Շուշիի մշակույթի մեկ դարը`5 առանձնահատուկ եկեղեցիները
Արխիվ 16-20
Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը» օրվա ընթացքում կներկայացնի իր ընթերցողների ուշադրությանը:
Շուշիի հայաբնակ թաղամասերից յուրաքանչյուրը ունեցել է իր կենտրոնը և եկեղեցին։ Շուշիում կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ։ Ուշագրավ շինություն է «Խանդամիրյան թատրոնի» շենքը՝ 350 տեղանոց դահլիճով։ Բնակելի տները 2-3 հարկանի էին՝ շինված կոպտատաշ կրաքարից, իսկ շենքերի անկյունները, բացվածքների շրջանակները, քիվերը, հարդարանքի տարրերը՝ սրբատաշ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից։ Շուշիի
բնակելի տները 19-րդ դարի հայկական ժողովրդական ճարտարապետական արժեքավոր նմուշներ են։
Սրբատաշ կրաքարից կառուցված եկեղեցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս․ Աստվածածինը (1816թ․, չի
պահպանվել), նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր Ս․ Հովհաննես Մկրտիչը, («Կանաչ ժամ», 1818թ․), Ագուլեցոց Ս․ Աստվածածին (1822թ․), Մեղրեցոց Ս․ Աստվածածին (1838թ․) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868-1887թթ․), որ կենտրոնագմբեթ եկեղեցի է։ Վերջինս իր չափերով հայկական մեծ եկեղեցիներից է։ Ղազանչեցոցը, որպես ճարտարապետական կառույց իր ուրույն տեղն ունի Արցախի շուրջ 60 վանական համալիրների և ավելի քան 500 եկեղեցիների համապատկերում։

