Հայրենասիրության, քաջության եւ տղամարդկային արժանապատվության առաջին դասերը ստացել եմ Լյովա պապիցս
Արխիվ 16-20Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկ Ասատրյան ակումբի քարտուղար ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ պապը:
Լյովա պապս ծնվել է 1925 թվականին Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Կրապոտկին գյուղում: Հայրը ցանկացել է նրան անվանակոչել Լևոն, սակայն ծննդատան աշխատողը թաքուն կերպով ի պատիվ հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի անունը նշում է փաստաթղթերում որպես Վլադիմիր: Պապս ցեղասպանության վերապրածի ժառանգ է: Նրա 12-ամյա մայրը` Մաքրուհին, մոր քույրերի և եղբայրների հետ Էրզրումից կարողանում են փախչել Գյումրի, ապա Երևան: Պապս պատմում էր, որ իրենց տոհմը եղել է Էրզրումի մեծահարուստներից, իր պապը եղել է Էրզրումի ինչ-որ հռչակավոր դպրոցի տեսուչ, /ենթադրում եմ Սանասարյան վարժարանն էր/ ով սպանվել է թուրքերի կողմից, տատը կարողացել է ճանապարհին ոսկով կաշառելով թուրքերին մազապուրծ հասնել արևելյան Հայաստան:

- Ի՞նչ մարտական սխրանքներով է աչքի ընկել Լյովա պապը հայրենական մեծ պատերազմում:
Հիշում եմ ինչպես էի փոքր տարիքում անսահման հետաքրքրությամբ դիտում պապիս շքանշանները, ապա հպարտությամբ ամրացնում կրծքիս: Առաջին անգամ նրանից եմ լսել Նելսոն Ստեփանյանի, Մարշալ Բաղրամյանի և Նվեր Սաֆարյանի մասին: Անցած տարի https://pamyat-naroda.ru/ կայքում գտա պապիցս ինձ հասած մարտական կռիվների բոլոր մանրամասները: Պապս մեծ հայրենականի կռիվներին մասնակցել է 336-րդ տանկային դիվիզիայի կազմում` հանդիսանալով 9-րդ տանկային բրիգադի, 1-ին վաշտի, 2-րդ տանկի մոտոհրաձիգը: Վաշտը 1943թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որպես դեսանտ ծանր մարտեր է վարել Սմոլենսկ քաղաքի մատույցներում: 1943թ.-ի հոկտեմբերի 17-ին ֆաշիստական օկուպանտների դեմ մղվող մարտում պապս ավտոմատից արձակված կրակահերթով ոչնչացրել է հակառակորդի նշանառուին, այնուհետև գերի վերցրել հակառակորդի 4 կապավորի, որոնց էլ ռադիոտեխնիկայի հետ միասին հանձնել է շտաբ: Նույն թվականի հոկտեմբերի 22-ին հակառակորդը ձեռքի նռնակ է նետում տանկի մեջ, ողջ անձնակազմը ձոհվում է, շարքային Նազարյանը ստանալով ծանր վիրավորումներ, հրաշքով կենդանի է մնում: Մղված անձնազոհ մարտի համար, առաջին անգամ պապս պարգևատրվում է արիության և հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով: Հիշում եմ ինչպես էր այս պատմությունները պատմելուց ձեռքս դնում աջ կոնքի վրա, որպեսզի կարողանամ շոշափել մարմնի մեջ մնացած բեկորային մնացորդները:
- Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Ձեր դաստիարակության վրա:
Պապս անսահմանորեն շատ էր սիրում ինձ, նրա պարծանքն ու հպարտությունն եմ եղել: Առավոտյան արթնանում էր թեյ և նախաճաշ պատրաստում ինձ համար, ձեռքիցս բռնած ուղեկցում դպրոց: Ցերեկները միասին նստում էինք Երևանի տրամվայը, ինձ նստեցնում էր ոտքին, ծանոթացնում քաղաքի հետ ու կյանքի դասեր տալիս: Հայրենասիրության, քաջության ու տղամարդկային արժանապատվության առաջին դասերը ստացել եմ Լյովա պապիցս: 1994թ.-ն էր, 6 տարեկան չկայի, հայտնի մութ ու ցուրտ տարիներն էին, պատերազմական թոհ ու բոհ, առաջին անգամ լսեցի թուրքերի մասին և հարցրեցի նրան, թե ովքեր են թուրքերը, տրված պատասխանը կանխորոշեց իմ դիրքորոշումը ազգային հարցերում, հիշում եմ ինչպես ձեռնափայտը բարձրացնելով ռուսերեն լեզվով հայհոյանքներ տեղաց:

- Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար մայիսի 9-ը:
Մեր ընտանիքում մայիսի 9-ը կրկնակի տոն է, քանի որ նաև մորս ծննդյան տոնն է այդ օրը: Բնականաբար առաջին հերթին այն ինձ համար կյանքի, արժանապատիվ ապրելու, հաղթանակի և հավատարմության խորհրդանշական օր է: Ես ոչ միայն առաջին ձեռքից եմ լսել հայրենական մեծ պատերազմի պատմությունները, այլ նաև պապիս աչքերի մեջ տեսել եմ այդ ցավը, ուրախությունը, հպարտությունը, դա փոխել չի լինի, դա ջնջել չի լինի, դրան դավաճանել չի լինի:
- Ինչ ուղերձ կհղեիք մեծ հաղթանակի 90-ամյակի առթիվ:
Պապս հատուկ ուշադրություն էր դարձնում իր շքանանշաններից մեկին, որը անընդհատ ակնառու տեղում էր պահում, մի կերպ ռուսերենով կարդում էի վրայի գրառումը, չէի հասկանում, հարցնում էի ինչ է նշանակում, ասում էր ոչինչ, կմեծանաս կհասկանաս և ես անհոգ շարունակում էի վազվզել: Մեդալի վրա Ստալինի դիմապատկերն էր ''НАШЕ ДЕЛО ПРАВОЕ МЫ ПОБЕДИЛИ'' գրառումով: Ուզում եմ ասել, որ այսօր էլ մեծ հաղթանակի ժառանգներս արթուն ենք և պատրաստ դիմագրավել բոլոր տեսակի ազգադավ թշնամուն, քանի որ. «ՄԵՐ ԳՈՐԾԸ ԱՐԴԱՐ Է, ՄԵՆՔ ԿՀԱՂԹՆԵՔ»:

