ԼՀԿ-ն կլքի՞ ԱԺ-ն
Արխիվ 16-20Համաձայն արժանահավատ աղբյուրի, «Լուսավոր Հայաստանում» բավականին ծանր են տարել ԱԺ-ի հայտնի միջադեպը՝ այն համարելով ոչ միայն իրենց հեղինակությանը հասցված ծահր հարված, այն էլ՝ դեռ «Ելք»-ի ժամանակներից եկող դաշնակիցների կողմից, այլ նաեւ ահազանգ, որ հետագա զարգացումները կարող են տեղափոխվել ուժային դաշտ, որտեղից հեռու չէ նաեւ ոստիկանական ճնշումների միջոցով «տեղը նստեցնելու» քաղաքականությունը։ Այսինքն, որ այդ բոլոր հետեւանքները կլինեն, եթե չկարողանան համարժեք պատասխան տալ։
ԱԺ-ն լքելը նախնական քայլն էր, դա դեռ հարցի վերջնական լուծում չէ։ Եվ ահա, ըստ աղբյուրի, ԼՀԿ-ում մտածում են պատասխանի մի քանի սցենարների մասին։ Նախ, այս օրերին ակտիվ քննարկումներ կան նաեւ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի հետ, եւ այս ուղղությամբ աջակցության լուրջ հույսեր ԼՀԿ-ում կան։ Քննարկումներ կան նաեւ խորհրդարանական «բախտակցի»՝ ԲՀԿ-ի հետ։ Այս ուժը եւս պարբերաբար հայտնվում է իշխանական հարվածների տակ, եւ ԼՀԿ-ում այն հիմնական կարծիքը կա, որ համատեղ քայլերով կարող են շատ բան պարտադրել իշխող ուժին։ Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ որպես գործնական քայլ, քննարկում են մինչեւ իսկ համատեղ ԱԺ-ից դուրս գալու տարբերակը, թեեւ այն համարվում է ամենավերջին տարբերակ։ Այսինքն, դեռ պետք է սպասել՝ Նիկոլը կդիմանա՞ ներկայիս համատարած դարձող եւ ծանրացող հունի մեջ գտնվող ճնշումներին։ Եթե չդիմանա, խնդիրը կլուծվի, եւ այդ դեպքում երկու ուժերը կկարողանան ԱԺ-ում մասնակցել նոր վարչապետի համար պայքարին։ Եթե դիմանա եւ շարունակի ներկայիս կոշտ քայլերը, ապա այլ ելք չի մնա, քան ԱԺ-ն լքելը, որի պարագայում խորհրդարանի լուծարումն անխուսափելի կդառնա։ Ամեն դեպքում, քննարկումները դեռ շարունակվում են, եւ վերջնական որոշում այս պահին չկա։ Առավել եւս, որ իշխող ուժից ստացվել են որոշ ակնարկներ, թե պետք է բանակցել՝ խնդրի լուծման համար։ Սակայն այս առաջարկին եւս դեռ պատասխան չկա, քանի որ, եթե ԱԺ-ի միջադեպին չպատասխանեն ու մի բան էլ՝ սիրախաղերի մեջ մտնեն իշխող ուժի հետ, ապա այդ դեպքում ԼՀԿ որոշ հատվածի կարծիքով, հաստ խաչ կքաշեն ապագայի վրա։
Ս․Աբրամյան

