Նիկոլն էապես սրեց եղած մտավախությունները
Արխիվ 16-20Եվ այսպես, գնալով սրվող քննադատություններից հետո Նիկոլը վերջապես որոշեց արձագանքել մի շարք աղմկոտ հարցերի, այդ թվում՝ արցախյան թեմային։ Բայց երեւի լավ կաներ, որ շարունակեր ձայն չհանել, քանի որ այսպիսով էականորեն սրեց այն հանրային մտահոգությունները, որոնք կային։
Այսպիսով, ի՞նչ էր փորձում հանրությանը հանոզել Նիկոլը։ Առաջին հերթին այս միտքը․ «Հարց է եղել, արդյոք մենք շարունակելո՞ւ ենք բանակցել այն կետից, որ թողել է Սերժ Սարգսյանը։ Սա էլ ենք հրապարակային ասել, ասել ենք, որ ոչ, որովհետեւ այն, ինչը մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի»։ Եվ անմիջապես էլ ֆիքսում է․ «Իսկ հին փաստաթղթի շուրջ մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ դա անընդունելի է»։ Այսպիսով արձանագրենք․ Նիկոլը պնդում է, որ առնվազն կա «հին փաստաթուղթ», առանց բացատրելու, թե այն կոնկրետ ինչ էր ենթադրում, ինչու է համարում, որ դրանից պետք էր հրաժարվել, որ այն չէր կարող լինել բանակցությունները շարունակելու հիմք։ Սակայն այստեղ մեկ էական հանգամանք եւս արձանագրենք, որն ուղղակիորեն բխում է Նիկոլի խոսքերից։ Եթե իրոք մինչ հայաստանյան իշխանափոխությունը եղել է նման փաստաթուղթ, ապա․
1․ Փաստն այն է, որ նախկին իշխանություններն իրենց հերթին են այն համարել ոչ լիարժեք․ հակառակ դեպքում պարզապես կստորագրեին եւ վերջ։
2․ Ավելին, հիշեցնենք, որ 2016թ-ից, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո բանակցություններ գործնականում չեն եղել։ Ավելի ճիշտ, հանդիպումներ կային, սակայն բացառապես միտված ապրիլյան պատերազմի հետեւանքներին, եւ ոչ բուն հակամարտության կարգավորմանը։ Այդ ամենի արդյունքում ի հայտ եկան Վենետիկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանային վերահսկողության մեխանիզմների կիրառում։ Եվ բուն կարգավորման բանակցություններն էլի չշարունակվեցին, քանի որ Ադրբեջանը հրաժարվում էր դրանք կատարելուց։ Ընդ որում, այս իրավիճակում համանախագահ երկրներից որեւէ մեկը չէր պահանջում Հայաստանից՝ բանակցել, եւ փոխարենը ողջ ճնշումն ուղղված էր Ադրբեջանին՝ Վենետիկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու պահանջով։
3․ Հաշվի առնելով, որ 2016թ․-ից այս կողմ բուն կարգավորման հարցով բանակցություններ գործնականում չեն եղել, նշանակում է, որ Նիկոլի ասած այդ «հին փաստաթուղթը» պետք է օրակարգում լիներ մինչ 2016թ․-ն։ Հայաստանի համար այն ձեռնտու չէ՞ր․ միգուցե, հստակ ոչինչ չենք կարող ասել, քանի դեռ դրա տեքստին ծանոթ չենք։ Բայց այս դեպքում ամենաէականը սա է․ այդ փաստաթուղթն Ադրբեջանի համար եւս պետք է, որ շատ ավելի անընդունելի լիներ․ հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է այդ փաստաթուղթը թողներ եւ անցներ պատերազմի։
Այսպիսով, Նիկոլը հաստատում է, որ հենց այդ նույն փաստաթուղթն են իրեն ներկայացրել՝ պաշտոնի գալուն պես։ Նաեւ, որ նա իր իսկ մեղքով կորցրել է դրան դիմակայելու այնպիսի կարեւոր գործիք, ինչպիսին է Վենետիկի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
Հաջորդը։ Նիկոլը պնդում է, որ «հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձեւավորվել»: Թերեւս, սա նրա այն եզակի պնդումներից է, որի հետ կարելի է լիովին համաձայնվել։ Այսինքն, չկա որեւէ մեսիջ, ակնարկ, բաց տեքստով հայտարարություն, որոնք կհուշեին, որ Նիկոլի օրոք նոր բանակցային փաստաթուղթ է ի հայտ եկել։ Սակայն այս դեպքում կրկին առաջ է գալիս հին հարցը՝ իսկ ի՞նչ են քննարկել այսքան ժամանակ։ Եվ ահա այստեղ է, որ Նիկոլը կտրուկ թռիչք է կատարում դեպի «հեղափոխական դեմագոգիկ պոպուլիզնի հարթություն, թե․ «Բանակցությունն ի՞նչ է։ Մենք պետք է լուծում գտնենք իմ առաջարկած բանաձեւի շրջանակում, որ պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ այս քննարկումները, բանակցությունները նրա համար էին, որ այդ լուծումը գտնվի»։ Այսինքն, Նիկոլը պնդում է, որ երկու տարի շարունակ բանակցություններն ընթանում են իր առաջադրած օրակարգով։ Ավելի կոնկրետ, որ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ՝ համանախագահ երկրներին պարտադրել է՝ մինչ այդ մոտ 25 տարի շարունակվող ողջ գործընթացը «թաղել» եւ սկսել զրոյից՝ հիմք վերցնելով անգամ Հայաստանում անհասկանալի մնացած նիկոլյան թեզը՝ «պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար»։ Ընդ որում, եթե գտնեն, լավ, եթե ոչ՝ «Հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի»։
Սա, թերեւս, Նիկոլի այս ողջ «ճոխ ճառի» ամենակարեւոր եւ ամենավտանգավոր հատվածն է։ Սակայն մինչ դրան հասնելը, նաեւ հետեւյալը նկատենք։
Այսպիսով, եթե մի կողմ թողնենք Նիկոլի «գյուլնազտատությունը», կարող ենք ֆիքսել, որ մեկ բան նա, այնուամենայնիվ, խոստովանում է․ այս երկու տարիներին ընթացողը ոչ թե ծանոթացում էր, քննարկումներ, մտքերի փոխանակում, այլ՝ «բանակցություններ»՝ այդ բառի ամենաուղղակի իմաստով։ Ակնհայտ է նաեւ, որ իրականում քննարկումները ոչ թե նիկոլյան հիշատակված ֆանտազիաների, այլ հին օրակարգային դաշտում է եղել․ «Կան ամենատարբեր տեսակետները հարցի կարգավորման ձեւերի ու փուլերի կամ փուլային ու փաթեթային տարբերակների վերաբերյալ։ Փուլային կամ փաթեթային ասելով պետք է հասկանանք, թե ինչ ենք հասկանում․․․»։ Դա նշանակում է, որ նրան առաջադրվել են հստակ ուղղություններ, ընդ որում, հիշեցնենք, բանակցային շատ ավելի թույլ դիրքերի պարագայում։ Այսինքն, մեղմ ասած, Նիկոլը ճիշտը չի ասում, թե՝ պետք է «լուծում գտնենք իմ առաջարկած բանաձեւի շրջանակում»։ Ասենք, դա էն գլխից էր պարզ, քանի որ նիկոլյան այդ բանաձեւ կոչվածից, թե՝ «պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար» անգամ ինքը գլուխ չի հանում․ հակառակ դեպքում միգուցե ներկայացնի՞, թե, իր պատկերացմամբ այդ ո՞րն է։
Հանրագումարում, պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե բանակցային սեղանի շուրջ քննարկել «փուլա-փաթեթային» պրակտիկ հարցեր, ապա դա կարող էր լինել մեկ դեպքում, եթե քննարկումներն ընթանում էին սեղանին առկա փաստաթղթի շրջանակներում։ Թե որն է այն, բոլորն են հասկանում։ Ու երբ այստեղից Նիկոլը հասնում է «Հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի» մտքին, ապա դա տանում է այն համոզմունքին, որ քննարկումները խորացող ճնշումային դաշտում են։ Իսկ այս դեպքում «հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի» միտքն այս տպավորությունն է առաջացնում․ «Ես չեմ ստորագրի, ինչ ուզում եք, արեք»։ Իսկ ի՞նչ կանի Բաքուն, եթե Նիկոլը խոսում է, որ բանակցային լուծում կարող է չլինել, ենթադրելի է։
Ս․Աբրամյան

