Թանգարանային գիշերն այս տարի տեղի կունենա նոյեմբերին
Արխիվ 16-20Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, երկրում հայտարարված Արտակարգ դրության հետեւանքով, այս տարի թանգարաններն իրենց ծրագրերը կներկայացնեն առցանց հարթակում:
«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց ծրագրերն այս տարի կներկայացնեն առցանց հարթակում, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի նոյեմբերին՝ ելնելով իրավիճակից։
Մինչեւ մայիսի 18-ը թանգարաններն իրենց հետեւորդներին կառաջարկեն տանը ստեղծել «Թանգարանային անկյուն»` տարբեր խորագրերով եւ ձեւաչափերով՝ առցանց ցուցահանդես, էքսկուրսիա եւ այլն։
Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ՝ 1977 թվականի մայիսի 18-ին, ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում եւ Հայաստանը:
Տոնի շրջանակում անց է կացվում նաեւ «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչեւ կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաեւ մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:
«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշեր բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները: Այս նախաձեռնությունը ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ եւս 20 գերմանական քաղաք:
1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին եւ անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը:
2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաեւ Թանգարանների միջազգային խորհուրդը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

