Չենք կարող սպասել ՍԴ-ի իրավիճակի լուծմանը՝ մինչեւ կորոնավիրուսի համաճարակն ավարտվի. Փաշինյան
Արխիվ 16-20Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ առցանց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի «ճգնաժամը» խորհրդարանում լուծելու տարբերակին՝ ասաց, որ այն քննարկման փուլում է:
-Հիմա տեսեք, կորոնավիրուսի հետ կապված ես մոտավորապես 10 օր առաջ հայտարարեցի, որ մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մեկ տարի այդ համաճարակը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարողանալու անել: Արդեն հայտարարել ենք, որ քաղաքական որեւէ շահ չի կարող մեր կողմից ավելի բարձր դասվել, քան հանրային առողջության շահերը: Ինչը ենթադրում է, որ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է: Մյուս կողմից՝ մենք չենք կարող սպասել ՍԴ-ի իրավիճակի լուծմանը՝ մինչեւ կորոնավիրուսի համաճարակն ավարտվի: Եթե պետք է սպասենք, որ՝ հեն ա, մենք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձեւավորել, էդ համատեքստում կլուծենք, որը մյուս տարի հունիսին կարող է դրվել հանրաքվեի… Մի տեսակ էդ պրոցեսն անիմաստ է դառնում, մենք մտածում էինք՝ այս տարի էս հանրաքվեն անենք, հետո 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կանենք էն մյուսը: Սակայն համաճարակի բերած փոփոխություններով էդ ժամանակացույցը չի ստացվում: Հետեւաբար՝ դիմել ենք Վենետիկի հանձնաժողով, եւ՝ այո, քննարկվում է առնվազն ՍԴ-ի հարցը որեւէ բանաձեւով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

