Ինչ չի կիսում Նիկոլ Փաշինյանը՝ նախկին գործընկերների հետ
Արխիվ 16-20ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ իր առցանց ասուլիսի ժամանակ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել, օրինակ՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ այլն, հիմա բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
«Առվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ եւ հրապարակային են եղել: Ուղղակի, երբ եկել են վճռական պահեր, ես նրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները։ Այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են նաեւ մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ եւ մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ։ Եթե խոսվում է անցած ճանապարհի մասին, երեւի թե, իմ անցած ամենակարեւոր ճանապարհը, իմ քաղաքական գործունեության ընթացքում, եղել է 2018 թվականի մարտի 31-ին՝ Գյումրիից սկսած ճանապարհը, եւ այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել։ Նախկինում «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների, պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթը։ «Հայ ազգային կոնգրեսի» պարագայում այդ առիթը եղել է հայտնի եռյակ, քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունը», - ասաց Ն. Փաշինյանը։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնություններին՝ վարչապետն ասաց, որ այն իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունում քննարկում էին, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադռրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսեն. «Եվ այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ։ Կարծում եմ՝ կյանքը ցույց տվեց, որ այս մասով Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու բանաձեւի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները։ Պատճառներից մեկը եղել է այն, եւ այդ պատճառը կարող է գոյություն ունենալ, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ, իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են այդպիսի կոնկրետ պահեր, որ երբ ինձ հարցրել եմ՝ ովքե՞ր են այս պահին իմ քաղաքական համախոհները, ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը։ Նկատի ունեմ այդ քաղաքական գործընթացում ես երբեք չեմ վախեցել, որ կարող եմ միայնակ մնալ»։
Ինչ վերաբերում է լրագրողական հանրության հետ անցած ճանապարհին՝ վարչապետն ասաց, որ իր լրագրողական գործունեության հենց սկզբից ունեցել է կարեւոր գաղափարախոսական եւ քաղաքական կոմպոնենտ՝ այն ընկալելով ինչ-որ չափ որպես քաղաքական գործունեության մաս. «Հնարավոր է, որ շատ լրագրողներ ինձ 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել։ Հիմա ես լրատվամիջոցների հետ շփվում եմ արդեն որպես երկրի ղեկավար՝ սրանից բխող իր բարդություններով»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

