Փաշինյանը՝ Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատվելու մասին
Արխիվ 16-20«Ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում աշխատանքի համար։ Համոզված եմ, որ նա արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի աշխատանքից ազատմանը։
Նա շեշտեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում Գրիգորյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ էական ձեռքբերումներ են եղել։
«Ես բազմիցս ասել եմ, եթե դուք ինձ հարցնեք՝ ես իմ աշխատանքից գո՞հ եմ, թե՞ ոչ, կասեմ՝ ոչ, իմ աշխատանքից գոհ չեմ։ Սա չի նշանակում, որ ես համարում եմ՝ ես պարապ եմ, ոչ մի բան չեմ անում, միջոցներ չեմ ձեռնարկում՝ խնդիրները լուծելու համար, բայց ես ուզում եմ, որ ես, բոլորս անենք ավելին, նույնիսկ ավելին, քան հնարավոր է, նույնիսկ ավելին, քան անհնար է։ Ես հավատում եմ, որ կարող ենք անել անհնարը, որովհետև 2018 թվականին մենք արել ենք անհնարը, կներեք, 2019թ-ին էլ ենք արել անհնարը, բայց 2020թ-ին պետք է ավելի անհնարն անենք»։

