Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է քան Լևոն Տեր-Պետրոսյանը. Լարիսա Ալավերդյան
Արխիվ 16-20Ոչ վաղ անցյալում, ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման ակումբի անդամների հետ տեսակապի միջոցով հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2019 թ․ ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։ Լավրովին անմիջապես արձագանքել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նշել է, որ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդավոր լռությունը որոշ մասնագետների մոտ ինչ-ինչ կասկածներ է առաջացնում:
Iravunk.com-ը այս մասին զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
- Տիկին Ալավերդյան, ձեր դիտարկմամբ, ինչո՞ւ է լռում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չհակադարձելով Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը կապված արցախյան հարցի հետ: Ձեր կարծիքով կա՞ արդյոք արցախյան հարցի փուլային տարբերակ:
- Տարիներ շարունակ, հատկապես՝ վերջին երկու տարիների ընթացքում, ես պնդում էի, արցախյան գործընթացը, որը երբեք ես բանակցություն չեմ անվանում, աշխույժ կերպով էր ընթանում: Ես երբեք չէի կասկածում, որ չարաբաստիկ մադրիդյան սկզբունքները, անկախ բոլոր վարկածներից, բոլոր վարկածները մնում են սեղանի վրա դրված:2 016-ի ապրիլյանից հետո, տեղի է ունեցել որոշակի շեշտադրության փոփոխություն, զուտ գործընթացի առումով, իսկ չարաբաստիկ մադրիդյան սկզբունքները կարծես թե մի կողմ են դրվել: Կարծում եմ, որ հիմա ավելացել է մի շատ կարևոր մեղեդի, այն է՝ կարևոր ձևով մեխանիզմներ բերել, որ ոչ թե ինչ-ինչ հարցեր դառնան վիճելի, թե ով ինչ արեց, այլ հստակ մեխանիզմով ինչ-ինչ քայլեր հաստատվեն: Մենք հստակ, շատ լավ գիտնք, որ Ադրբեջանն այդպես էլ չի համաձայնել: Մենք բոլորս հույս ունեինք, որ համանախագահներն, ովքեր համաձայնել են, որ տեղի ունենան այդպիսի փոփոխություններ, կպնդեն և տեղի կունենան այդ փոփոխությունները: Ցավոք, վերջին երկու տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ այդ ուղղությունն ամբողջովին ոչ միայն մոռացվել է, այլև դարձել է չքննարկվող ինչ-որ մի հարց: Սակայն սեղանին դրված են մնում պիղծ մադրիդյան սկզբունքները:
Իմ խորին համոզմամբ, այս հարցերը արդիականացվել են ոչ միայն վերջերս Լավրովի հայտարարությունից հետո, այլ՝ նախորդ տարվա ապրիլից: Ինձ համար անտանելի է և մերժելի, որ ժողովրդին պետք է խաղաղության պատրաստենք, այն ինչ, ոչ թե դրանով խաղաղության են պատրաստում ժողովրդին, այլ ուղղակի ջնջում ու փակում են թշնամու կողմից իրականացված ցեղասպանության էջերը, որը դեռ չի էլ դադարեցվել: Նիկոլ Փաշինյանին ամենաբնորոշ հատկանիշն անորոշությունն է: Լևոն Տեր-Պետրիսյանի դիրքորոշումը ես այսքան տարի համարում եմ կոպիտ քաղաքական սխալ, սակայն միշտ ընդգծել եմ՝ Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել իր մոտեցումները: Դա կրում է նաև շարունակական բնույթ: Հիշենք, որ 1992 թվականին առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը նշել էր, որ համաձայն է, որ Հայաստանը մնա Ադրբեջանի կազմում,
սակայն Նիկոլ Փաշինյանի դեպքում ամենաբնութագրող բառն անորոշությունն է, երբեմն հակասական ու անտրամաբանական և դրա լավագույն օրինակը վերջերս ԱԺ-ում այդ առեղծվածային, չեղած հղումներով հայտարարություններն էին:
- Տիկին Ալավերդյան, ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը կիրթ մարդ է, ի՞նչ եք կարծում, սա դիրքորոշում չէ՞:
- Դա ոչ թե դիրքորոշում է, այլ այն մթնոլորտն է, որը հիմնական կասկածներ է հարուցում, արդյո՞ք այն հանդիպումները որոնք տեղի են ունենում վերելակում, կամ այլ տեղ արդյո՞ք այդ զրույցները մեզ ճիշտ ուղով են տանում: Նաև նշեմ, որ պետք չէ քննարկել Արցախի վաղուց կայացած անկախության հարցը: Մենք պետք է խոսենք միայն անկախ պետության ու դրա հարաբերությունների մասին: Այս ամենն անգամ քննարկման ենթակա չէ: Ալիևը իր օգնականի շուրթերով շատ պարզ ասել է իր դիրքորոշումը, և այդքանից հետո հայկական կողմն արդյո՞ք ինչ-որ աղերս տեսնում է, որտեղից կարող ենք սկսել առաջ տանել մեր դիրքորոշումը: Հայաստանյան կողմի դիրքորոշումն այնքան հեղհեղուկ է, որ առաջ է գալիս երկու դիրքորոշում՝ կամ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում, որտեղ վտանգավոր է դառնում իր անորոշ հռետորաբանությունը, նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի անորոշ դիրքոորշումն առավել վտանգավոր է, քան Լևոն Տեր-Պետրոսյանի որոշակիությունը: Ինչ էլ, որ ստորագրեն, մեկ է ոչինչ է լինելու, քանի որ վաղուց է, ինչ չկա Արցախի հարց, կա կա արցախյան պատասխան: Հայկական կողմի բոլոր ռեսուրսները պետք է միայն ողողված լինեն այս պարզ ճշմարտությամբ: Չկա ետդարձի որևէ ճանապարհ: Արցախը վաղուց չի պայքարում ինքնորոշման համար, այլ պայքարում է իր միջազգային ճանաչման համար:
- Տիկին Ալավերդյան, դուք ուզո՞ւմ եք ասել, որ իր դիրքորոշումներով Փաշինյանն ավելի վտանգավոր է, քա՞ն Լևոն Տեր-Պետրոսյանը:
- Այո, ես պնդում եմ, որ Փաշինյանի անորոշությունն ու այն բառապաշարը, որ ունի նա, հույս ներշնչող չեն:
- Վարչապետ Փաշինյանը նշեց, որ ցանկացած լուծում պետք է լինի ոչ միայն Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար ընդունելի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս մասին ի՞նչ կասեք:
- Նախ չկա առանձին Հայաստանի և Արցախի ժողովուրդ, և նրանք, ովքեր ասում են Հայաստանի ժողովուրդ և վերջ, նրանք գոնե պետք է հասկանան ,որ հայ ժողովուրդը գտնվում է ուղղակի բաժանված վիճակում: Դա կոպիտ սխալ էր, առանձնացնել հայ ժողովրդին Արցախի ժողովրդից: Մենք մի ժողովուրդ ենք երկու պետություններում:
- Իսկ ադրբեջանցիների կարծիքը հաշվի առնելու մեջ կեղծ «մարդասիրական» կոչեր չե՞ք տեսնում, ինչի՞ համար արվեց այդօրինակ հայտարարություն ՀՀ վարչապետի կողմից:
- Երբ մենք խոսում ենք ադրբեջանցու մասին, պետք է ռեալիստ լինենք: Որոշում կայացնողը ոչ թե ադրբեջանական ժողովուրդն է, այլ Ադրբեջանի իշխանությունը: Հենց այդ իշխանությունները, տարիներ առաջ ընդգրկել են ադրբեջանական ժողովրդի մի մասը մեծ հանցագործությունների մեջ: Հիմա անտեսվում է ոչ միայն արցախահայությունը, այլև համայն աշխարհի հայությունը:
Հայկ Գևորգյան

