան կարող է սեռական հարաբերություն ունենալ, եւ եթե դա լինի փոխադարձ համաձայնությամբ, այլեւս քրեորեն պատժելի չէ՞:
- Հա, եթե փոխհամաձայնությամբ` 15-16 տարեկանների միջեւ, ուրեմն օրենքով պատժելի չէ: Հետո, Դուք լավ չեք հիշում երեւի, որ այդ կոնվենցիան ստորագրվել է 2010 թվականին:
- Ես շատ լավ հիշում եմ, պարոն Աղազարյան...
- Իսկ մյուսները հիշո՞ւմ են, որ էսօր դրել-խոսում են:
- Բայց հենց Դուք այդքան հրատապ, առանց քննարկումների վավերացրիք:
- Դե դա բոլորը վավերացրել են, բացի Իռլանդիայից եւ Հայաստանից: Հիմա մենք էլ պետք է էդ հարցին անդրադառնայինք. հո չէի՞նք կարող առկախված թողնել:
- Բայց ո՞րն էր շտապողականության պատճառը:
- Արդեն պատասխանեցի, վերջ:
- Ի դեպ, կոնվենցիայի վավերացմանը նախորդել էր պատգամավորների հայտնի ծեծկռտուքը: Դրա՞ն ինչպես եք վերաբերվում:
- Դա վատ բան է, բնականաբար, բայց դա սարսափելի չէ, որովհետեւ բոլորն էլ մարդ են, բոլորն էլ կարող են դուրս գալ հունից:
- Բայց ԱԺ-ին ինչքանո՞վ էր հարիր նման տեսարանը:
- Աշխարհի բոլոր պառլամենտներում էլ նման բաներ լինում են, սա պետք է չի ողբերգություն սարքել: Մարդ են, էմոցիաներն են տեղիք տվել:
- Ո՞վ էր մեղավոր, ըստ Ձեզ:
- Իմ կարծիքով, հրահրեց պարոն Մարուքյանը, ինքը սառնասիրտ հաշվարկով դա արեց: Սասուն Միքայելյանը նպատակ չուներ վիրավորելու Էդմոն Մարուքյանին, բայց պարոն Մարուքյանը տեսաք, թե ինչ արեց:
- Ի դեպ, Մարուքյանն ասաց, որ նա է եկող իշխող ուժը: Դուք տեսնո՞ւմ եք նրանց` որպես եկող իշխանություն:
- Տեսականորեն, իհարկե, տեսնում եմ, ինչու ոչ, բավականին լավ թիմ ունեն, պատրաստված, մաքուր անցյալով մարդիկ են:
- Բա Ձեր թիմակիցներն ասում են, որ Մարուքյանը հեչ էլ մաքուր անցյալ չունի:
- Հիմա ես չասացի, որ կոնկրետ Մարուքյանը մաքուր անցյալ ունի: Ասացի, որ ունի լավ թիմ, եւ մեծ մասը մաքուր անցյալով է:
- Իսկ Մարուքյանը, փաստորեն, ո՞չ:
- Դե հիմա չեմ կոնկրետացնում, թե ով ոնց:
- Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում է, որ ինքը կգնա միայն ժողովրդի պահանջով: Փաստորեն, ինքն է՞լ է զգում, որ պետք է հեռանա:
- Այդպիսի բան տեսանելի ապագայում չի լինելու: Որովհետեւ Փաշինյանը կատարել է բոլոր այն խոստումները, որոնք որ տվել է ժողովրդին, մի բան էլ ավել:
- Կկոնկրետացնե՞ք, օրինակ, ո՞ր խոստումներն է կատարել:
- Բոլորը` ասացի:
- Օրինակ, պարոն Փաշինյանը ասում էր, որ պետք է արագաչափերը հանել, կարմիր գծերը վերացնել եւ էլի շատ ու շատ բաներ:
- Դա Դուք կարող եք հարցնել քաղաքացի եւ այն ժամանակվա պատգամավոր Փաշինյանին: Երբ ինքը այդ միտքը արտահայտել էր, դա չի նշանակում, որ դա ընդունելի էր ժողովրդի կողմից: Այնպես որ, պետք չի դրանով ենթադրություններ անել:
- Դրանք ենթադրություններ չեն, այլ կոնկրետ խոստումներ:
- Ասացի, այդ հարցը պետք էր տալ պատգամավոր Փաշինյանին:
- Բայց պատգամավոր Փաշինյանի կողքին էիք, չէ՞:
- Պետք չի սաղ խառնել իրար, վերջ, էլ չեմ պատասխանելու:
- Լավ, իսկ ի՞նչ կասեք պարոն Փաշինյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ` «ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ» եւ այլն: Դրանք ատելությանը նպաստող արտահայտություններ չե՞ն:
- Եթե Դուք, որպես փորձառու ժուռնալիստ, այդ խոսքերը բառի ուղիղ իմաստով եք հասկանում, այդ դեպքում ես ցավում եմ:
- Բա ի՞նչ իմաստով է ասում, պարո՛ն Աղազարյան:
- Փոխաբերական իմաստով: Օրինակ` «ասֆալտին փռել»  նշանակում է խստագույնս պատասխանատվության կենթարկենք: Կամ որ ասում է. «Պադյեզդներից կհանենք, ասֆալտին կփռենք», դա նշանակում է, որ թաքստոցներից կհանենք ու խստ պատասխանատվության կենթարկենք:
- Պարոն Աղազարյան, պարոն Փաշինյանի ընտանիքին մեղադրում են մաքսանենգ ծխախոտների բիզնեսում  ներգրավված լինելու մեջ...
- Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ Հրաչ Հակոբյանը որեւէ մասնակցություն ունի այդ սխեմաներին, ես կհրաժարվեմ իմ մանդատից: Բայց դա չի լինի:
- Իսկ եթե հանկարծ պարզվի, որ պարոն Փաշինյանն էլ այդ մասին իմացե՞լ է:
-Կինքնահրկիզվեմ, բայց համոզված եմ, որ դա երբեք չի լինի:
- Որտե՞ղ կինքնահրկիզվեք:
- Մի տեսանելի տեղ:
- Օրինա՞կ:
- Այդ օրը չի գա ախր, Նիկոլ Փաշինյանը այդ բաների մեջ չի մտնի երբեք:
- Այնուամենայնիվ, որտեղ եք պատրաստվում ինքնահրկիզվել:
- Ասենք` հրապարակում, բայց ասում եմ այդ օրը չի գալու: Իզուր լրատվամիջոցները թող չանհանգստանան:
- Պարոն Աղազարյան, բա ինչո՞ւ ԿԸՀ-ի Տիգրան Մուկուչյանից չեն ազատվում ներկայիս իշխանությունները: Չէ՞ որ ինքն էլ էր, պարոն Փաշինյանի խոսքերով, թվեր նկարում:
- ԿԸՀ նախագահը երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին,  մնացածը հանձնաժողովներն են նկարել:
- Այսինքն, Մուկուչյանը լրիվ արդա՞ր մարդ է:
- Բայց ես ո՞նց կարող եմ նման դատողություններ անել: Ես նկարելու մասին եմ ասում:
- Այսինքնª Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք են թվեր նկարել:
- Բա իհարկե, բայց էդ թեմայով վերջ:
- Բա գլխավոր դատախազի մասին ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ ասաց` «Քուանշ, պարոն դատախազ»:
- Դե հանելու մեխանիզմները չկան: Եթե լինեին, դատախազին էլ հանելու խնդիր կարող է լիներ:
- Դե ՍԴ-ին էլ չկար, բայց փնտրում եք:
- Չէ, կարծեմ դատախազության դեպքում լրիվ ուրիշ մեխանիզմներ են: Համ էլ ՍԴ-ն լրիվ ուրիշ հարց է, ՍԴ-ն լրիվ իր իրավասությունների շրջանակից դուրս է եկել: Վերջ, էլ չեմ դիմանում հարցերիդ: Սպանեցիր խաչաձեւ հարցերով, վերջ...
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում