Ընտրողների մի զգալի մասն այսօր էլ պատրաստ է կրկին ընտրել Ռոբերտ Քոչարյանին. սոցիոլոգ
Արխիվ 16-20Իշխանության վարկանիշի անկման մասին բարձրաձայնում է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ թե արդյոք վարկանիշի փոփոխություն այս երկու տարվա ընթացքում ունեցել է կալանքի մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:
– Քաղաքական գործչի վարկանիշը բավականին նուրբ հարց է, որովհետեւ այն երկու բաղադրիչ ունի՝ պաշտոնի եւ անձնական հատկանիշների: Ի պաշտոնե վարկանիշը կարող է 10 անգամ բարձր լինել անձնականից: Եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ունեցել է 10 տոկոս վարկանիշ, 50-ն ավելանում է, երբ նա պաշտոն է ստանձնում, նույնը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ: Այնպես որ, եթե այսօր Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը անգամ 10 տոկոս լինի, ապա երբ նա հավակնի դառնալ երկրի ղեկավար եւս մի 50 տոկոսով կավելանա նրա վարկանիշը: Դրա համար հիմա խոսել վարկանիշի մասին, իմաստ չունի, քանի որ նախընտրական առաջադրումներ չկան: Ընդամենը կարող ենք ասել, որ ընտրողների մի զգալի զանգված բավականին բարեկեցիկ իրավիճակ են ունեցել նրա օրոք եւ այսօր էլ պատրաստ են կրկին ընտրել նրան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

