Էրիկ Գրիգորյանը ոչ թե նավն է լքում, այլ կանգառում նրան իջեցնում են
Արխիվ 16-20Մամուլում երեկ ակտիվ քննարկվում էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ վերջինս այդ լուրերին զուգընթաց խոհափիլիսոփայական մտքեր էր արտահայտում Ֆեյսբուքում՝ նշելով. «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից եւ նախասիրություններից»: Այնուհետեւ պաշտոնապես հաստատվեց Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունը: Թե ինչ է կատարվում նախարարությունում, եւ ինչու հանկարծ սուսիկ-փուսիկ Էրիկից որոշեց ազատվել իշխանությունը, «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Է. Գրիգորյանը ոչ թե լքում է իշխանական նավը, այլ համապատասխան կանգառում, պարզապես, նրան իջեցնում են: Պարզվում է՝ իշխանության վերին օղակների սեղանին բավականին հաստափոր «դանոսներ» է դրվել Է. Գրիգորյանի գործունեության մասին, ընդ որում՝ նախարարի բավական մերձավոր շրջապատից, որոնք համախմբվել են նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած մի քանի նախկին աշխատակիցների ու ակտիվիստների հետ: Է. Գրիգորյանի թեթեւ ձեռքով ոլորտի մի շարք մասնագետներ հեռացվեցին նախարարությունից, իսկ անգործ մնացածներին էլ ոչինչ չէր մնում, քան հերթով, շարքով, կարգով հիշեցնել, թե ով է եղել Է. Գրիգորյանը «հեղափոխությունից» առաջ եւ հետո: Սակայն, այս ամենում զարմանալի ոչինչ չկա, քանի որ ընկերների դավաճանելը, իրար դեմ գործ տալն ու ծախելը բավականին ընդունված պրակտիկա է օրվա իշխանության կողմից: Նախարարությունում շրջանառվող խոսակցությունների համաձայն, վերոնշյալը, իհարկե, պարզապես առիթ էր Է. Գրիգորյանից ազատվելու համար, քանի որ իրականում նա բոլորովին չի արդարացրել վարչապետի բնապահպանական կամ, ինչպես ինքը կասեր, «հեղափոխական» տեսլականը: Բավական է նշել զավեշտի վերածված 10 մլն ծառատունկի այդպես էլ չնշմարվող ծրագիրը, ապօրինի ձնկորսության դեպքերի չնահանջելը, հանքարդյունաբերության մութ պատմությունների շարունակությունը եւ այլն: Հիմա էլ հարց կառաջանա, թե մյուսները իբր արդարացրե՞լ էին սպասումները, որ Է. Գրիգորյանն էլ չէր արդարացրել: Բայց, արի ու տես, որ սա էլ իր բացատրությունն ունի, մեր աղբյուրների պնդմամբ՝ այն, ինչ ներվում է մյուսներին Նիկոլի հետ ախպեր-ընկեր լինելու համար, Է. Գրիգորյանին չի ներվում, որովհետեւ վերջինս այդուհանդերձ, չի դիտարկվում յուրային: Ավելին՝ նեղ շրջանակով ուտուշ-խմուշներին նրան նույնիսկ չեն էլ հրավիրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

