Թրամփը Պուտինին «միջուկային հնգյակի» գագաթաժողով անցկացնելու մասին հաղորդագրություն է փոխանցել. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան
Արխիվ 16-20Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաղորդագրություն է փոխանցել:
«Վերջերս մենք նախագահ Պուտինին փոխանցել ենք նախագահ Թրամփի հաղորդագրությունը, որում վերջինս համաձայնվում է, որ «միջուկային հնգյակի» գագաթաժողովը լավ գաղափար է: Որքանով ես հասկանում եմ, այժմ քննարկվում է այդ հանդիպման կազմակերպչական մասն ու բովանդակությունը: Եթե խոսենք ընդհանրական, ապա մենք տեսել ենք, թե ինչ կարևորություն ունի «միջուկային հնգյակի» համատեղ աշխատանքը միջազգային անվտանգության ոլորտում խոշորագույն խնդիրների լուծման համար: «Միջուկային հնգյակի» երկրներին հաջողվել է հատման կետեր գտնել շատ սկզբունքային հարցերում. չտարածման ռեժիմին աջակցելուց մինչև տարածաշրջանային և ներքին հակամարտությունների լուծում և միջազգային ահաբեկչության չարիքին հակազդում»,- ասել է դեսպանը:
Ըստ նրա՝ որպես «միջուկային հնգյակի» անդամ երկիր՝ Ռուսաստանի վրա շատ մեծ պատասխանատվություն կա, «չնայած, ինչպես մենք տեսել ենք Սիրիայում, Ռուսաստանը շատ հաճախ էր անկայունություն հրահրում` աջակցություն հայտնելով Ասադի դաժան ռեժիմին, ինչն ավելի էր խորացնում սարսափելի հումանիտար իրավիճակը և փախստականների վիճակը Սիրիայում և դրա սահմաններից դուրս»:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք, լինելով «միջուկային հնգյակի» անդամներ և խոշոր միջուկային տերություններ, չպետք է շարունակենք աշխատել Ռուսաստանի հետ: Բացի այդ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Չինաստանն ընդլայնում են իրենց ռազմավարական հնարավորությունները, մենք պետք է միասին աշխատենք սպառազինությունների նկատմամբ արդյունավետ, ժամանակակից և բազմակողմանի վերահսկողություն սահմանելու և ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,-հայտարարել է Սալիվանը:
Դեսպանը նշել է, որ հենց այսպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսնում իրավիճակը, և սա նրա համար ազգային անվտանգության ոլորտի առաջնահերթություններից մեկն է:

