Արտակարգ դրության ժամանակ Հայաստան է վերադարձել 23 հազ. քաղաքացի. Առաջիկայում կրկին ծրագրված են չվերթներ
Արխիվ 16-20Հայաստանում արտակարգ դրության հայտարարելուց ի վեր շուրջ 23 հազար քաղաքացի է վերադարձել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ առաջիկայում նույնպես պլանավորված են չվերթներ և քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը շարունակվելու է. «Դա տեղի է ունենում որոշակի սահմանափակումների պարագայում` կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր Սփյուռքի այն կազմակերպություններին, բոլոր անհատներին և ձեռնարկություններին, որոնք աջակցում են կառավարությանը վերադարձի գործընթացն իրականացնելու հարցում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև պարենային ապահովության խնդրին, նշելով, որ մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի զրո տոկոս դրույքաչափ. «Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, գազարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: Բացի այդ 2019 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանայվեին 2020 թվականի հունվարի 1-ից»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ տվյալ ապրանքների մասով սպասվող 0.5-0.6 տոկոս թանկացումների ռիսկը սրանով չեզոքացվում է:

