Մայր Աթոռն ու նրա Գահակալը մեկ են ու անքակտելի. ՌԱԿ ԿՎ նախկին ատենապետ
Արխիվ 16-20Մամուլում հայտնվել էր լուրեր, թե իբրեւ Ռամկավար ազատական կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնել Առաքելական եկեղեցու ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՌԱԿ Կեդրոնական վարչության նախկին ատենապետ (2016-2019) ՍԵՐԽԻՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ նախ շեշտեց, որ Ռամկավար Ազատական Կուսակցությունն իր հիմնադրության առաջին իսկ օրից ազգային գերագույն արժեք է համարել ընդհանրապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը:
- Կուսակցությունը ամեն տեղ եւ ամեն պայմաններում եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտպանության լծված զինվորագրյալը եւ հավատավոր դրոշակակիրը: Հետեւաբար, Մայր Աթոռի պաշտպանությունը մեր հավատո հանգանակի մաս է կազմում, որը երբեք տարբերություն չի դրել Մայր Աթոռի կամ նրա Գահակալի միջեւ, որովհետեւ մենք խորապես հավատում ենք, որ նրանք մեկ են ու անքակտելի: Ամենայն Հայոց Հայրապետի դեմ շղթայազերծված վերջին երկու տարիների արշավը եւ ցեխարձակումները, մեր խորին համոզումով, ոչ միայն միտված են արատավորելու նրա օծյալ Անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին իր ամբողջության մեջ: Մեզ համար անընդունելի եւ պախարակելի այս ընթացքը բաժանումներ է ստեղծում հավատացյալների շարքերում, որը խորթ է ՌԱԿ-ի ազգային-եկեղեցական սկզբունքներին:
Հայ ազգային արժեքների պահպանության երաշխավորությունը եւ նրա համար ամեն գնով պայքարելը մեր էության մասն է կազմում, իսկ այս կեցվածքի համար ավանդապաշտությամբ «մեղադրվելը» մեզ համար պատիվ է: Մայր Աթոռի եւ նրա Գահակալի դեմ ձայն բարձրացնելու եւ զրպարտչական աննախադեպ արշավ մղելու նորօրյա հոռի երեւույթը մեզ եւ մեր շարքերի համար անընդունելի է, որը կասկածելի է նաեւ իր բնույթով եւ կտրականապես այպանելի: Նման հերյուրանքները եւ զառանցանքները Մայր Աթոռին զինվորագրված մեր շարքերի մոտ արձագանք չեն կարող գտնել եւ պիտի չգտնեն:

