Թանգարանների միջազգային օրվա ծրագրերը՝ առցանց հարթակում
Արխիվ 16-20Վաղը՝ մայիսի 18-ին առաջին անգամ Թանգարանների միջազգային օրը տեղի կունենա առցանց՝ կորոնավիրուսով պայմանավորված, երկրում հայտարարված Արտակարգ դրության հետեւանքով: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը:
Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, հատկապես` դրան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը, ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի կնշվի նոյեմբերին: Մայիսի 18-ին կնշենք Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։
Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նախաձեռնության նպատակն է բացահայտելու նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ», ինչը հետագայում նոր նախաձեռնությունների առիթ կհանդիսանա:
Թանգարանների միջազգային օրվան միացած թանգարանների առցանց ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ.

