«ԵՐԵՎԻ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԼԵՐԳԻԱ ՈՒՆԻ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ»
Արխիվ 16-20Վերջին շրջանում ծավալված ներքաղաքական իրադարձությունների, ինչպես նաեւ որոշ այլ հարցերի մասին զրուցեցինք «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի` «Մառոզ Մարգոյի» հետ:
– Տիկին Մարգարիտա, կորոնավիրուս կոչվող համաճարակը անմասն չթողեց նաեւ Հայաստանը: Կարանտինային օրերն ինչպե՞ս են անցնում ձեզ մոտ, այս օրերին ինչպե՞ս եք կարողանում պահպանել ձեր գոյությունը:
– Դե, ինչպես բոլորը շատ լավ գիտեն, ես երբեք չեմ ֆինանսավորվել եւ ոչ մի աջակցություն չեմ ստացել` օգտագործելով միայն իմ անձնական ֆինանսավորումը: Պատկերն այն է, որ ես չեմ դադարեցրել իմ աշխատանքային գործունեությունը: Ես ամեն բան անում եմ, որ գոնե բանակը հեռու պահենք կորոնավիրուսից, քանի որ մենք բանակից ավելի թանկ ոչինչ չունենք:
– Շուշիի ազատագրման օրը տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական դատավարությունը, ի՞նչ եք կարծում մայիսի 8-ին դատավարության օր նշանակելը պատահականությո՞ւն է, թե՞ կանխորոշված քայլ:
– Հերոսներին դատապարտել, այն հերոսներին, ովքեր հենց այդ օրը հողեր են ազատագրել, ես դեմ եմ: Կարծում եմ, որ ներկայիս իշխանություններն ուշքի կգան եւ կփոխեն խափանման միջոցը` ազատ արձակելով մեր հերոսին: Մայիսի 8-ին նախագահին դատելը մտածված վրեժխնդրություն է:
– Վերջերս Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ի՞նչ գնահատական կտաք այդ ընտրություններին, եւ ի՞նչ կարծիք ունեք Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի մասին:
– Ես, քանի որ ընտրություններին չեմ մասնակցել, առանձնակի կարծիք հայտնել չեմ կարող: Արայիկ Հարությունյանին ճանաչել եմ որպես վարչապետ, համագործակցել ենք այն ժամանակ, երբ Արցախ եմ այցելել, բայց հիմա առանձնապես տեղյակ չեմ:
– Տիկին Մարգարիտա, ի՞նչ եք կարծում, Հայոց բանակն ու հայ զինվորը ի՞նչ արժեք ունեն ներկայիս իշխանությունների համար:
– Չէի ցանկանա իշխանությունը բանակից առանձնացնել, քանի որ մենք բանակից թանկ ոչինչ չունենք, բայց չծառայածը ծառայածի գինը երբեք իմանալ չի կարող: Ազգային ժողովի եւ կառավարության մեծ մասը, բոլորս գիտենք, որ դասալիքներ են: Ես ամեն ինչ անում եմ, որ էն վիշտը, որ ես տեսել եմ, հայ ազգի մեջ ոչ մի մայր չտեսնի:
– Վերջերս Ձեր դեմ դատական հայց էր ներկայացվել մարտի 1-ի զոհերից մեկի հարազատների կողմից, այն բանի համար, որ դուք ընդամենը նշել էիք, որ ինչո՞ւ են մարտի 1-ի զոհերին մեծ գումարներ տրամադրում, իսկ սեւազգեստ մայրերին` ոչ: Ի՞նչ նորություն ունեք ձեր դեմ ուղղված դատական հայցից:
– Ես պատրաստ եմ դատարանում պատասխանել իմ ամեն խոսքի համար, որ թալանի եւ աթոռակռվի համար զոհերին ավելի շատ են գնահատում մեր իշխանությունները, քան առաջնագծում զոհված հերոսներին: Վերջին շրջանում համաճարակի հետ կապված աջակցությունների ցանկում որեւէ տեղ չկա զոհված զինծառայողների ընտանիքների մասին որեւէ խոսք: Մեզ ոչ մի հարցում ուշադրություն չեն դարձնում: Երեւի թե, այս կառավարությունն ալերգիա ունի զոհված զինծառայողների ընտանիքներից:
– Վերջերս մի շարք սեւազգեստ մայրեր հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, եւ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, նրանց գլխի տակ «փափուկ բարձ» դրեց: Այդուհանդերձ, դուք ի՞նչ եք կարծում այդ հանդիպումը կտա՞ արդյունք:
– Զերծ կմնամ իրավական գնահատականներ տալուց: Տա Աստված, որ Փաշինյանն իրենց օգնի, եթե օգնի:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

