Ռոբերտ Քոչարյանի պաշտպաները ներկայացրեցին կալանքը վերացնելու և գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունները
Արխիվ 16-20ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։
Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։
Պաշտպանը մեջբերեց մարդու իրավունքների հարցերով եվրոպական կառույցների հայտարարություններն ու կոչերը, ըստ որոնց՝ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներն, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:
Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ կորոնավիրուսի առումով Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ մի քանի ռիսկային խմբում Է, իսկ ներկայումս, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։ Կից ներկայացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից համապատասխան բժշկական տեղեկանք։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։
Վադևանյանը ներկայացրեց Արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։ Նա հիշեցրեց, որ մեկ-երկու տարի առաջ Փարիզում ահաբեկչական գործողություններ են եղել, և այժմ այդ անձանց խափանման միջոցը փոխվել է։
«Մենք վերջին շրջանում մոտեցել ենք իրավական նիհիլիզմի մի շարք դրսևորումների։ Բայց եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի», - հայտարարեց Վարդևանյանը։

