Արցախում կստեղծվի ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն․ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները (տեսանյութ)
Արխիվ 16-20Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախում ստեղծվելու է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որի մեջ ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։ Ներկայումս ԱՀ կառավարությունում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններ են։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը դառնալու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը։
«Ռազմահայրենասիրություն բառն առաջին անգամ ենք օգտագործում կառավարության կառուցվածքում, և սա պատահական չէ։ Ռազմահայրենասիրությունը, բանակ-հասարակություն կապը լինելու է մեր նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը։ Ռազմահայրենասիրությունը պետք է դառնա պետական քաղաքականության հիմք»,- ասաց ԱՀ նախագահը։
Ինչ վերաբերում է կադրային նշանակումներին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը լքելու են իրենց պաշտոնները, և նոր նշանակումներ կլինեն արդեն այսօրվա ընթացքում։
«Մի քանի օրվա ընթացքում կփորձեմ ամբողջությամբ ավարտել նշանակումների հարցը, որպեսզի արդեն հունիսի 1-ից՝ բերքահավաքի կարևոր ժամանակահատվածում, ունենալ արդեն ձևավորված կառավարություն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/watch/ArayikHarutyunian/

