Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատավարության ընթացքին
Արխիվ 16-20Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերջին դատական նիստը եղել է շուրջ 2 ամիս առաջ։
Այս դատական նիստին կքննարկվեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, որոնք ընդհանուր թվով 3-ն են։ Դրանք են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում, կամ անձնական երաշխավորություն։ Միջնորդությունները կքննարկվեն համատեղ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին ներկայացվել է դեռեւս մարտի 16-ին, սակայն առ այսօր այն չի քննարկվել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, թեեւ փաստաբանները նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը, որի ընթացքում պետպատվերի շրջանակներում քթի վիրահատություն է արել։
Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո էլ՝ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ դատավորը հիմա էլ հերթական արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին , որը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Բացի այդ՝ մոտ մեկ ամիս առաջ փաստաբանները նաև գրավի միջնորդություն են ներկայացրել։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

