Սմբատ Գոգյանի հրաժարականի և դոկտորականների պաշտպանությունների արդի վիճակի մասին
Արխիվ 16-20Մի քանի գործնական շփումների արդյունքում Սմբատ Գոգյանն ինձ վրա թողել է ռոմանտիկ հեղափոխականի տպավորություն, ով վսեմագույն գաղափարներով տոգորված, իր նպաստը հայրենիքի բարօրությանը բերելուն պատրաստակամ, շատ-շատերի նման ազնիվ մղումներից ելնելով` հարել է թավշյա կոչված հեղափոխությանը, հավատալով, որ դրա հաղթանակից հետո երկրում թևածելու են օրինականությունն ու արդարությունը, և ինքն էլ լրջագույն դերակատարություն է ունենալու հասարակության մեծագույն չարիք կոռուպցիայի դեմ մղվող անհաշտ պայքարում: Իրավամբ, այդ հնարավորությունը նրան ընձեռվեց, երբ իշխանափոխությունից հետո Սմբատ Գոգյանին վստահվեց երկրի թերևս ամենակոռումպացված բնագավառներից մեկի վերահսկողության ղեկավարումը:
Թվում էր` ԲՈՀ-ի (իմա` ԲՈԿ-ի) նորանշանակ երիտասարդ նախագահը, առաջնորդվելով անկողմնակալության, արդարության, ազնվության, ճշմարտասիրու-թյան վեհ առաքինություններով, լծվելու է թեկնածուական, դոկտորական ատենախոսություններում լիուլի առկա արատավոր երևույթների վերհանման ու դրանք արմատախիլ անելու գործընթացներին, իր մաթեմատիկական հզոր կարողություններն օգտագործելու է ցավալիորեն վերջին տասնամյակներս գիտության մեջ մեծ տարածում գտած գրագողությունների, հատկապես համացանցի միջոցով օտարալեզու ուսումնասիրություններից թարգմանություններ կատարելու և որպես սեփական հեղինակային խոսք ներկայացնելու արգահատելի երևույթի դեմ կանխարգելիչ ծրագրերի մշակմանը: Ավա~ղ, գիտությունների վաղաժամկետ դոկտորին պակասում էին թե´ ղեկավարի փորձառությունը, թե´ կյանքի իմաստությունը, այլապես նա, չկարողանալով կամ չուզենալով իրարից զանազանել թացն ու չորը, միաբանվեց իր գործի նվիրյալի (հիմա կարծես ոմանց կողմից փորձեր են արվում հեգնելու այս խորիմաստ բառը, նսեմացնելու այդ բարձրարժեք որակը ևս) մասնագիտական վերելքը խանգարողների, մեղմ ասած, խմբին և «օրինական» ձևով կասեցրեց արդարի պաքարը հանուն արժանի ատենախոսության պաշտպանության` գցելով այն Scopus-ի տակ և դա այն օրերին, երբ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի լուր ամենքի հայտարարում էր. «Նոր Հայաստանում ոչ ոք իրավունք չունի կասեցնելու որևէ մեկի առաջընթացի ճանապարհը»:
Ի դեպ, տեղին եմ համարում արահայտել վերաբերմունքս Scopus-ի կամ նման կարգի շտեմարաններում հայ գիտնականների հոդվածներ տպագրելու պահանջի վերաբերյալ: ԽՍՀՄ փլզումից հետո անկախ հորջորջվող, բայց իրականում արտաքին հզոր ուժերի կողմից նեոգաղութացված Հայաստանում գիտությունը դարձավ կամ մնաց այն եզակի ոլորտներից մեկը, որն իրոք ինքնուրույն էր: Սակայն երբեմնի էլիտար, գրավիչ, պատվաբեր ու հեռանկարային բնագավառը միտումնավոր
աչքաթող անելով, թերֆինանսավորելով, գիտնականներին դիտավորյալ աղքատացնելով, գիտությամբ զբաղվելը դարձրին անհրապույր, չարքաշ տառապանք (տգետ քաղաքացիներին հեշտ է հպատակեցնել), սակայն չկարողացան խամրեցնել գիտության լույսը, որը մշտավառ էր մնում բազում նվիրյալների շնորհիվ (հիմա էլ ԳԱԱ վերացմամբ` դավադրաբար փորձում են փոշիացնել հայ գիտությունը): Ահա, 2015 թվականին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որով Հայաստանի գիտնականների, հատկապես հայագետների մասնագիտական առաջընթացը կախման մեջ գցեց արտաքին գիտական աշխարհից (իբր հայ գիտնականի և նրա աշխատանքների՝ դրսում հայտնի դառնալու սին պատճառաբանությամբ)` պարտադրելով հրատարակել հոդված Scopus կամ նմանատիպ շտեմարաններում, որտեղ օտարալեզու տպագրվելը բավականաչափ բարդ է ու մեզ համար շատ ծախսատար: Քավ լիցի, բոլորին էլ հասկանալի է, որ մեկ կամ երկու հոդվածով դժվար է համաշխարհային գիտական շրջանակներում հայտնի դառնալը: Սա չի նշանակում, որ դեմ եմ Scopus կամ նմանատիպ շտեմարաններում հրատարկվելուն, բնավ՝ ոչ։ Կառավարությունը նախ պետք աներ այն, ինչը չարեց, բայց այսօր էլ կարող է անել: Պետք է ջանա իր նախանձախնդիր աջակցությամբ Հայաստանի հայագիտական լավագույն պարբերականները՝ «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Երևանի համալսարանի» կամ գոնե դրանցից մեկը, դարձնել Scopus-ային և այն էլ հայերեն լեզվով։ Դրսում կան մեծ թվով գիտնականներ, որոնք տիրապետում են հայերենին։ Այո՛, պետք է ունենալ հայալեզու գիտական շտեմարան․ Սմբատ Գոգյանի դիպուկ արտահայտությամբ՝ ինչու՞ թուրքերը թուրքերենով պետք է ունենան, մենք՝ հայերս, հայերենով՝ ոչ։ Կամ էլ գոնե սկզբնական փուլում կարողանալ Scopus-ում ներառել Հայաստանում հրատարակվող անգլիալեզու հումանիտար պարբերական (օրինակ՝ «Aramazd») կամ որևէ ռուսալեզու հանդես։ Սա պետության կողմից կլինի մեծ աջակցություն այսօր քան երբևէ ռազմավարական-գաղափարական հույժ կարևորություն ունեցող հայագիտություն գերակա գիտաոլորտում հայագիտական բազմակողմ հիմնախնդիրներով զբաղված հայաստանցի գիտնականներին և կխթանի նրանց մասնագիտական առաջընթացը, որում առանցքային դերակատարություն ունի նաև ԲՈԿ-ը՝ իր վերահսկողական գործառույթներով։
Այսօր շատ է արծարծվում, նաև Ս․ Գոգյանի կողմից, գրագողությունների հարցը, որը, սակայն, չարյաց փոքրագույնն է․ կա ավելի սոսկալի, արգահատելի երևույթ՝ պաշտպանել կեղծ ատենախոսություններ, այսինքն՝ դառնալ գիտությունների թեկնածու կամ դոկտոր՝ ուրիշների գրածներով։ Այս սարսափելի երևույթը ահագնացավ ու խորացավ նորանկախ Հայաստանում, հատկապես թեկնածուա-կանների պահով, երբ հարկ էր օրինական ճանապարհով խույս տալ բազում վտանգներով, դժվարություններով լծորդվող բանակային ծառայությունից։ Համատարած բնույթ կրած և անգամ բթամիտներին փողի ուժով մատչելի դարձած թեկնածուականների պաշտպանությունները գցեցին գիտությունների թեկնածուի
գիտական աստիճանի բարձր հարգը։ Ոմանց համար էլ ծառացավ և օրախնդիր դարձավ նաև գիտությունների դոկտորի աստիճանին և պրոֆեսորի գիտական կոչմանը տիրանալու՝ իրենց մոլուցքին հագուրդ տալու տենչանքը։ Ուրիշների գրածներով դոկտոր դարձածներն իսկական պատուհաս են գիտության համար․ իրենց ապիկարությամբ խոչընդոտում են ոլորտի առաջընթացը, փակում են արժանավորների ճանապարհը, փորձում ձերբազատվել նրանցից, կանաչ լույս վառում միջակությունների առջև։ Ահա՛, սրանք են կոռուպցիայի կործանարար հետևանքները մեր այսօրվա գիտական իրականությունում։ Իսկ ԲՈԿ-ը կոչված է կանխելու ատենախոսական պաշտպանություններում անտառացած արատավոր երևույթները։ ԲՈԿ-ի անհեռատես վերացումը նշանակում է գիտության մեջ լրիվ արձակել կոռուպցիա հրեշի՝ առանց այն էլ թուլացված սանձը։ Սմբատ Գոգյանը դժգոհում էր, որ չկա համապատասխան օրենք՝ գրագողություններով, ուրիշների գրածներով պաշտպանածներին զրկելու գիտական աստիճաններից, այլ այդպիսիք, բացահայտվելու դեպքում, ընդամենը խայտառակ են լինում։ Բայց, նկատենք, որ գիտական կեղծ կոչումնավորումներն այնքան են թաթախված այլևայլ արատների մեջ, որ բացահայտվելու դեպքում, ստանալու են սոսկ երեսին անձրև գալու էֆեկտ։ Հարկ է անհապաղ ընդունել օրենք՝ հետադարձ ուժով, որով անարժաններն ու պատեհապաշտները նախ չհանդգնեն գրագողություններով, այլոց գրածներով պաշտպանել ատենախոսություններ, ապա կեղծերը զրկվեն սարքված գիտական աստիճաններից, կոչումներից, իսկ դրանց դիմաց նրանց վճարված գումարները՝ հօգուտ պետության բռնագանձվեն։
Աշոտ Մանուչարյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

