Նա եղել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը
Արխիվ 16-20Բարև, հարգելի «Իրավունք» թերթի խմբագրակազմ։

Շարունակում եմ ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի մասնակից իմ հարազատների մասին շարքը, հաջորդը իմ Ռոզա տատիկի քրոջ Ղումրիկի ամուսնու մեծ հայ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ Ոստիկանության վաստակաշատ սպա, պաշտոնաթող գնդապետ ՊԵՐՃ Թադևոսի Սողոյանի մասին է։ Երբ Հայրենական մեծ պատերազմի ավարտից ամիսներ անց 1945թվականի դեկտեմբերին Պերճ Սողոյանը վերադարձավ հայրենի օջախ Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Հայրենյաց (այն ժամանակ Սոնգյուռլի /գյուղ, փոքրիկները ոտաբոբիկ, ձյան հաստ շերտի վրայով քայլելով հասել էին գյուղի ծայրը նրան դիմավորելու։ Մինչև կյանքի վերջին օրը, այս սրտառուչ տեսարանը չջնջվեց պատերազմի վետերան Պերճ Թադևոսի Սողոյանի հիշողությունից։ Նա ծնվել է 1925թվականի, մարտի 15-ին, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում: Ավարտելով հայրենի գյուղի 7-ամյա դպրոցը, ուսումը շարունակել է Լենինականի Մանկավարժական ուսումնարանում։ Ուսումնարանը նոր ավարտել և հայրենի գյուղում հայոց լեզու էր դասավանդում, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։

Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցում սովորելուց հետո, 1943-ին կամավոր մեկնում է ռազմաճակատ։ Մասնակցել է Ղրիմի, Բելառուսի, Քյոնիքսբերգի, Ուկրաինայի, Մերձբալթյան հանրապետությունների Լատվիայի, Էստոնիայի ազատագրման համար մղվող մարտերին։ Պատերազմից հետո նա դառնում է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար։ Սովորում է Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Պետանվտանգության համակարգում: 1955 թվականին Պետանվտանգության մայոր Պերճ Սողոյանը նշանակվում է Կիրովական քաղաքի Ներքին գործերի բաժնի պետ։ Պաշտոնավարում է 12 տարի։
1967-1972թթ.Արարատի շրջանի Ներքին գործերի բաժնի պետն էր։ Բանակում, Ոստիկանությունում, Պետանվտանգության համակարգում նրա ծառայության ընդհանուր տարիները անցնում են չորս տասնյակից։ Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ Այդ տարիներին, ինչպես նաև պատերազմի ժամանակ ցուցաբերած բացառիկ խիզախության համար, Պերճ Սողոյանը արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մեդալների, պատվոգրերի, դիպլոմների, շքանշանների։ Արժանացել է «Հայրենական մեծ պատերազմի», «Փառքի շքանշանի», «Մարտական ծառայությունների», «Արիության», «Քյոնիքսբերգի գրավման» և 20այլ մեդալների։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ։ Կռվել է, հասել միչև Բեռլին, ֆաշիզմը խեղդել հենց իր բնում։ Նա եղել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը։ Նրա համար, շատ թանկ էին հատկապես մարշալ Բաղրամյանի հետ կապված հուշերը։

Մեծ հայրենականի տարիներին, Մերձբալթյան ռազմաճակատում, որի գլխավոր հրամանատարն էր այն ժամանակ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը, Պերճ Սողոյանին բախտ է վիճակվել հանդիպելու լեգենդար զորահրամանատարին, լուսանկարվել նրա հետ։«Մի անգամ Բաղրամյանը «Կուկուրուզնիկով» ժամանեց շտաբ, իսկ ես հերթապահ էի։ 1945թվականի ապրիլն էր, և ես առաջին անգամ տեսա Բաղրամյանին։ Նա ազդեցիկ ելույթ ունեցավ, և իմ գլխում տպավորվեց նրա ասած մի նախադասությունը «գվարդիականները երբեք չպետք է նահանջեն»։

Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպեց պատերազմից հետո Կիրիվականում։ «Նա պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ։ Եկավ, մասնակցեց Մյասնիկյանի արձանի բացմանը, այդտեղ էլ առաջին քարտուղարը Բաղրամյանին ասաց, որ ես նրա զինվորն եմ եղել։ Ես մոտեցա, կրկնեցի այն խոսքերը, որ ընդմիշտ ուղեղիս մեջ էին դաջվել, նա հուզվեց, փաթաթվեց ինձ։ Այնուհետև, երբ գալիս էր Հայաստան, միշտ հանդիպում էինք»։ Պերճ Սողոյանը, շատ բարի, մեծահոգի մարդ էր, Մեծի հետ մեծ, փոքրը հետ փոքր, բոլորին օգնության հասնող, մեծ սիրտ ունեցող։5զավակների հայր էր, շատ սիրված, հարգված անձնավորություն ։ Վախճանվել է 2014թվականի նոյեմբերի 22-ին Երևանում, հուղարկավորվել ծննդավայրի Հայրենյացի գերեզմանատանը ։ Ծննդյան 90-ամյակի օրը, Վանաձորում Հայքի հրապարակում, Խորենացու փողոցում գտնվող այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ ապրել է Պերճ Սողոյանը տեղադրվել է հուշատախտակ։ Այս տարին հոբելյանական է Պերճ Սողոյանի համար, քանի որ մարտի 15-ին լրացավ մեծ հայի ծննդյան 95-ամյակը: Վաստակաշատ, սկզբունքային սպայի, լավ մարդու Պերճ Սողոյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, հարազատների, ընկերների սրտերում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, լրագրող, Շիրակի մարզ, Արթիկի տարածաշրջան, գյուղ Հայրենյաց:

