ԱՆՆԱՅԻ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ԵԼԱ՞ԿՆ Է ՀԱՍՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
Արխիվ 16-20Դեռ ապրիլի 8-ին Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, թե՝ «Ելակը մտավ զորամաս»: Նախնական տպավորությունն այն էր, թե դա հերթական PR ակցիան է, թե՝ «Տեսեք, ինչքան լավ վիճակ է, որ զինվորները ելակ էլ են ստանում»: Սակայն դրան հաջորդեցին այն լուրերը, որ որոշ զորամասեր իսկապես ելակ ստացել են: Իսկ այդ դեպքում միանգամայն այլ հարցեր են առաջ գալիս: Ապրիլի սկզբներին, երբ Նիկոլն այդ մասին գրեց, նոր-նոր էր սկսվել, այսպես ասած, ելակի սեզոնը, եւ կիլոգրամի արժեքը 2 հազար դրամից ավել էր: Նաեւ չմոռանանք՝ բանակի բյուջեն,մեղմ ասած, համեստ է եւ սահմանափակ: Այսինքն, առկա թույլ միջոցները ինչպե՞ս են թույլ տալիս՝ գնալ գերթանկարժեք սննդատեսակների մատակարարման ուղղությամբ, որի էֆեկտիվությունը չնչին է: Վերջապես, եթե սահմանափակ միջոցներից նման ծախսեր են արվում, ապա չի՞ նշանակում, որ ստիպված են խնայողություն անել այլ սննդատեսակների մեջ:
Այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր կռահել նախօրեին «Հրապարակ» թերթի ներկայացրած տվյալներից, թե ինչ կարգով եւ ում կողմից է հայկական բանակին տրամադրվում ելակ: Տրամադրող ընկերությունը «Գրին ֆուդն» է: Մինչ կներկայացնենք, թե ասվածի իմաստը որն է, նախ նկատենք հետեւյալը: Ընկերությունը պնդում է, որ ելակը շատ լավ բան է: Ըստ այդ կազմակերպության ներկայացուցչի` այն քաղցր է, «կալորիկանություն էլ չունի, շատ լավ է, չեն չաղանա»: Այս խելքո՞վ են բանակին կերակրում: Աշխարհի բոլոր բանակներում լավ կերակուրը համարվում է բարձր կալորիականություն համարվողը, քանի որ զինվորների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձր է, հետեւապես նրանց տրամադրում են համապատասխան կալորիականությամբ սնունդ: Ինչպես մեզ ասաց զինվորական սննդակարգի մասնագետը՝ «Ծիծաղելի է բանակին ելակ մատակարարելը: Այն որեւէ առումով չի տեղավորվում այն պահանջների մեջ, որոնք սահմանված են բանակի սննդակարգի համար: Բանակը ո՛չ սրճարան է, ո՛չ էլ՝ բար, մնում է կոկտեյլներ մատակարարեն բանակին»:
Տարօրինակ է նաեւ, որ միրգ մատակարարելու հարցում այդքան մեծ ուշադրություն է տրվել ելակին, որը, կրկնենք, բավականին թանկարժեք հատապտուղ է: Դրա փոխարեն կարելի էր նույն ժամանակահատվածում 4-5 անգամ ավելի շատ խնձոր, բանան կամ նարինջ մատակարարել, որոնք իրենց սննդային նշանակությամբ բազմապատիկ անգամ գերազանցում են ելակին: Էլ չասած, որ ելակի տեղափոխումը եւ պահպանումը շատ բարդ է, այն դասվում է շուտ փչացող ապրանքների շարքին, այսինքն` ի՞նչ վիճակում այն կհասնի զինվորին. առողջական լուրջ խնդիրներ առաջացնելու ռիսկն առավել քան մեծ է: Այսքանից հետո պարզ հարց է ծագում, թե ինչո՞ւ հատկապես ելակ: Պատասխանը, ինչպես միշտ, կոռուպցիոն դաշտում է: Պարզվում է, որ «Գրին ֆուդ» ընկերությունը պատկանում է Նիկոլի կնոջ՝ Աննայի ընկերուհուն, որի հետ ընկերությունը ունի շուրջ 10 տարվա պատմություն: Ընդ որում, ելակի վերաբերյալ ո՛չ հստակ պայմանգիր կա, ո՛չ էլ անց է կացվել մրցույթ, ինչը պարտադիր պայման է` «Գնումների մասին» օրենքից ելնելով: Թերթը ներկայացնում է նաեւ, որ մատակարարը, այսինքն՝ «Գրին ֆուդը», հակասող պարզաբանումներ է տալիս իրենց եւ ՊՆ-ի փոխհարաբերությունների մասին: Մեկ նա ասում է, թե ՊՆ-ի հետ աշխատում են անմիջապես առանց միջնորդների, հետո էլ, թե որպես միջնորդ հանդիսանում է «Մեդիտեք» ընկերությունը: Այս պահից իրավիճակը ավելի է խճճվում, քանի որ «Մեդիտեքը» զբաղվում է բժշկական սարքավորումների ներմուծումով եւ ոչ մի կապ չունի բանակի սննդակարգի հետ: Դրա պատասխանը կրկին կոռուպցիոն դաշտում է: Ընկերությունը անմիջական կապ ունի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմների հետ: Ուրեմն՝ ինչո՞ւ որոշեցին բանակին ելակ մատակարարել, երբ այն ունի ցածր էներգետիկ արժեք եւ բարդ տեղափոխման-պահպանման հնարավորություններ: Պատասխանը փորձեցինք ստանալ նաեւ ՊՆ-ից, սակայն նախարարության համապատասխան աշխատակիցը ենթադրեց, թե հարցերն «անհեթեթ են, որոնք չենք մեկնաբանում»: Իհարկե, կարելի է հիշեցնել հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստացող սույն աշխատակցին, որ նա չի որոշողը, թե որ հարցն ինչ է, որին կարող է պատասխանել, որին՝ ոչ. օրենք կա, պարտավոր է պատասխանել, ուստիեւ կդիմենք գրավոր հարցմամբ: Բայց նա հարցը կհամարե՞ր «անհեթեթ», եթե խնդրի հետ կապված չշրջանառվեր նաեւ սեփական ղեկավարի անունը...
Ահա եւ հեղափոխական իշխանությունների ողջ պերճանքն ու թշվառությունը: Նշենք, որ ելակի սկանդալը հետեւեց սիգարետի սկանդալին, որը նույնպես կապ ունի Նիկոլի ընտանիքի հետ:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.Գ. - Որոշ մանրամասներ Աննա Հակոբյանի ընկերուհի՝ Վարդուհի Ֆեսչյանի մասին: Վերջինս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Կարապետ Վարդանյանի կինն է: Կարապետն էլ 2009-14թթ. եղել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչն էր միավորում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարար եւ վարչապետի օգնական աշխատած մարդուն այդ նույն իշխանությանը անխնա քննադատող եւ շատ անգամ անձնական վիրավորանքներ հասցնող Նիկոլ Փաշինյանի հետ: Ստացվում է, կամ Նիկոլ Փաշինյանն էր կեղծ ընդդիմություն, կամ Կարապետ Վարդանյանը` կեղծ իշխանություն:

