ԱՌԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ, ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ. ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Արխիվ 16-20Կորոնավիրուսը, ավելի ճիշտ՝ կորոնավիրուսային այդպես էլ չբացատրված մնացած արտակարգ դրությունը իր էական ազդեցության է թողել տնտեսության գործնականում բոլոր բնակավառների վրա՝ չնչին բացառություններով: Սակայն կան ոլորտներ, որոնք, եթե կարելի է ասել, կրկնակի տուժածի դերում են հայտնվելու: Օրինակ` ռեստորանային-սրճարանային բիզնեսը նախ տուժեց գործուներության արգելափակման պատճառով: Իսկ ահա ներկայումս ¥եւ, ըստ ամենայնի, դեռ երկար ժամանակ¤, հաշվի առնելով, որ մարդիկ ունեն գնողունակության լուրջ խնդիր, ռեստորաններն ու սրճարանները կունենան մինչկորոնավիրուսային ժամանակների համեմատ այցելուների եւ եկամուտների նկատելի պակաս: Ուրեմն, ի՞նչ է սպասվում ոլորտին, փորձեցինք պարզել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, հայտնի խոհարար ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԻՑ:
- Առանց աջակցության, տասնամյակներով դժվարությամբ ոտքի կանգնած ռեստորանային բիզնեսը՝ այդ եկամտաբեր ոլորտը կարող է փլուզվել: Արդյունքում հազարավոր մարդիկ կարող են անգործ մնալ: Ռեստորանային բիզնեսն այսօր ամենածանր կացության մեջ գտնվող ոլորտն է: Հատկապես մեծ ռիսկի տակ են հայտնված զբոսաշրջային ուղղվածություն ունեցող ռեստորանները, որովհետեւ նրանք ոչ միայն տուժել եւ մինչ օրս էլ տուժում են, այլ նաեւ հետագայում, հավանաբար մինչեւ մյուս տարվա ապրիլը ոչինչ ակնկալել չեն կարող: Սա, իհարկե, լավագույն դեպքում:
– Կառավարության կողմից ռեստորանային բիզնեսին ուղղված որեւէ աջակցություն նկատո՞ւմ եք:
– Որոշակի օգնություն իհարկե կա. անտոկոս վարկեր են տրվում, տեսնենք, թե ոնց կլինի: Բայց չգիտեմ, թե դա որքանով օգտակար կլինի: Ամեն դեպքում, տնտեսական ակտիվությունից է կախված ամեն ինչ: Իսկ տնտեսությունը եւ մասնավորապես ռեստորանային բիզնեսը շատ մեծ կորուստների առաջ է կանգնած եւ դեռ կանգնելու է: Այսքանը կարող եմ ասել:
– Պարոն Մամուլյան, էկոնոմիկայի նախարարը վերջերս նման արտահայտությունն արեց. քանի որ շարքային քաղաքացիները եկամուտների անկման եւ, մասնավորապես` ոսպի ու հնդկաձավարի գները բարձրանալու պատճառով դժվարանում են անգամ այդ մթերքները ձեռք բերել, հորդորեց սպառողներին՝ փոխարինիչներով յոլա գնալ: Որպես հմուտ խոհարար կասե՞ք, որո՞նք են ոսպի եւ հնդկաձավարի փոխարինիչները:
– Ես իհարկե տեղյակ չեմ, չգիտեմ, թե էկոնոմիկայի նախարարը ինչ է նկատի ունեցել՝ ոսպի եւ հնդկաձավարին փոխարինիչներ ասելով: Կարող եմ միայն ասել, որ հնդկաձավարը եւ ոսպը ընդեղենի այնպիսի տեսակներ են, որոնց ոչնչով փոխարինել չի կարելի: Ինչպես նաեւ՜ ոլոռին, լոբուն,սիսեռին եւ այլն:
– Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք մեր տնային տնտեսուհիներին, այս նեղ պահին սուղ բյուջեով ինչպե՞ս պատրաստեն համեղ եւ քիչ ծախս պահանջող սնունդ: Եթե իհարկե հարցը ֆանտաստիկայի ժանրում չհնչեց:
– Այո, շատ տեղին հարց էր: Ես խորհուրդ կտամ մեր տնտային տնտեսուհիներին՝ օգտվել սեզոնային իրավիճակից: Այս ժամանակաշրջանը վայրի բույսերի աճի սեզոնն է, իսկ հայը սննդի մեջ օգտագործելու պիտանի մոտավորապես երեք հարյուր անուն վայրի բույս է ճանաչում: Սա մի մեծ հարստությոն է, մեծ հնարավորություն, որը կարելի է օգտագործել: Ընդհանրապես, եթե մեր ավանդական կաթուցաձեւը շարունակվեր, այսօր առհասարակ խնդիր չէինք ունենա, որովհետեւ ավանդապաշտ հայերը մինչեւ հունիս ամիսն օգտվում էին իրենց մառաներից: Այսօր, ցավոք, պաշար անելու այդ մշակույթը չի պահպանվել: Եթե պահպանվեր, ապա մենք արտակարգ դրության պայմաններում՝ կտրված, անջատ կարող էինք առնվազն մինչեւ մայիսի վերջ հանգիստ օգտվել մեր մառաներից: Այնուամենայնիվ, անդրադառնալով Ձեր հարցին, վստահաբար կարող եմ ասել, որ հնարավոր է քիչ բյուջեով ապահովել նորմալ սննդակարգ: Աս շրջանում, երբ հիմնականում տանն ենք, եւ շարժումը քիչ է, խորհուրդ է տրվում ուտել բանջարեղեն, ընդեղեն: Պարտադիր չէ միս ուտելը: Ցավոք, մենք մի սխալ հասկացողության գերի ենք դարձել, որը սովետական ժամանակներից է գալիս՝ համարելով, որ եթե սննդի մեջ ամեն օր ճոխ-ճոխ մսի կտորներ չկան, ուրեմն չի կարելի համարել, որ նորմալ ես սնվում: Դա սխալ մոտեցում է: Իհարկե միսը, կենդանական սպիտակուցները շատ կարեւոր են, բայց դրանց օգտագործումը շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամն է նորմալ, ավելին` արդեն ճնշող է օրգանիզմի համար:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

