ՎԻՐՈՒՍԸ «ՀՈԳՆԵԼ Է», ԱՅՆ ՄԻ ՕՐԳԱՆԻԶՄԻՑ ՄՅՈՒՍԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՇՎՈՒՄ Է»
Արխիվ 16-20Հայաստանում համավարակը ակտիվացող տեմպերով տարածվում է, վարակակիրների թիվը արդեն մոտենում է երեք հազարին: Չնայած դրան, սահմանափակումները վերացնում են: Թեեւ, անկեղծ ասած, դրանց իմաստն այդպես էլ պարզ չդարձավ. ի վերջո, հենց այդ սահմանափակումների առկայության պարագայում էր, որ նման վարակվածության ծավալներ ունեցանք՝ հարեւաններից էականորեն բարձր: Եվ եթե այս իրավիճակում հանում են նաեւ սահմանափակումները, որքանո՞վ է դա ողջամիտ, շատ ավելի վատ վիճակ չե՞նք ունենա: Այս ամենի շուրջ զրուցել ենք առողջապահության նախկին նախարար ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ, ով ներկայացրեց հետեւյալ իրավիճակը.
- Սահմանափակումները եղել են համակշռված. համակշռվել են բնակչության առողջությունն ու տնտեսական աստիճանական աշխատանքը: Որքան շատ մնանք տանը, միեւնույնն է, դուրս գալուց հետո կարող ենք վարակվել վիրուսով: Սահմանափակումներն ուղղված են այն բանին, որպեսզի առողջապահական համակարգը ծանր հարվածներ չստանա, մեծ թվով հիվանդներ չլինեն: Այն սահմանափակումները, որոնք գործել են մինչ օրս, իրենց արդարացրել են: Իսկ հիվանդացության դեպքերն այն արձանագրված դեպքերն են, որոնք մենք թեստավորված հայտնաբերել ենք: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա ամբողջ աշխարհում կա ոչ ճշգրիտ վիճակագրություն: Իրականում վիրուսով վարակվածության իրական ծավալներն ավելի մեծ են: Իսկ հայտնաբերվածներն ուղղակի ամեն երկրի հնարավորություններին եւ ցուցումներին համապատասխան վարակվածներն են: Բայց կարելի է ասել, որ վարակվածության աստիճանը շատ բարձր է:
– Պարոն Մկրտչյան, տարածված կարծիք կա, որ վիրուսը մի օրգանիզմից մյուսին փոխանցվելու ընթացքում ավելի նվազ վտանգավոր է դառնում: Այդպե՞ս է:
– Այո, միանշանակ: Մենք ժամանակի մեջ տեսնում ենք հենց մեր հանրապետության օրինակի վրա այդ ամենը: Տեսեք, ոչ մի երկրում վիրուսի տարածման գործընթացը չի ավարտվել, բայց վարակակիրների թվերը աստիճանաբար, փոքր-փոքր քայլերով, բայց նվազում են (սակայն հայաստանյան վերջին ցուցանիշները հակառակն են ցույց տալիս- Հեղ.): Սա խոսում է այն մասին, որ վիրուսը «հոգնել է»: Կորոնավիրուսը մի օրգանիզմից մյուսին անցնելու ընթացքում «մաշվում է», դա փաստ է:
– Բայց չէ՞ որ բացօթյա սրճարանների բացման եւ այլ տնտեսվարողների աշխատանքի ընթացքում վիրուսի տարածման վտանգը կարող է էականորեն մեծանալ:
– Այո, համամիտ եմ: Ես կարծում եմ, որ հանրային սննդի ոլորտը հնարավորինս պետք էր ուշ վերագործարկել: Մենք մարդկանց ասում ենք, որ նստեն տանը, բայց եթե սրճարանները սկսեն ամբողջ թափով գործել, ապա Առողջապահության նախարարությունը պետք է նորմատիվներ մշակի: Որովհետեւ միեւնույնն է, հանրային սննդի ոլորտում շատ դժվար է հակահամաճարակային միջոցառումներ իրագործելը: Ամբողջովին կիսում եմ Ձեր մտահոգությունը, որ հանրային սննդի ոլորտը պետք է վերագործարկվեր ամենավերջում: Տեսնել, օրինակ, վարսավիրանոցների գործարկման արդյունքում ի՞նչ պատկեր ենք ունենում, հետո նոր մտածել բացօթյա սրճարանների բացման մասին:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

