Լսելով ձեր զեկույցը՝ տպավորություն է, որ ոլորտում գրեթե բոլոր խնդիրները լուծված են. պատգամավորը՝ Զարուհի Բաթոյանին
Արխիվ 16-20Լսելով ձեր զեկույցը՝ տպավորություն է առաջանում, որ ոլորտում գրեթե բոլոր խնդիրները լուծված են, ամեն ինչ հիանալի է, սակայն այն դիմումները, բողոքները, որ մենք պարբերաբար ստանում ենք տարբեր բնագավառներից ձեր ոլորտի վերաբերյալ, հակառակն են փաստում: Նման դիտարկմամբ այսօր հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
«Ցանկալի է՝ դուք մի քիչ խոսեք, թե անցած տարի ի՞նչ բացթողումներ են եղել, ինչ խնդիրներ են եղել, որ չեք կարողացել լուծել, քանի որ, նայելով ընդհանուր պատկերին, կարելի է անցած տարին ոլորտի համար համարել ձախողման տարի, որովհետև մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն», - շարունակեց պատգամավորը:
Զարուհի Բաթոյանը կտրականապես չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկման հետ, որ 2019 թվականը ձախողված է եղել:
«Եթե դուք այդպես եք կարծում, շնորհակալ կլինեմ, եթե մատնանշեք, թե հատկապես ո՞ր ոլորտում կան քայլեր, որոնք ձախողել ենք: Իհարկե, կան շատ աշխատանքներ, որոնք մենք պետք է անենք և գուցե ավելի լավ կարող էինք անել, և ես երբեք չեմ համարի, որ բավարար է կամ դրական մեր աշխատանքը, բայց վստահ եմ, որ կան կարևոր փոփոխություններ, 2019թ. կուտակված խնդիրների լուծման տարի էր», - նշեց նա:

