Երևանի քաղաքապետարանում 15 օրը մեկ պարգևատրվել են. Թեհմինա Վարդանյան
Արխիվ 16-20Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը կատարել էր հետևյալ գրառումը.
Երբ չգիտես` ո՞րն է ճիշտ
Ողջ գիտակցկան կյանքիս ընթացքում կարծել եմ` քայլելն առողջարար է: Վերջին մեկ ամսում օրական քայլում եմ առնվազն 13-18 կմ: Պատկերացնու՞մ եք` ինչե՜ր ու ինչե՜ր եմ տեսնում` փնթի փողոցներից, սնկի պես աճող ճիվաղ կրպակներից սկսած մինչև օրերով սատկած ու նույն տեղում մնացած կենդանիներ: Հիմա ասեք` արդյո՞ք առողջարար է քայլելը: Անիմաստ է նույնիսկ քաղաքային իշխանության աշխատանքը մեկնաբանելը, խորհուրդ տալը, առավել ևս գնահատելը:
Այս տեսարանին ուղղակի չկարողացա չանդրադառնալ: Սայաթ-Նովայի պողոտան է: Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերց ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն: Ոչ, սա նախնադարյան նկար չէ: Սա Երևանն է մեր օրերում: Տարեկան կտրվածքով համաննքային բյուջեից միլիարդներ են դուրս գրվում աղբահանության հիմնարկին: Ո՞վ է յուրացնում այդ գումարները կամ ո՞վ է ուտում նախատեսված ավելները:
Ամոթը մի զգացում է, որը ոչ բոլորին է հասու!!!
Iravunk.com-ը զրուցեց Թեհմինա Վարդանյանի հետ, փորձելով պարզել որոշ մանրամասներ Երևան քաղաքում տիրող իրավիճակի մասին:
- Տիկին Վարդանյան, ձեր գրառման մեջ հստակ նշել էիք, որ ավելի քան 20-ից 25 հավաքարար, փողոցում ծառի ճյուղերից ավելներ էին հյուսում, հավանաբար սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում գումար սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ պարագաներ գնելու համար: Քաղաքապետարանն աղքա՞տ է:
- Երեկ շատ պատահական Սայաթ Նովա փողոցի շենքերից մեկի մոտ, տիկնիկային թատրոնի հարևանությամբ ականատես եղա այդ տեսարանին: Նստած էր թվով գուցե 30 հավաքարար, և այդ տեսարանն ուղղակի շատ ցավալի էր ինձ համար: Այստեղ արդեն առաջ է գալիս խոցելի խավին, այս պարագայում հավաքարարների շահագործման խնդիրը :Ինչ վերաբերում է այդ ցախավելներին, ես չեմ կարծում, որ 21-րդ դարում նման բան անելը նորմալ է, դա առնվազն աննորմալ քայլ է :Շուկայում կան տարատեսակ ավելներ և 21-րդ տարում ծառի ճյուղերից պատրաստված ավելներն ուղղակի ծիծաղելի են: Ես չեմ ուզում անգամ անդրադառնալ համաճարակի շրջանում պարետի որոշումների մասին: Երբ պանդեմիայի շրջանում տեղի են ունենում այդչափ հավաքներ առանց սոցիալական հեռավորություն պահպանելու:
- Դուք ուզում եք ասել, որ Երևանի քաղաքապետարանն այնքան աղքատ վիճակում է, որ չի՞ կարողանում հասարակ ավելներ գնե՞լ:
- Երևանի քաղաքապետարանը տարվա կտրվածքով համայնքային բյուջեից գուրս է գրում տասնյակ միլիարդ դրամներ, եթե հիշում ենք 2018-2019 թվականին շուրջ 19 միլիարդ դրամ է հատկացվել այս ամենի համար, իսկ հիմա մոտ 5,8 միլիարդ դրամ, սակայն, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսվում, եթե խեղճ մաքրուհիներն իրենք են հյուսում իրենց օգտագործման ավելները, ես չգիտեմ:
- Արդեն հայտնի է, որ անգամ համաճարակային իրավիճակում, երբ երկրի տնտեսական վիճակը իբրև թե գտնվում է ոչ բարվոք, ծանր վիճակում, չի խանգարում, որ քաղաքապետարանում ինչ-ինչ մարդիկ մեծ թվով պարգևավճարներ ստանան, ի՞նչ կասեք այս մասին:
- Ամենաակնառուն փոխքաղաքապետերից մեկի և Կարեն Համբարձումյան անունով խորհրդականի պարգևատրման թիվն էր, որը հասնում էր 2,5 միլիոն դրամի երկու ամսվա ընթացքում: Այսինք՝ մարդիկ 15 օրը մեկ պարգևատրվել են, անգամ այս իրավիճակում: Շատ զավեշտալի է, որ քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ քաղաքապետի խորհրդականը 2019-ը թվականին կախված մասնավոր օպերատորի հետ պայմանագրի խզման գործում մեծ դեր է ունեցել: Այսինքն 2040 թվականին էլ իրենք կարող են պարգևատրել այդ խորհրդականին, անկախ նրանից, թե վերջինս ինչ պաշտոն կզբաղեցնի: Այստեղ բնականաբար կա անձնական գործոն ,որովհետև վերոնշյալ խորհրդականն այն խորհրդականն էր, ով անջատել էր տալիս քաղաքապետարանի ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամների բարձրախոսները, և անգամ սպառնում էր, որ մեզ դուրս կհրավիրի նիստերի դահլիճից, որի իրավունքն ուղղակի նա չունի:
- Պանդեմիայի շրջանում, քաղաքապետ Հայկ Մարությանին շատ հազվադեպ կարելի է տեսնել: Ասում են, որ Մարությանն ինչ-ինչ ֆոբիաներ ունի: Չե՞ք կարծում, որ մայրաքաղաքի քաղաքապետն ամենաակտիվներից պետք է լիներ, գոնե այս շրջանում:
- Հայկ Մարությանի ֆոբիաների մասին բազմիցս արդեն խոսվել է: Բոլորն են տեղյակ վերջինիս ֆոբիաներից, և ամենևին չանդրադառնալով այդ ֆոբիաներին ուզում եմ ընդգծել և հիշեցնել, որ Հայկ Մարությանն այսօր քաղաքապետ է և քաղաքի պաշտպանության պետն է, և պաշտոնն ինքնին հուշում է անելիքները: Եթե այս դժվարին շրջանում քաղաքապետը թվացյալ անէացել է, սա ևս աննորմալ մի բան է: Ինչ վերաբերում է նրա աշխատանքին,Մարությանը և իր մամուլի խոսնակը հավաստիացնում են,որ օրնիբուն տքնաջան աշխատում են: Սակայն մենք ամեն ինչ շատ լավ տեսնում ենք: Տեսնում ենք անգամ այն, որ Մարությանը դատարկ աղբահանության հիմնարկից լայվ է մտնում:
- Ձեր գրառման մեջ նաև նշել եք, որ բազմիցս սատկած կենդանիների կարելի հանդիպել, ըստ էության մայրաքաղաքի սանմաքրման վիճակը և՞ս ահավոր է:
- Երևանում շատ հաճախ կարելի է հանդիպել սատկած շների: Կոնկրետ ես ականատես եմ լինում հիմնականում Դավթաշեն վարչական շրջանում:
Հայկ Գևորգյան

