ՍԴ-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄՆԱՑԵԼ Է ՆԻԿՈԼԻ ԿՈԿՈՐԴԻՆ
Արխիվ 16-20Վերջին օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կաշվից դուրս է գալիս համոզելու համար, թե կորոնավիրուսն անկանխատեսելի ընթացքի մեջ է, եւ առաջիկայում պետք է վարակվածների եւ մահացածների թվի բազմապատկում սպասել: Ընդ որում, վերջին շաբաթվա ընթացքում, ավելի կոնկրետ այն պահից, երբ հայտարարվեց սահմանափակումների թուլացման մասին, Հայաստանում նկատվում է օրական վարակվածության կտրուկ աճ: Այն դեպքում, երբ գրեթե բոլոր այն երկրներում, որոնք նույն ժամանակահատվածում, ինչ Հայաստանը հայտարարել է արտակարգ դրություն, նույն գործողությունների են դիմել, արդեն մեր նման աճին զուգահեռ արձանագրվում է օրական վարակվածների թվի էական մեղմացումներ՝ ընդհուպ մի քանի անգամով պիկային պատկերի համեմատությամբ:
Միայն այս իրավիճակը պետք է որ բավական լիներ կորոնավիրուսի կանխման համար հիմնական պատասխանատուներին՝ Ավինյանին ու Թորոսյանին չվաստակած հանգստի քշելու համար: Սակայն, ըստ կառավարությանը մոտ կանգնած արժանահավատ աղբյուրի, նիկոլամերձ շրջանակներում Թորոսյանի արարքներին այլ աչքով են նայում: Ավելի ստույգ, նրա հայտարարությունների եւ կորոնավիրուսային ներկայիս իրավիճակի մեջ երեք հիմնական պատճառ են տեսնում: Առաջինը, վարակակիրների թվի աճը առողջապահության համակարգին ֆինանսական նոր եւ հսկայական հոսքեր են խոստանում, որից, հասկանալի է, ոչ մի նախարար չի հրաժարվի: Երկրորդը, դա ընկալվում է ազդակ, որ արտակարգ դրությունից չի կարելի հրաժարվել, որի դեպքում ինչպես Թորոսյանը, այնպես էլ պարետ Ավինյանը մի շարք լուրջ լծակներ են ձեռքներին պահում, եւ ով իմանա, թե ինչ կլինի արտակարգ դրությունից հետո: Առավել եւս, որ կա բնապահպանության արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի նախադեպը, որն ակնարկում է, որ պաշտոնանկությունների ալիքը կարող է կառավարությունում լրջորեն ծավալվել: Վերջապես, որ այս քայլերով Թորոսյանն իր համար ալիբի է ապահովում: Ավելի ճիշտ, եթե կորոնավիրուսային իրավիճակը գնա վատթարագույն ուղղությամբ, Թորոսյանը կարդարանա` «Զգուշացնում էի, չլսեցիք»: Եթե ոչ, գնա մարման, ապա դա կվերագրի իրեն. «Տեսա՞ք, թե ինչ լավ աշխատեցի, ես անփոխարինելի եմ»:
Սակայն, ըստ աղբյուրի, չնայած Թորոսյանից եկող նման ազդակներին եւ Նիկոլի վրա ազդելու այլ փորձերին, արտակարգ դրությունը չերկարացնելու քաղաքական որոշումը կայացվել է: Այսինքն, եթե այս օրերին ինչ-որ արտառոց զարգացումներ չլինեն, նախատեսված ժամկետում արտակարգ դրությունը կդադարի: Բայց դա առաջ է բերել սպասված խնդիրները: Այդ թվում` Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեի հարցը: Հանրաքվեն գրեթե մեխանիկորեն իր ընթացքը վերականգնելու է` օրենքով նախատեսվածի պես: Այսինքն, պետք է նաեւ վերջնական քաղաքական որոշում` թողնո՞ւմ են այն տեղի ունենա, թե՞ ինչ-որ ձեւ են գտնում եւ դադարեցնում: Նիկոլյան վերնախավում վստահ են, որ ՍԴ-ի փոխարեն սա դառնալու է Նիկոլի վստահության հանրաքվե, եւ դրա կայանալու դեպքում ձախողումը լինելու է խայտառակ: Կմնա զանգվածային կեղծումների տարբերակը, սակայն այն պարագայում, երբ հասարակությունն այս աստիճան նյարդայնացած է, ու նաեւ պատկերացում անգամ չունեն, թե տարբեր հարցերով փաստի առաջ կանգնեցվող իրավապահներն ինչպես իրենց կդրսեւորեն, այդ տարբերակը համարվում է խիստ վտանգավոր: Իսկ հանրաքվեից հրաժարվելը, ըստ աղբյուրի, համարում են թեեւ չարյաց փոքրագույն տարբերակ, սակայն այստեղ եւս լուրջ վտանգներ կան: Այսինքն, նման որոշումը հանրության կողմից կընկալվի, թե Նիկոլը պարզապես վախեցավ հանրաքվեից: Իսկ դա էապես կսրի հակաիշխանական ելույթները, որոնք սպասում են արտակարգ դրության ավարտվելուն պես: Դրանից զատ, այդպես էլ լուծում չի ստանա ՍԴ-ի հարցը, դրանից բխող բոլոր հայտնի սպասելիքներով հանդերձ: Կա նաեւ գլխներին կախված ղարաբաղյան հարցը, Քոչարյանի գործը, որին ներհայաստանյան դատական համակարգն ինչ ընթացք էլ տա, հեռու չէ օրը, երբ լուծումներ կգան նաեւ Եվրոպայից` Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից, եւ այստեղից եւս ՍԴ-ից սպասվող վտանգն օրակարգային է դառնում: Այսինքն, բոլոր կողմերից փակուղիներ են, որոնք դեռ թույլ չեն տալիս հանրաքվեի հարցով վերջնական քաղաքական որոշում կայացնել:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

