Պապիկս իր ջոկատի հետ միասին հասել է մինչեւ Բեռլին. Սարիկ Մինասյան
Արխիվ 16-20Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ պապը՝ Կոլյա Սարիբեկի Մինասյանը:
Մեզ հետ զրույցում նա նախ նշեց, որ մայիսի 9-ը իր համար մեծ տոն է, ինչպես բոլոր հայ ընտանիքներում, այնպես էլ իր ընտանիքում: Մինասյաններն այս օրը նշում են ոչ միայն Հայրենական Մեծ պատերազմի խորհրդային ժողովուրդների հաղթանակը, այլ նաեւ Շուշիի ազատագրումը:
- Պապիկս՝ Կոլյան, մասնակցել է 1941-1945 թվականներին, Խորհրդային Միության կողմից նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների դեմ մղած Հայրենական Մեծ պատերազմին, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Պապիկիս հետ կապված հուշերս քիչ են, քանի որ 2 տարեկան եմ եղել, երբ նա մահացել է: Սակայն հայրիկս պատմել է, որ նա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ իր ջոկատի հետ միասին հասել է մինչեւ Բեռլին։ Ծառայել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի Երկրորդ աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա։ Պատերազմի ընթացքում, թեժ մարտական գործողությունների ժամանակ, վիրավորվել է միայն մեկ անգամ: Հակառակորդի տանկային ուժերի դեմ պայքարելուց՝ խոցել են իր տանկը, որի արդյունքում հրդեհ է բռնկվել եւ դեմքին մնացել է սպի: Ապաքինվելուց հետո կրկին վերադաձել է ռազմաճակատ: Մահացել է 1982 թվականին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

